ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-796 - 04.12 .2020- ՏՀ- 011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7961 - 04.12 .2020- ՏՀ- 011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում` կադաստրային արժեքի վճարման պայմանով սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի համար վճարվում են Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքներ: Կառավարության նշված որոշմամբ հողերի մեկ քառակուսի մետրի բազային արժեքն էականորեն տարբերվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի եւ հողամասերի բարելավումների համար շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման համար հողամասերի մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքից:

Արդյունքում, կարծում ենք, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում միայն կադաստրային արժեքի պահպանում նախատեսելը չի բխում անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգի ներդրման նպատակից:

Բացի այդ նշենք, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները, ուստի հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում կադաստրային գնահատման այլ կարգի նախատեսումը Կառավարության որոշմամբ, երբ այդ կարգը եւս կարող էր օրենքով հստակ սահմանվել:

2. Առաջարկում ենք ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝«Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…):»:

3. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին՝ նշելով օրենսգրքի հերթական համարը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361)

2 8 .12.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361)

28.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ ` Կ -796-04.12.2020-ՏՀ-011/0) եւ « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ ` Կ -7961 -04.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ( այսուհետ ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթում ընդգրկված « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 64- րդ հոդվածի 9- րդ , 10- րդ եւ 12- րդ կետերը կունենան հետեւյալ տեսքը.

«9. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի Կառավարության սահմանած կարգով հաշվարկվող կադաստրային արժեքը:

10. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար (այդ թվում` բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի Կառավարության սահմանած կարգով հաշվարկվող կադաստրային արժեքը:

12. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք անհատույց ձեռք բերած անձինք իրենց ցանկությամբ կարող են միանվագ վճարել հողամասի Կառավարության սահմանած կարգով հաշվարկվող կադաստրային արժեքն ամբողջությամբ` վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:»:

Ներկայումս ՀՀ հողային օրենսգրքի նշված հոդվածով նախատեսված դեպքերում վճարման հիմք է հանդիսանում տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Համաձայն Փաթեթին կից ներկայացված հիմնավորման, ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում` սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար վճարվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքը : « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար: Այսինքն, Փաթեթի ընդունման դեպքում ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված գործարքների դեպքում հիմք կհանդիսանա Կառավարության սահմանած կարգով հաշվարկվող կադաստրային արժեքը:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը: Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանված է « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով, ինչպես նաեւ ՀՀ հարկային օրենսգրքով Կառավարությանը վերապահված չէ կադաստրային արժեքի հաշվարկման կարգ սահմանելու իրավասություն: Ավելին, կարծում ենք, որ չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ երկու՝ միմյանցից տարբերվող կադաստրային արժեքներ: Այս առումով, կարծում ենք, որ Փաթեթում ընդգրկված « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը լրամշակման կարիք ունի:

2. Համաձայն « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների վրա: »: Այսինքն, տվյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները կարող են կիրառվել միայն անշարժ գույքի հարկման նպատակով: Հետեւաբար, եթե առաջնորդվում ենք այս դրույթի պահանջով, ապա ակնհայտ է դառնում, որ Փաթեթում ընդգրկված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի 3-րդ հոդվածի կարիքը չկա: Սակայն այդ դեպքում էլ ծագում է անհրաժեշտություն անշարժ գույքի կադաստրային մեկ այլ գնահատման համար, որը կօգտագործվի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերով, ինչպես նաեւ այլ օրենքներով սահմանված դեպքերում: Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հետ հակասություն ունի նաեւ տվյալ օրենքի 6-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման հետ կապված իրավակարգավորումները: Այսինքն, « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը եւ, հետեւաբար, նաեւ դրա հիման վրա հաշվարկված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կարող են օգտագործվել միայն անշարժ գույքի հարկով հարկման նպատակով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կարգավորման ժամանակ:

3. « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք են պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար: Ընդ որում, նույն հոդվածով նախատեսվում է, որ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, բացառությամբ վերամշակող օբյեկտների, կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողերի օտարման (ուղղակի կամ աճուրդով վաճառելու) գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող 0,6 գործակից: Հետեւաբար, եթե Նախագծի նպատակը 2021 թվականի հունվարի 1-ից հետո եւս ցածր կադաստրային արժեքների հիման վրա սահմանված վճարումներ կատարելու հնարավորություն տալն է, ապա ինչու՞ այդ մոտեցումը եւս չի կիրառվում մյուս, այդ թվում` նաեւ « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերի համար:

4. ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանվում են շահութահարկի հաշվարկման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները: Մասնավորապես, համաձայն տվյալ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի.

«1. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով,

2. շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով,

3. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են, եւ ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:

Հետեւաբար, եթե Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծմանը, ապա հարց է ծագում` ինչու՞ Փաթեթով ամրագրվող բացառությունը չի տարածվում նաեւ ՀՀ հարկային օրենսգրքով եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերի վրա:

Եզրահանգում

Փաթեթի ընդունման արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից հետո կպահպանվեն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերը: Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում եւս համանման մոտեցման կիրառման անհրաժեշտությունը, իսկ Փաթեթն էլ, նշված դիտողություններ իառումով, լրամշակման կարիք է զգում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

07. 1 2.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-796-04.12.2020-ՏՀ-011/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7961 -04.12.2020-ՏՀ-011/0 ) վերաբերյալ

Կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասերի կադաստրային գները պահպանել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված չափերով, «հողի հարկը» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկը» բառերով :

Եզրահանգում

Կարծում ենք Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կարող է լուծվել դրանով հետապնդվող խնդիրը , այն է՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո կպահպանվեն Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերը:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ.
՝ 011-513-360)

08.12.2020թ.