ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունման  արդյունքում ակնկալվում է կատարվող ներդրումների համար սահմանված ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով, որով հնարավորություն կտրվի տնտեսվարողներին լուծելու իրենց մոտ առաջացած իրացվելիության խնդիրը: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Միաժամանակ նշենք, որ իրավական փորձաքնության արդյունքների եւ ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության արդյունքների միջեւ կա որոշակի հակասություն, որի շուրջ հնարավոր չի եղել գալ համաձայնության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

23.12.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-813-21.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ նշված կետում «2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով: Մինչդեռ, հարկ է նկատել, որ սույն Նախագծով սահմանված կարգավորումների համար ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է չհամընկնել  2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի հետ, ինչի արդյունքում մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հիմնական միջոցներ ներմուծող կամ ձեռք բերող անձինք դուրս կմնան  կարգավորման շրջանակից:

Նշվածի կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով նախատեսվող ժամկետի սկիզբը,  այն է՝  «2020 թվականի հուլիսի 1-ից» բառերը թողնել անփոփոխ, եւ միայն «2020 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով: 

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերը փոխարինել համապատասխանաբար «թվերը եւ բառերը» եւ «թվերով եւ բառերով» ձեւակերպումներով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1)   բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.»:

Միաժամանակ առաջարակում ենք չակերտներից առաջ նշված «3)» թիվը եւ նշանը հանել:

3. Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվանից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

22.12.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

22.12.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-813-21.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Գործող կարգավորումների համաձայն, ըստ Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, անկախ օրենսգրքով սահմանված դրույթներից` 2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։

Նախագծով առաջարկվում է «2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» ժամկետը փոխարինել  «2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով բոլոր տնտեսավարողներին՝ կատարվող ներդրումների համար սահմանված ժամկետը եւս 1 տարով երկարաձգել՝  մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը` հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի հետեւանքները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծով առաջարկվող իրավակարգավորման հստակեցման նպատակով առաջարկում ենք Նախագծի «2020 թվականի դեկտեմբերի 31-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից» բառերով, քանի որ «2020 թվականի դեկտեմբերի 31-ը» արդեն իսկ ընկնում է գործող իրավակարգավորման տակ եւ արտոնյալ ժամկետի մաս է հանդիսանում:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

22.12.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-813-21.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» ժամկետը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսավարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի: 

Ներկայացված Նախագծի ընդունմամբ, հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի հետեւանքները, հնարավորություն կնձեռնվի բոլոր տնտեսավարողներին՝ կատարվող ներդրումների համար սահմանված ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով՝  մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Նախագծի հոդված 1-ում առաջարկում ենք «2020 թվականի դեկտեմբերի 31-ից» բառերը փոխարինել  «2021 թվականի հունվարի 1-ից» բառերով:

3. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

22.12.2020 թ.