«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-818-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը: 2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրիվ անվանումն հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի հերթական համարը` «ՀՕ-239»` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: 3. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշաններն առաջարկում ենք փոխարինել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերով եւ կետադրական նշաններով` հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածում Օրենսգրքին արված հղման տեսքը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր նախադասությամբ` «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը` «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո:»: Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Հայաստանի Հարապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող լրացումը եւ փոփոխությունը հիմնավորվում են հետեւյալ դիտարկումներով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ առկա են անհայտ կորած զինծառայողներ եւ այլ քաղաքացիներ (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներ), որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով: Այս առումով օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների կապակցությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների եւ այլ քաղաքացիների (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար: Մասնավորապես, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետեւանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչեւ հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել: Վերը նշված հանգամանքների եւ կարգավորումների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նվազեցնել ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները:»: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ եւ 47-րդ հոդվածներով նախատեսված քաղաքացուն անհայտ բացակայող եւ քաղաքացուն մահացած ճանաչելու կարգավորումների կիրառման արդյունքում ծագում են մի շարք իրավական հետեւանքներ, որոնք չեն հանգում միայն անձի ընտանիքի անդամների համար սոցիալական երաշխիքների ապահովմանը: Օրենսգրքով նախատեսված են անձանց դատարանով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու որոշակի պայմաններ` նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացկայության նվազագույն ժամկետներ, որոնք երաշխիք են համապատասխան սուբյեկտների համար մինչ որոշակի փուլը` քաղաքացուն անհայտ բացակայող եւ քաղաքացուն մահացած ճանաչելու արդյունքում ծագող իրավահարաբերությունների մեջ չհայտնվելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու համար նախապայման հանդիսացող` նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացակայության ժամնակահատվածը մեկ տարուց մինչեւ երեք ամիս նվազեցնելիս հաշվի առնել ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար սոցիալական երաշխիքների ապահաովման նպատակահարմարության հարցը, ինչը հնարավոր է ապահովել նաեւ իրավական այլ կարգավորումների եւ գործընթացների միջոցով, այլ նաեւ որոշակի իրավական գործընթացների մեկնարկին հանգեցնող` նախատեսված ժամանակահատվածի ողջամտությունը: Մասնավորապես` ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաեւ մահվան վտանգ սպառնացող հանգամանքներում անհայտ կորելը կարող է հիմք հանդիսանալ քննարկվող ժամկետների նվազեցման համար, սակայն հարկ է նկատել, որ այդ ժամկետների նվազեցումը պետք կատարվի հիմնավորված` հիմքում ունենալով գործոնների համակարգ, ներառելով բոլոր հնարավոր հանգամանքները, օրինակ` նաեւ այնպիսիք, որոնք անհայտ կորած անձնաց հնարավորություն չեն տալիս որոշակի ժամկետով բացահայտելու իրենց գտնվելու վայրը: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան ինստիտուտների տրամաբանությանը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 29.12.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 29.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-818-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Նախագծով առաջարկվում է կրճատել անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներին) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ քաղաքացին, ըստ Նախագծի, կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել եթե երեք ամսվա ընթացքում, եթե տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին, իսկ մահացած ճանաչվել` ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ (նախկինում երկու) տարի հետո: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217) 27.12.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հնարապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-818-22.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հնարապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Նախագիծն ուղղված է ապահովելու ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների եւ այլ քաղաքացիների իրավական կարգավիճակի սահմանման եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացը: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նվազեցնել ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները: Նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաեւ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետեւանքով) անհայտ կորած զինծառայողների եւ այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 28.12.2020թ.
|