ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-816-22.12.2020-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ): 

Նախագծով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները եւ լուծել հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

13.01.2021թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-816-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 

2.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսված է «Հանրագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել «իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ եւ ավելի անձինք» բառերով:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսված է Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «4.1-րդ» կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, (…)»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

Նկատենք, որ «հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ» արտահայտության կրճատ տարբերակի սահմանումը կատարված չէ առաջին իսկ կիրառումից հետո, ուստի առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «4.1-րդ» գրելաձեւը փոխարինել «4.1-ին» գրելաձեւով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածում, Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «5.1-րդ» գրելաձեւին:

4. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է հետեւյալը. «Հրապարակային հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող: Հրապարակային հանրագրին միացած անձինք համարվում են հանրագրի աջակիցներ»:

Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 5.1-ին կետում նախատեսված է հետեւյալը. «Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելիս բաց է մնում «գլխավոր նախաձեռնող» եւ «աջակիցներ» հասկացությունների սահմանումը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող հասկացությունների սահմանումները նախատեսել Օրենքում:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

12.01.2021թ.  
  
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

12.01.2021թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-816-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» օրենքում` նպատակ ունենալով հստակեցնել առկա կարգավորումները եւ լուծել հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք կարգավորվում են «Հանրագրերի մասին» օրենքով: Մասնավորապես, առաջարկվում է`

- հստակեցնել «կոլեկտիվ հանրագիր» հասկացությունը՝ հասկացության մեջ ներառելով նաեւ այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում եւ որին միացել են մեկ կամ ավել անձինք,

- հստակեցնել «կրկնակի հանրագիր» հասկացությունը, 

- էլեկտրոնային հարթակի միջոցով եւ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագրերի միջեւ տարընկալումից խուսափելու նպատակով, հստակ սահմանել «Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ», «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագիր» հասկացությունները,

- սահմանել, որ հանրագրի ներկայացման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը ստանում է լիազորություն Հանրագրերի էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

- հստակեցնել թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) հանրագրի ներկայացման կարգը,

- հստակեցնել հանրագրի վերադարձման կարգը եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

25.12.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-816-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել «Հանրագրերի մասին» օրենքով սահմանված կարգավորումները եւ լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

28.12.2020թ.