Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8281 -29.12.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթների կարճում, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների: Նախագծերի փաթեթին կից հիմնավորման համաձայն` Նախագծերի փաթեթն ուղղված է արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները բացառելուն՝ պահանջի իրավունքի իրականացումն ապահովելու եղանակով, ինչպես նաեւ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների անխափան ու անընդհատ ընթացքի ապահովմանը՝ բացառելով կատարողական վարույթների անհարկի կարճումները: Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
21.01.2021թ.
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8281 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետում «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) անվանման հիշատակումից հանել «թիվ» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի հիշատակմանը: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» բառերը նախատեսվում է փոխարինել «ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների» բառերով: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ձեւակերպվում է հետեւյալ կերպ` «Կարճվում են գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների»: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում լրացվում է նոր պարբերություն, այն է` «Կարճվում են գույքային բռնագանձումներով, եւ ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում երկու անգամ ձեւակերպվում է միեւնույն իրավակարգավորումը: Նախագծերի փաթեթին կից ներկայացված գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքի հիման վրա ենթադրվում է, որ առկա է վրիպակ: Հետեւաբար, առաջարկում ենք ուղղել վրիպակը: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» բառերը նախատեսվում է փոխարինել «ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների» բառերով: Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերը նախատեսվում է փոխարինել «գույքային բռնագանձման եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների եւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերով: Ինչպես նաեւ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող փոփոխությունների հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետում կատարվում է հետեւյալ լրացումը` «Պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող` վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթները սույն կետի հիմքով կասեցման ենթակա չեն», եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում լրացվում է նոր պարբերություն` «Պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող` վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթները սույն կետի հիմքով կարճման ենթակա չեն»: Վերոնշյալ կատարվող փոփոխությունների վերաբերյալ նշենք հետեւյալը. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը? ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»: Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 1) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը այլ կերպ, քան ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով. 2) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որեւէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթը սկսելը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով. 3) կարճվում է սնանկության վտանգի վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով: Սույն կետում նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության վտանգի վարույթի ավարտից հետո. 4) կասեցվում է դրամական պարտավորությունների եւ վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի եւ այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների եւ այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաեւ վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը. 5) կարճվում են գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները»: Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` 1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված. 2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի. 3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաեւ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների եւ տուգանքների հաշվեգրումը. 4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, եւ պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով. 5) կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները»: «Սնանակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքով Օրենքում լրացվել է 15.5-րդ հոդվածը` նախատեսելով սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթների կարճում, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ` նախատեսելով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթների կարճում: Օրենքում նշված փոփոխության եւ լրացման անհրաժեշտությունը «Սնանակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի քննարկման փուլում հիմնավորվել է հետեւյալ կերպ` «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանից գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման բոլոր քաղաքացիական գործերի վարույթները կարճվում են: Միաժամանակ կարճվում են նաեւ գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները: Բայց Օրենքը չի կարգավորում, թե արդյոք պետք է կարճվեն նաեւ պարտապանի դեմ վարչական կամ արբիտրաժային դատարաններում գտնվող գործերը: Ինչպես նաեւ բաց է մնում այդ գործերով կիրառված հայցային ապահովման միջոցները վերացնելու հարցը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոնը` նշենք, որ Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պետք է մեկնաբանել` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, այն է` պարտապանից գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման բոլոր քաղաքացիական, վարչական եւ արբիտրաժային դատարաններում գտնվող գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը: Բացի այդ, քննարկվող հոդվածների մասերի կետերը պետք է մեկնաբանվեն ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորումների համատեքստում: Մասնավորապես` Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերի համադրման, ինչպես նաեւ օերնսդրի կողմից նման կարգավորում նախատեսելու նպատակը հաշվի առնելով, նշենք, որ կարծում ենք Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված «գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» ձեւակերպումը վերաբերում է միայն գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման բոլոր քաղաքացիական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների կարճմանը: Նույն կերպ, Օրենքի 39-րդ հոդվածի ամբողջ տեքստում սահմանված կարգավորումների համատեքստում, առավելապես 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի համադրման, ինպես նաեւ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս օրենսդրի նպատակը հաշվի առնելով` նշենք, որ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված «պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ» ձեւակերպումը, կարծում ենք, վերաբերում է միայն գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերին: Այսպիսով, սնանկության գործընթացը եւ բուն սնանկությունը որեւէ ազդեցություն չունեն պարտապանի ներգրավվածությամբ կատարողական այն վարույթների վրա, որոնք չեն վերաբերում գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներին, հետեւաբար նման գործերի վարույթները կարճման ենթակա չեն: Պարտապանի մասնակցությամբ այն կատարողական վարույթները, որոնցով պարտապանին առաջադրված է ոչ գույքային բնույթ ունեցող պահանջներ, ոչ գույքային բնույթի պարտավորությունների կատարում, որեւէ կերպով կապված չեն անձի անվճարունակության հետ եւ սնանկության գործընթացը կամ բուն սնանկությունը չեն կարող հանգեցնել այդ գործերի վարույթների կարճմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաեւ դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման եւ հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը»: Սակայն վերոնշյալ կարգավորման համատեքստում Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված` «գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված` «պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ» ձեւակերպումները չեն կարող մեկնաբանվել ավելի լայն, քան նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդունվել է 2018 թվականին, իսկ Օրենքի 15.5-րդ հոդվածը լրացվել եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը ձեւակերպվել է նոր խմբագրությամբ 2016 թվականին: Հարկ է նկատել, որ նախկինում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման դրույթ չի պարունակել: Ինչպես նաեւ, նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիքրի ընդունմանը զուգահեռ Օրենքի քննարկվող հոդվածների վերաբերյալ Օրենքում համապատասխան փոփոխություններ չեն կատարվել: Հարկ ենք համարում նշել, որ իրավակիրառ պրակտիկայում Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավակարգավորման հիման վրա կարճվում են գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման բոլոր քաղաքացիական գործերի վարույթները եւ այդ գործերով գույքային բռնագանձման եւ հայցի ապահովման միջոցների կատարողական վարույթները: Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավակարգավորմանի հիման վրա, որպես կանոն, կարճվում են միայն գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման բոլոր քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրբունալում գտնվող գործերի վարույթները եւ այդ գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների, գույքի բռնագանձման եւ գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման հետ կապված այլ կատարողական վարույթները: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթների կարճման իմպերատիվ նորմ, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների, ինչը կարճման ենթակա վարույթների ավելի լայն շրջանակ է նախատեսում, քան սահմանված է Օրենքի գործող կարգավորմամբ: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող իրավակարգավորումների ձեւակորպումից բխում է, որ բացի քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասների հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների` սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվելու են բոլոր կատարողական վարույթները անկախ նրանից կապված են գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման պահանջների հետ, թե ոչ: Նախագծերի փաթեթի հեղինակը կատարվող փոփոխությունները հիմնավորում է հետեւյալ կերպ` «( ) անձի սնանկությունը եւ բուն սնանկությունն ազդեցություն են ունենում վերջինիս` որպես պարտապան ներգրավվածությամբ կատարողական բոլոր վարույթների վրա եւ հանգեցնում է դրանց կարճմանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ընդ որում` ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված այդպիսի բացառությունների շարքում ընդգրկված չեն այն կատարողական վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին առաջադրվելու են ոչ գույքային բնույթի պահանջներ ( )», ինչի հիման վրա նախատեսվում է կարճման ենթակա կատարողական վարույթների բացառություններ: Հարկ ենք համարում նշել, որ կարծում ենք Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված` «կարճվում են գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները» իրավակարգավորումը եւ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված` «կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.» իրավակարգավորումը խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ ներառում են «բոլոր», «այլ բնույթի ցանկացած» ձեւակերպումներ, ինչը կարող է իրավական նորմի ոչ միանշանակ մեկնաբանությունների հանգեցնել: Հետեւաբար, առաջարկում ենք, փոփոխություններ կատարել Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերում հստակեցնելով կարճման ենթակա վարույթների շրջանակը` հղում կատաերելով գումարի բռնագանձման եւ գույքի հանձնման քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալում գտնվող գործերի կատարողական վարույթներին: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-րդ կետով Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերը նախատեսվում է փոխարինել «գույքային» բառով: Հարկ է նկատել, որ Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 2-րդ մասի 2-րդ կետում, ինչպես նաեւ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 3-րդ մասի «դ» կետում կիրառված է «դրամական եւ այլ» ձեւակերպումը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», առաջարկում ենք ապահովել բոլոր հոդվածներում միեւնույն միտքն արտահայտելիս միատեսակ կիրառությունը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ հիմք ընդունելով մեջբերված դիտարկումները անհրաժեշտ է քննարկվող կարգավորումները խմբագրելիս հաշվի առնել դրանք նախատեսելիս օրենսդրի նպատակը, ինչպես նաեւ որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Սնանկության մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.01.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.01.2021թ.
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8281 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Սնանկության մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում հստակ առանձնացնել եւ ամրագրել, որսնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը չի կասեցնում ոչ գույքային կատարողական վարույթները: Խնդիրը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, կայանում է նրանում, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետիհամաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական եւ այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները: Այսպիսով, «Սնանկության մասին» օրենքի վերը մեջբերված դրույթները կասեցման ենթակա են համարում պարտապանի մասնակցությամբ բացառապես գույքի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները, մինչդեռ Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետը հարկադիր կատարողների համար սահմանում է բոլոր տեսակի կատարողական վարույթները կասեցնելու պարտականություն` անկախ դրանց գույքային բնույթից, ինչը եւ նախատեսվում է շտկել Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում: 2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 08.01.2021թ.
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8281 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությանսոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում: Սոցիալական փորձաքննության արդյունքները Գործող իրավակարգավորումների համաձայն, ըստ «Սնանկության մասին» օրենքի, սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում են գույքային բռնագանձումներով եւ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները: Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Իսկ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի`հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել: Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով նախատեսված այդպիսի բացառությունների շարքում ընդգրկված չեն այն կատարողական վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին առաջադրվելու են ոչ գույքային բնույթի պահանջներ, ինչը Նախագծերի փաթեթի հեղինակի կարծիքով ոչ գույքային բնույթ ունեցող պահանջով օժտված անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից խնդրահարույց են: Նախագծերի փաթեթն ուղղված է մի կողմից` ոչ գույքային բնույթ ունեցող պահանջով օժտված անձանց արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները բացառելուն` պահանջի իրավունքի իրականացումն ապահովելու եղանակով, մյուս կողմից` այն ուղղված է ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթների անխափան ու անընդհատ ընթացքի ապահովմանը` բացառելով կատարողական վարույթների անհարկի կարճումները: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 15.01.2021թ.
|