ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-804-11.12.2020-ՏԵ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանությունն ապահովելու նպատակով:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1563 որոշմամբ արձանագրվել է, որ Պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհարժեշտության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

30.12.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-804-11.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «ք. Մոսկվայում» ձեւակերպումը փոխարինել «Մոսկվա քաղաքում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

29.12.2020թ.
 
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Արդադադատության նախարարության՝ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրում Հայսատանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Պայմանագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Պայմանագրի 3-րդ հոդվածով նախատեսվում է Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը, 4-ից 19-րդ հոդվածներով սահմանված են Միության ապրանքային նշանների հայտերին ներկայացվող պահանջները, դրանում փոփոխություններ կատարելու, Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության կարգը, Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանը, Միության ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցումը եւ այլն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Միության ապրանքային նշանի հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան դրույթները պետք է ամրագրվեն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում»: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ կարծում ենք Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1. «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անդամ պետությունները սահմանում են սույն պայմանագրին համապատասխան Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից եւ իրավաբանական նշանակություն ունեցող այդ գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: 

2. Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից»:

Կարծում ենք, Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

29.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-804-11.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որով նախատեսվում է կարգավորել ԵՏՄ (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների (սպասարկման նշանների) եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Պայմանագիրը չի նախատեսում նշված օբյեկտների գրանցումների իրավասությամբ օժտված առանձին կառույցի՝ միջազգային կազմակերպության հիմնադրում: Այդ լիազորություններն ըստ էության վերապահված են ԵՏՄ անդամ պետությունների արտոնագրային գերատեսչություններին: Ընդ որում, ապրանքային նշաների հայտերը կարող են ներկայացվել ԵՏՄ ցանկացած անդամ պետության արտոնագրային գերատեսչություն (ներկայացման գերատեսչություն), որի համապատասխան ծանուցումից եւ հայտի հրապարակումից հետո բոլոր գերատեսչություններն անցկացնում են ապրանքային նշանի փորձաքննություն: Գերատեսչությունների համապատասխան որոշումների հիման վրա ներկայացման գերատեսչությունն ընդունում է տվյալ ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում:

Պայմանագիրը ենթադրում է, որ ԵՏՄ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու եւ ԵՏՄ ապրանքային նշանի գրանցման համար սահմանված տուրքերը վճարվում են ներկայացման գերատեսչությանը, իսկ ապրանքային նշանի փորձաքննության համար տուրքերը վճարվում են յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչությանը  (տուրքերի չափերը սահմանվում են յուրաքանչյուր անդամ պետության ազգային օրենսդրությամբ):

Պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող, ինչպես նաեւ գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

22.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-804-11.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

Պայմանագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների գրանցման իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:

Պայմանագիրը չի կիրառվում հավաստագրային եւ երաշխիքային նշանների, ինչպես նաեւ այն նիշերի նկատմամբ, որոնք չեն կարող ներկայացվել գրաֆիկական տեսքով:

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանվան գրանցումը յուրաքանչյուր անդամ պետությունում ունի ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան ազգային գրանցման ուժ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

23.12.2020թ