Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-794-03.12.2020-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է վավերացնել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Համրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրի վավերացման արդյունքում սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում Կանաչ կլիմայական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կարգավիճակը եւ Հիմնադրամի հետ կապակցված անձանց կարգավիճակը: Այն պետք է կիրառվի ցանկացած գործունեության նկատմամբ, որը Հիմնադրամը կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-1560 որոշմամբ արձանագրվել է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
18.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-794-03.12.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Նախագծի 1-ին հոդվածում «թ.» բառը եւ կետադրական նշանը առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ: Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագիծը համապատախանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 18.12.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր: Ի լրումն վերը նշված եզրակացության՝ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմերի առկայության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության (e) կետի համաձայն՝ ««Տուրք» նշանակում է պաշտոնական նպատակներով գնվող ապրանքների եւ ծառայությունների վրա կիրառվող ցանկացած ակցիզային հարկը կամ այլ գանձումները»: Համաձայնագրի նույն հոդվածի 1-ին պարբերության (i) կետի համաձայն՝ ««Հարկ» նշանակում է ցանկացած ուղղակի կամ անուղղակի հարկերը, ներառյալ` ցանկացած ավելացված արժեքի հարկը եւ/կամ այլ նպանատիպ հարկերը»: Վերոգրյալի առնչությամբ հարկ է մեջբերել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ հարկ է դիտարկվում պետական եւ (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր եւ անհատույց գումարը, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում: Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սպառիչ կերպով թվարկված են պետական եւ տեղական հարկերի տեսակները: «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք է դիտարկվում տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթը: Հարկ ենք համարում ուշադրությունը հրավիրել Համաձայնագրում ամրագրված «հարկի» եւ «տուրքի» հասկացությունների ձեւակերպումների վրա, քանի որ վերը ներկայացվածի համատեքստում նկատելի է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ հասկացությունների ձեւակերպումների եւ Համաձայնագրի քննարկվող դրույթների միջեւ առկա է անհամապատասխանություն: Միաժամանակ կարծում ենք, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության (e) կետում ամրագրված «տուրքի» հասկացության ձեւակերպումը գործնականում կիրառելիս կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 2. Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնադրամի գույքն ու ակտիվները անկախ գտնվելու վայրից եւ տնօրինողից, անձեռնմխելի են գործադիր կամ օրենսդիր գործունեությամբ սահմանված հետախուզման, արգելանքի, առգրավման, բռնագրավման, կամ որեւէ այլ տեսակի պահանջագրի եւ իրավազրկման գործողություններից»: Մեջբերված դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, օրինակ` 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, որի համաձայն՝ «Քննիչը, մասնավորապես, լիազորված է` հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ եւ այլ քննչական գործողություններ (…)»: 3. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված է հետեւյալը. «Սույն հոդվածի 1-ին կետում չընդգրկված դիտորդները եւ անհատները, որոնք Հիմնադրամի կողմից հրավիրվել են մասնակցելու գիտաժողովներին եւ հանդիպումներին, հանդես գալով որպես Հիմնադրամի կողմից հրավիրյալներ, իրենց բանավոր կամ գրավոր խոսքի, ինչպես նաեւ կատարված բոլոր գործողությունների առումով օգտվում են ցանկացած տեսակի իրավական գործընթացի անձեռնմխելիությունից»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ դիտորդները եւ անհատները կարող են լինել ինչպես օտարերկրյա քաղաքացիներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Նշվածով պայմանավորված նշենք, որ օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16-րդ հոդվածի տրամաբանության համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով: Մինչդեռ Հիմնադրամի կողմից հրավիրյալների շարքում կարող են լինել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ում համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նման անձեռնմխելիությունից օգտվելու հնարավորություն նախատեսված չէ: Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 18.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-794-03.12.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Կանաչ կլիմայական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) եւ վերջինիս հետ կապակցված անձանց կարգավիճակը: Այն պետք է կիրառվի ցանկացած գործունեության նկատմամբ, որը Հիմնադրամը կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Համաձայնագրի ներքո կնքված ցանկացած նման ծրագրային փաստաթուղթ չի կարող Կառավարության եւ Հիմնադրամի համար առաջացնել միջազգային իրավունքի ներքո այլ պարտավորություններ եւ չի կարող հակասել Համաձայնագրի ժամկետներին եւ պայմաններին: Հիմնադրամն ունի լիարժեք իրավաբանական անձի կարգավիճակ եւ, մասնավորապես, իրավասու է կնքել պայմանագիր, ձեռք բերել եւ տնօրինել շարժական եւ անշարժ գույք, հանդես գալ դատարանում: Հիմնադրամի հիմնական գործառույթն է` աջակցել եւ տրամադրել ֆինանսական միջոցներ, ինչպես առավել նվազ զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ գործողություններում (ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) համար: 2020 թվականից սկսած նախատեսվում է Հիմնադրամի միջոցներից տարեկան 100 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային աջակցություն զարգացող երկրներին: 2018 թվականին Հիմնադրամի կողմից հաստատվել են նաեւ Ազգային հարմարվողականության ծրագիր պատրաստվածության աջակցության ծրագիրը 2.999.593 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով եւ Պատրաստվածության դրամաշնորհային ծրագիրը` 300.000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով: 2020 թվականի հունվարին հաստատվել է նաեւ Ռազմավարական շրջանակային օժանդակություն Հայաստանին պատրաստվածության աջակցության ծրագիրը: Հայաստանի Հանրապետությունը, որպես զարգացող երկիր առաջիններից է, որը դիմել եւ ստացել է ֆինանսավորման հաստատում Հիմնադրամի կողմից եւ Համաձայնագրի վավերացումը անհրաժեշտ է ծրագրերի արդյունավետ ընթացքն ապահովելու համար, քանի որ Հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը` ըստ առկա կանոնակարգերի, ենթակա են մոնիթորինգի եւ այդ առումով կարիք կլինի Հիմնադրամի աշխատակիցների այցերի կազմակերպում Հայաստան որպես ֆինանսական աջակցության ընդունող երկիր: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծի ընդունումը կապահովվի պայմաններ Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության` որպես գործընկեր երկրի, համագործակցության դյուրացման եւ վստահության երաշխիքների ապահովման համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343) 18.12.2020թ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-794-03.12.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Կանաչ կլիմայական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) եւ վերջինիս հետ կապակցված անձանց կարգավիճակը: Այն պետք է կիրառվի ցանկացած գործունեության նկատմամբ, որը Հիմնադրամը կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Համաձայնագրի ներքո կնքված ցանկացած նման ծրագրային փաստաթուղթ չի կարող Կառավարության եւ Հիմնադրամի համար առաջացնել միջազգային իրավունքի ներքո այլ պարտավորություններ եւ չի կարող հակասել Համաձայնագրի ժամկետներին եւ պայմաններին: Հիմնադրամն ունի լիարժեք իրավաբանական անձի կարգավիճակ եւ, մասնավորապես, իրավասու է կնքել պայմանագիր, ձեռք բերել եւ տնօրինել շարժական եւ անշարժ գույք, հանդես գալ դատարանում: Հիմնադրամի հիմնական գործառույթն է` աջակցել եւ տրամադրել ֆինանսական միջոցներ, ինչպես առավել նվազ զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ գործողություններում (ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) համար: Համաձայնագրի վավերացումը անհրաժեշտ է ծրագրերի արդյունավետ ընթացքն ապահովելու համար, քանի որ Հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը` ըստ առկա կանոնակարգերի, ենթակա են մոնիթորինգի եւ այդ առումով կարիք կլինի Հիմնադրամի աշխատակիցների այցերի կազմակերպում Հայաստանի Հանրապետություն` որպես ֆինանսական աջակցության ընդունող երկիր: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծի ընդունումը կապահովվի պայմաններ Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության` որպես գործընկեր երկրի, համագործակցության դյուրացման եւ վստահության երաշխիքների ապահովման համար: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 10.12.2020թ.
|