ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-803-10.12.2020-ՏՀ-011/0): «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) նախատեսվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացնել «Ռադիոհաճախականություն՝», «Ռադիոհաճախականությունների սպեկտր՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթ՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված», «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր՝» հասկացությունները: Նախագծով իրավասու մարմնի պարտականությունների մեջ լրացվում է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարումը: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայումս իրավասու մարմնի կողմից կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարումն իրականացվում է Կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշմամբ, որի իրավական հիմքը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում բացակայում է: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշումը վերաբերում է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկին եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգին, իսկ կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարմանը վերաբերող կարգավորումները բացակայում են: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 
 
 

Ստորեւ ներկայացվում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

08.01.2021թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-803-10.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրնքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 13-17-րդ պարբերություններում «Ռադիոհաճախականություն՝», «Ռադիոհաճախականությունների սպեկտր՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթ՝», «Ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված», «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր՝» բառերը նշել մգեցված՝ ապահովելով լրացվող դրույթների ձեւի համապատասխանությունը Օրենքի 2-րդ հոդվածի ձեւին (տեսքին): Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ « Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում»:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, այլ ոչ հաստատման ներկայացման ժամկետը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներից:

Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով կամ «ՀՀ կառավարություն» բառերը փոխարնել «Կառավարություն» բառով:

Վերոգրյալի հիման վրա, առաջարկում ենք «ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում» դրույթը փոխարինել «Կառավարությունը պետք է ընդունի» դրույթով: 

5. Նախագծի 1-ի հոդվածով սահմանվում է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի հասկացությունը, այն է՝ «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր` ռադիոհաճախականությունների եւ ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որոնք նախատեսված են միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար»:  Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրը նախատեսված է միայն պետական (կառավարական) մարմինների համար, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար: Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային հաղորդակցության այն ցանցերի վրա, որոնք տիրապետվում, շահագործվում եւ օգտագործվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ տրամադրվել են բացառապես վերջինիս»: Մինչդեռ Նախագծով սահմանված կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի, որպես Կառավարության կողմից կամ Կառավարությանը տրամադրվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հետ կապված կարգավորումները, ինչպես նաեւ իրավասու մարմնի համար կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարման պարտականության սահմանումը Օրենքի կարգավորման առարկայից դուրս են, ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե Օրենքի կարգավորումները Կառավարության կողմից կամ Կառավարությանը տրամադրվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վրա ինչ ծավալով չեն տարածվում:

Նախագծի 2-րդ հոդվածով, որպես իրավասու մարմնի (Կառավարության կողմից լիազորված համապատասխան մարմնի) կողմից ժամանակ առ ժամանակ սեփական նախաձեռնությամբ կամ Կարգավորողի կամ ցանկացած անձի պահանջով օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածներ առանձնացնելու պարտականության կատարման երաշխիք, լրացվում է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարումը: Կարծում ենք, որ կառավարման պարտականությունը բավարար չափով որոշակի չէ, եւ հասկանալի չեն կառավարման մեխանիզմները, թե ինչ է նշված սպեկտրի կառավարումն իրենից ներկայացնելու (ղեկավարում, թե? վերահսկում եւ այլն): 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացություններին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

08.01.2021թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

08.01.2021թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-803-10.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտորի արագ եւ արդյունավետ կառավարման, պետական (կառավարական) մարմինների, այդ թվում՝ կառավարական կապի, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության կարիքները բավարարելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝ ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտորի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության սպեկտորի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու համար:   
  
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

23.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-803-10.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ եւ արդյունավետ կառավարում` պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար:

Ներկայումս վերոհիշյալ նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը եւ կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման համաձայն: Մինչդեռ առկա չէ դրա ընդունման իրավական հիմքը (լիազորող նորմը)` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում համապատասխան հիմնավորող դրույթի բացակայության պատճառով:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ կապահովվի կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի արագ եւ արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի եւ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

25.12.2020թ.