ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Իվետա Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-800-09.12.2020-ՊԻ-011/0): «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասում եւ 302-րդ հոդվածում կատարվում են փոփոխություններ` պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսելով առավել խիստ պատիժներ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում նախատեսել առավել խիստ եւ համաչափ պատիժներ:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:   
  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

09.01.2021թ.
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-800-09.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Իվետա Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ` Սահմանադրություն)`  մեղքի սկզբունքին եւ պատժի համաչափության սկզբունքին վերաբերող  71-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է, օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք)՝ արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքին վերաբերող 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 299-րդ հովածի 1-ին մասում կատարվող փոփոխության արդյունքում պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար, որը կատարվել է ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, նախատեսվում է պատիժ` ազատազրկում՝ քսան տարի ժամկետով, տասից տասնհինգ տարվա փոխարեն, կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի շրջանակներում որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակը կոնկրետ հանցագործությունների համար նախատեսվում է ստորին եւ վերին սահմանների նախատեսման ձեւով, ինչը հետապնդում է պատժի համաչափության սահմանադրական սկզբունքի ապահովման նպատակ: Հիմք ընդունելով վերոգրյալը` պետական դավաճանություն հանցագործության համար առաջարկում ենք սահմանել որոշակի ժամկետով ազատազրկման պատժատեսակի վերին եւ ստորին սահմաններ:

 Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 299-րդ հովածի 1-ին մասում կատարվող փոփոխության արդյունքում լրացուցիչ պատիժ հանդիսացող գույքի բռնագրավումը նախատեսվում է  հիմնական պատիժ հանդիսացող ցմահ ազատազրկման հետ միացված, մինչդեռ գործող կարգավորմամբ այն միացված է որոշակի ժամկետով ազատազրկմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով կատավող փոփոխության արդյունքում նախատեսվող կարգավորումը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 302-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելու, հափշտակելու կամ պահելու, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելու կամ դրանք հավաքելու համար նախատեսվում է պատիժ` որոշակի ժամկետով ազատազրկում` տասնհինգից քսան տարի ժամկետով` ութից տասնհինգ տարվա փոխարեն:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունները հիմնավորվում են հետեւյալով.

«Պետական դավաճանությունը առանձնապես ծանր հանցագործություն է, որ վնասում է պետության սուվերենությանը, ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը: Հաշվի առնելով պետական դավաճանության եւ լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար մասնավորապես ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել ներկայիս կարգավորումները եւ սահմանել խստագույն պատիժ:
 
 

(…) ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

(…)

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնոթյունը բարձրացնելու համար:»: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ 28-րդ գլխում ներառված հանցագործությունների համար օրենսդիրը պատիժներ նախատեսելիս առաջնորդվել է` պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համակարգում համեմատված համաչափությամբ պատիժներ նախատեսելու սկզբունքով: 

Նշվածի համատեքստում հարկ է նկատել` Օրենսգրքի 303-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն դիվերսիայի համար.

«Պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:», իսկ օրինակ` Օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն վնասարարության համար.

«Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առեւտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաեւ կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքին խոչընդոտելու միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Այսպիսով` Օրենսգրքի 299-րդ եւ 302-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նախատեսվող պատժի խստացման հիմնավորում դիտարկվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող հանցագործությունների դեպքում առավել խիստ եւ համաչափ պատիժներ նախատեսելով` նախադրյալների ստեղծումը նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնոթյունը բարձրացնելու համար: Սակայն, Նախագծով կատարվող փոփոխությունների դեպքում չեն քննարկվում Օրենսգրքի համապատասխան գլխում ներառված եւ հասարակական հարաբերությունների նույն շրջանակի դեմ ուղղված մյուս հանցագործությունները, որոնք եւս Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող հանցագործություններ են, եւ դրանց դեպքում նախատեսված են գլխում ներառված հանցագործությունների, այդ թվում` պետական դավաճանության եւ լրտեսության, համեմատված վտանգավորության աստիճանը հաշվի առնող պատիժներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ եւ 302-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունների արդյունքում սահմանվող պատիժների համաչափության հարցը դիտարկել Օրենսգրքի 28-րդ գլխում ներառված հանցագործությունների համատեքստում:

3. Նախագծի վերնագրից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածները` նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը, եզրափակիչ մաս, նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ անցումային դրույթներ օրենքով նախատեսված որոշակի դեպքերում, ինչպես նաեւ կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել  Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 71-րդ հոդվածի պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող`  Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

09.01.2021թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող`  Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

09.01.2021թ. 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-800-09.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Իվետա Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է պետական դավաճանության կամ լրտեսության իրականացման դեպքում, որպես կանխարգելող գործոն, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանել առավել խիստ պատժի չափեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝  Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217)

21.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-800-09.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Իվետա Տոնոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական դավաճանությունը առանձնապես ծանր հանցագործություն է, որը վնասում է պետության անկախությանը, տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը եւ, հաշվի առնելով պետական դավաճանության ու լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար` մասնավորապես ռազմական դրության պայմաններում, Նախագծի հեղինակները առաջարկում են փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ եւ 302-րդ հոդվածներում` նախատեսելով առավել խիստ պատժամիջոցներ պետական դավաճանության եւ լրտեսության համար: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմանբ, կարծում ենք, անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգող եւ ծանրագույն վնաս հասցնող դեպքերը կանխելու համար: Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

17.12.2020թ.