Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-807-15.12.2020-ՏԵ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է վավերացնել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պայմանների ապահովմանը՝ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով եւ սահմանում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական անվանացանկի 2402 20 ենթադիրքում դասակարգվող սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) կարգը (այդ թվում՝ հիմնական սկզբունքները եւ միջոցները): Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1569 որոշմամբ արձանագրվել է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
08.01.2021թ.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-807-15.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Նախագծի 1-ին հոդվածում «թ.» բառը եւ կետադրական նշանը առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ: Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագիծը համապատախանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 08.01.2021թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մի շարք դրույթներ ենթադրում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշ ապրանքների մասով անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցում: Նշվածով պայմանավորված՝ կարծում ենք, որ առաջ է գալու ոլորտային օրենքներում, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Այդ մասին նշում է կատարված նաեւ Արդարադատության նախարարության՝ «Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության մեջ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 08.01.2021թ.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-807-15.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկման հիմնական մոտեցումները: Մասնավորապես, համաձայնագրով սահմանվում են ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի միասնական ինդիկատիվ դրույքաչափը եւ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար դրանից թույլատրելի շեղումների չափը: 2024 թվականին միասնական ինդիկատիվ դրույքաչափը կկազմի ծխախոտի արտադրանքի 1000 հատի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականին համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքեւ եւ ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերեւ: 2. ՀՀ հարկային օրենսգրքով ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը 2021 թվականի համար սահմանված է 1000 հատի համար 11070 դրամ, 2022 թվականի համար՝ 12730 դրամ, 2023 թվականի համար՝ 14640 դրամ: Հարկային օրենսգրքով սահմանված են նաեւ ակցիզային հարկի հաշվարկման հետեւյալ գործակիցները՝ 2021 թվականի համար 1.03, 2022 թվականի համար՝ 1.06 եւ 2023 թվականի համար՝ 1.09: Այլ կերպ ասած, Հարկային օրենսգրքով 2023 թվականին ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 հատի համար կկազմի 15957 դրամ: 2024 թվականին, համաձայն սույն համաձայնագրի, դրույքաչափը կկազմի 22365 դրամ (ներկա պահի փոխարժեքով հաշվարկված): Այսինքն, 2023 թվականի համար նախատեսված դրույքաչափը 2024 թվականից գործողության մեջ մտնող դրույքաչափից ցածր կլինի 20 եւ ավելի տոկոսով (եվրոյի փոխարժեքի անփոփոխ մնալու դեպքում): Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն ընդունվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման կարիք կառաջանա՝ սույն համաձայնագրով նախատեսվող նոր դրույքաչափերի կտրուկ անցումը զսպելու համար (հատկապես, եթե առաջիկա տարիներին բարձրանա նաեւ եվրոյի փոխարժեքը): 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցություն հարկային քաղաքականության եւ վարչարարության ոլորտներում՝ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման ուղղությամբ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 21.12.2020թ.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-807-15.12.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ստանձնել մասնավորապես հետեւյալ պարտավորությունները.
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 23.12.2020թ
|