ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-831-29.12.2020-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8311 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվում է լրացում ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ սույն օրենքի 57.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի եւ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվում է նոր 57.1-ին հոդվածով, որի 4-րդ մասով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«4. Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է (ավելացվում կամ նվազեցվում է).

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը վերահաշվարկվելու դեպքում,

2) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում,

3) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում՝ եթե կուտակային կենսաթոշակը նշանակվում է դատավորի կենսաթոշակը նշանակելուց հետո:»:

Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման տեքստում առաջարկում ենք «սույն օրենքի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասը` հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում Օրենսգրքին կատարվող հղումների ձեւը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 57.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում եւ 6-րդ մասում կիրառված «Սույն օրենքով» բառերին` հաշվի առնելով հոլովաձեւը:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից` դատավորի կենսաթոշակային ապահովության շրջանակում օրինական ակնկալիքների պաշտպանության հարցում երաշխիք դիտվող կարգավորման փոփոխությամբ ընդլայնվում են դատավորի կենսաթոշակի չափը պակասեցվելու (նվազեցվելու) դեպքերը: 

Քննարկվող դեպքերի շարքում նախատեսվում է նաեւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը վերահաշվարկվելու դեպքը: Մինչդեռ հարկ է նկատել, որ օրեսնդրության նախատեսված չեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը վերահաշվարկվելու դեպքեր եւ դրան վերաբերելի հստակ կարգավորումներ, ինչի արդյունքում քննարկվող կարգավորումը ունի հստակեցման կարիք, մասնավորապես` անհրաժեշտ է նշում կատարել կոնկրետ դեպքերի մասին` բացառելով կենսաթոշակի չափի նվազեցման հնարավորությունը այն պարագայում, որի դեպքում անտեսվում են անձի լեգիտիմ ակնկալիքները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթեին կից ներկայացված հիմնավորմամաբ լրացվող բացառության դեպքերի վերաբերյալ դիտարկումները բացակայում են, ինչը եւս հնարավորություն չի տալիս որոշակիացնելու քննարկվող դեպքերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը` «3. Դատավորի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն օրենսգրքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված կարգով:»:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որով մասնավորապես նախատեվում էր, որ Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի, ի թիվս այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, նաեւ դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով:

Կատարվող փոփոխությունների արդյունքում Օրենքի գորոծողության ոլորտը այլեւս չի տարածվում դատավորների կենսաթոշակային ապահովության իրավունքի կարգավորման վրա: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի` նոր խմբագրությամբ է շարադրվող 57-րդ հոդվածի 3-րդ մասում հղում չկատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքին:

Միաժամանակ առաջարկում ենք եզրակացության սույն կետում քննարկվող նոր խմբագրությամբ շարադրվող կարգավորման տեքստը ներառել չակերտներում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվում է նոր` 57.1-ին հոդվածով, որի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«2. Դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է.

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված  զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի եւ այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի ու սոցիալական վճարի տարբերության չափով (անկախ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսանալու հանգամանքից):»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

3.1. Դատավորի կենսաթոշակի հաշվարկի կարգ` բանաձեւ, Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում չի նախատեսվում, այլ սահմանվում է միայն կոնկրետ չափը, որում հաշվի են առնված որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը: Մինչդեռ հարկ է նկատել, որ առնվազն 10 տարի պաշտոնավարած դատավորները, ովքեր կարող են ձեռք բերել կենսաթոշակի իրավունք կարող են պաշտոնավարած լինել էականորեն ավելի, քան 10 տարին է, ինչպես նաեւ հենց 10 տարի: Հաշվարկում հաշվի առնված չէ մասնագիտական ստաժը: Կարծում ենք, որ մասնագիտական ստաժի գործոնը դատավորի կենսաթոշակի չափը սահմանելիս հաշվի չառնելը կարող է խնդրահարույց լինել` հաշվի առնելով այն հագամանքը, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով մյուս պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` Սահմանարական դատարանի դատավորների համար կենսաթոշակի հաշվարկի կարգի մեջ հաշվի է առնվում մասնագիտական ստաժը. «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:»:

Քննարկվող հարցի համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 5-րդ մասում առկա հետեւյալ կարգավորմանը.

«Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հիման վրա դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը դատավորի կենսաթոշակը նշանակող մարմնին է տրամադրում տեղեկություններ՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու, կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու վերաբերյալ: Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողության հիման վրա:»:

Այսպիսով` Նախագծով լրացվող նոր` 57.1-ին հոդվածի շրջանակում քննարկվում է դատավորի  կենսաթոշակի չափը վերահաշվարկելու հարցը, որի դեպքում նշում է կատարվում դատավորի պաշտոնում աշխանտանքային ստաժի տեւողության հիման վրա դրա հաշվարկելու մասին, սակայն դատավորի կենսաթոշակի չափին վերաբրող հիմնական կարգավորմամբ բացակայում է աշխատանքային ստաժի տեւողության արտահայտումը հաշվարկում:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

Քննարկվող կարգավորման շրջանակում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակցի կողմի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջին վերաբերող 56-րդ հոդվածին.

«1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր: (…)»:

Կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորման դեպքում դատավորի կենսաթոշակի չափի սահմանման հաշվարկի կանոն նախատեսելիս պետք է հաշվի առնել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածով նախատեսված առանձնահատուկ դեպքերը:

3.3. Հարկ է նկատել, որ «զուտ աշխատավարձ» հասկացությունը օրենսդրությամբ առաջին անգամ կիրառվում է Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածում, որի 3-րդ մասում նախատեսվում է դրա չափի հաշվարկի կանոնը:

Մինդեռ, Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում եւ 6-րդ պարբերությունում նախատեսված է հետեւյալ ձեւակերպումը. «որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:»: Հարկ է նկատել, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի նախատեսվում «զուտ աշխատավարձ» հասկացությունը, ինչպես նաեւ դրա հաշվարկի կարգը: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում եւ 6-րդ պարբերությունում արվող հղումները:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է հետեւյալը.

«6. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում (անձը ձեռք է բերում դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք) եւ վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում եւ վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 6-րդ մասում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կրճատ անվանումի հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 6-րդ մասում դատավորի կենսաթոշակի նշանակման, վճարման, կենսաթոշակը վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգավորումների դեպքում հղում է կատարվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգին:

Հարկ է նկատել, սակայն, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների նշանակման, վճարման, կենսաթոշակը վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար բոլոր դեպքերում չէ, որ նախատեսված է առանձին կարգ: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 57.1-ին հոդվածի 6-րդ մասում կատարվող հղումը:

5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածների մասերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունները համարակալել արաբական թվանշաններով եւ տեքստից բաժանել միջակետերով:

Միաժամանակ` Նախագծի 3-րդ հոդվածի մաս հանդիսացող 1-ին պարբերության «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերին:
 

6. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«(…)Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դատավորի պաշտոն զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով նրա՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:

 (…)

Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո (եւ կենսաթոշակը չի նշանակվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի N ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով), ապա կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է Օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:»:

Նախագծի 3-րդ հոդվածի մասեր հանդիսացող 2-րդ պարբերության եւ 6-րդ պարբերության կարգավորումներում դատավորի կենսաթոշակի վերահաշվարկի եւ դրա չափի հաշվարկի մասին նշում կատարելիս հղում է կատարվում դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությանը: Սակայն դատավորի կենսաթոշակի չափին վերաբրող` Նախագծով նախատեսվող հիմնական կարգավորմամբ բացակայում է աշխատանքային ստաժի տեւողության արտահայտումը հաշվարկում: Հիմք ընդունելով վերագրյալն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության եւ 6-րդ պարբերության կարգավորումներում դատավորի կենսաթոշակի վերահաշվարկի եւ դրա չափի հաշվարկի կարգերը:

7. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում Սահմնադրական դատարանի դատավորի համար շարունակում է գործել կենսաթոշակի հաշվարկման կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում բացակայում է Սահմանադրական դատարանի դատավորների համար կենսաթոշակի հաշվարկի ընդհանուր կանոն նախատեսող եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կենսաթոշակի հաշվարկման կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումից տարբերվող կարգավորում:

Մինչդեռ` հարկ է նկատել, որ դատավորների դեպքում մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու իրավասությունը Կառավարությանը վերապահելու վերաբերյալ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի կողմից որակվել է խնդրահարույց։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի պահանջը կատարելիս պետք է հաշվի առնել նաեւ այն սկզբունքը, որ դատավորի կենսաթոշակը, դրա չափը եւ կենսաթոշակի անցնելու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով: 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (2014 թվականի հուլիսի 1) սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Քննարկվող կարգը նախատեսված է եղել «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվում է կենսաթոշակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է սահմանադրական դատարանի անդամի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն սահմանադրական օրենքը, միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում որպես անցումային դրույթ նախատեսվել է հետեւյալ կարգավորումը. ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով»:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ որպես ոչ օբյեկտիվ գնահատված հիմքով տարբերակված մոտեցում առկա է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի հաշվարկման կարգի համար նախատեսված կարգավորումներում: 

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 57-րդ եւ 57.1-ին հոդվածների կարգավորումները չեն կարող վերաբերել Սահամանադրական դատարանի դատավորներին: Մասնավորապես՝ Օրենսգրքի 1-ին հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ ,Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի»:

Հիմք ընդունելով վերագրյալն` առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում` բացառելով Սահմանադրական դատարանի կողմից խնդրահարույց դիտարկված կարգավորումների առկայությունը նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների համար:

8. Նախագծի վերնագրում կիրառվող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կրճատ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է՝սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

9. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը` նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը եւ հաշվի առնելով այն, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենսգրքում կատարվում է մեկից ավելի լրացում:

10. Նախագծի 1-ին հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցենել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:

11. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը` դրանից հանելով օրենքի վերնագրից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

12. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.

«2. 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:»:

Հարկ է նկատել, որ սույն կարգավորումը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլ նաեւ պետական պաշտոն զբաղեցնող մյուս անձանց: Սակայն, քննարկվող կարգավորման ուժը կորցրած ճանաչելու պարագայում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ:
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել  Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին: 

Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) 

23.02.2021 թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248)

23.02.2021 թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-831-29.12.2020-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8311 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ 

Ազգային ժողովի  պատգամավորներ Ա. Դավթյանի, Վ. Վարդանյանի եւ Ա. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հաննրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Փաթեթով առաջարկվում է Դատավորի պաշտոնում  առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի որոշակի չափով: Փաթեթով առաջարկվում է սահմանել նաեւ դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը (կուտակային կենսաթոշակի հետ կապված) եւ այլն:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

ա) Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր 57.1.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ.

«Դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է. 

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ:»:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ օրենքներով «զուտ աշխատավարձ» (այն էլ` օրենքով սահմանված) հասկացություն սահմանված չէ: Այն տնտեսագիտական հասկացություն է, որը նշանակում է աշխատավարձի չափը` հարկերը եւ պարտադիր այլ վճարները վճարումից հետո: Եթե նույնիսկ այստեղ տրվի այս հասկացության ճիշտ սահմանումը, այդուհանդերձ, այն չի կարող կենսաթոշակի սահմանման համար հիմք հանդիսանալ, քանի որ յուրաքանչյուր դատավորի համար զուտ աշխատավարձի չափը կարող է տարբերվել այլ դատավորի կողմից ստացվող զուտ աշխատավարձի չափից (կախված աշխատանքային ստաժից, հավելումներից եւ այլն), ուստի զուտ աշխատավարձի կոնկրետ եւ մեկ միասնական չափ լինել չի կարող:

Այս կապակցությամբ առաջարկում ենք բերված կետերում «զուտ աշխատավարձ» բառակապակցությունը փոխարինել «պաշտոնային դրույքաչափ» բառակապակցությամբ` անհրաժեշտության դեպքում վերանայելով նաեւ սահմանվող 75 տոկոսի չափը (քանի որ պաշտոնային դրույքաչափը միշտ ավելի մեծ է լինում, քան զուտ աշխատավարձը): 

բ) Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի բյուջետային ծախսերի որոշ ավելացմանը, քանի որ նախատեսվում է դատավորների կենսաթոշակի հաշվարկման տոկոսաչափի բարձրացում, իսկ ընթացիկ տարվա պետական բյուջեով ավելի քիչ գումարներ են նախատեսված համապատասխան ծրագրով, ինչն էլ նշանակում է, որ տարվա ընթացքում այս ծրագրի գծով վերաբաշխումների իրականացման անհրաժեշտություն կարող է առաջանալ: 

Եզրահանգում 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական վերը նշված հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան            (հեռ.՝ 011-513-217)

15.01.2021թ.





Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-831-29.12.2020-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» (փաստաթղթային կոդ՝ Պ-8311 -29.12.2020-ՊԻ-011/0) օրենքների նախագծերի վերաբերյալ

Ազգային Ժողովի պատգամավորներ   Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի   կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ ուժը կորցրած ճանաչել դատավորների կենսաթոշակներին վերաբերող «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի դրույթները ՝ բացառությամբ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասների կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ընտանիքին տրվող սոցիալական երաշխիքներին վերաբերվող դրույթները: Ներկայացված նորմատիվ կարգավորումները ուղղված են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ընդունելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կիրականացվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ ՍԴՈ-1463 որոշման պահանջների համապատասխան, ինչը եւ կապահովի դատավորների անկախությանը համարժեք սոցիալական երաշխիքները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

14.01.2021թ