ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Կարապետ Մխչյանի, Կարեն Գրիգորյանի, Համազասպ Դանիելյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունմամբ առաջարկվում է հաշվեքննության գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավում՝ նկատի ունենալով INTOSAI ստանդարտներով Հաշվեքննիչ պալատի անկախության համար սահմանված չափորոշիչները՝ հաշվեքննության գործընթացի արդյունավետության, հանրային ֆինանսների եւ սեփականության կառավարման եւ օգտագործման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացման նպատակով: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է պետական եւ համայնքային սեփականության հավատարմագրային կառավարման գործընթացը դարձնել հաշվեքննելի, հաշվեքննության գործընթացում հաշվեքննողներին տալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ անձնական տվյալների հասանելիություն, հանել հաշվեքննության ընթացքում առանձին իրավաբանական անձանց մոտ ստուգումներ անցկացնելու գործընթացում առկա սահմանափակումները: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

03.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Կարապետ Մխչյանի, Կարեն Գրիգորյանի, Համազասպ Դանիելյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է լրացնել նոր 7-րդ կետ՝ «իրավաբանական անձը իրավական ակտով եւ հավատարմագրային կառավարման պայմանագրով հանդիսանում է պետական եւ (կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ, միայն հավատարմագրային կառավարման հետ կապված? սույն կետով նախատեսված իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար»:

Վերոնշյալ իրավակարգավորմումը կարծում ենք կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խտրականության արգելք սկզբունքի տեսանկյունից հետեւյալը հիմնավորմամբ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Հաշվեքննիչ պալատի կողմից որպես ստուգման օբյեկտ լրացվում են այն իրավաբանական անձինք, որոնք իրավական ակտով եւ հավատարմագրային կառավարման պայմանագրով հանդիսանում են պետական եւ(կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ, միայն հավատարմագրային կառավարման հետ կապված` սույն կետով նախատեսված իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Հավատարմագրային կառավարիչը կարող է լինել անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն:

2. Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով նախատեսված հիմքերով, հավատարմագրային կառավարիչ կարող է լինել ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առեւտրային կազմակերպությունը»: 

Արդյունքում ստացվում է, որ անհատ ձեռնարկատերը եւ քաղաքացին, եւս կարող են հանդիսանալ պետական կամ համայնքային սեփականության գույքի հավատարմագրային կառավարիչ, մինչդեռ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, այն է՝ «հաշվեքննության օբյեկտ? սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմիններ եւ հիմնարկներ.» եւ 11-րդ կետից, այն է՝ «ստուգման օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավաբանական անձ.» բխում է, որ վերջիններս չեն կարող հանդիսանալ հաշվեքննության կամ ստուգման օբյեկտ եւ հաշվեքնության շրջանակում չեն ենթարկվում ստուգման: Նման կարգավորման պարագայում, կարծում ենք,  տարբերակված եւ խտրական մոտեցում է դրսեւորվում անհատ ձեռնարկատեր կամ քաղաքացի հանդիսացող հավատարմագրային կառավարիչների եւ իրավաբանական անձ հանդիսացող  հավատարմագրային կառավարիչների միջեւ:

Բացի այդ, առաջարկում ենք ապահովել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալման հաջորդականությունը՝ լրացումը կատարելով 6-րդ կետի տեսքով:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենք 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ «Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ»: 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ»: 

Այսինքն՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողի կողմից ծանոթանալու հնարավորությունը միայն օրենքով սահմանված լինելը դեռեւս բավարար պայման չէ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության վերջինիս վերաբրող տվյալները բացահայտելու համար. անհրաժեշտ է նաեւ, որպեսզի համապատասխան անձնական տվյալների բացահայտումն ունենա բավարար պաշտպանության մակարդակ, հատկապես, որ հրապարակայնությունը հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքներից: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նպատակահարմար է անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հրապարկման դեպքում ապանձնավորման վերապերյալ դրույթի նախատեսում՝ ապահովելով համապատասխան անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող՝ նոր երրորդ նախադասությունում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հադվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խտրականության արգելք սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

03.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

03.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Կարապետ Մխչյանի, Կարեն Գրիգորյանի, Համազասպ Դանիելյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով նախատեսվում է պետական եւ համայնքային սեփականության հավատարմագրային կառավարման գործընթացը դարձնել հաշվեքննելի, հաշվեքննողների համար ապահովել հաշվեքննության առարկայի վերաբերյալ անձնական տվյալների հասանելիություն, վերացնել հաշվեքննության ընթացքում առանձին իրավաբանական անձանց մոտ ստուգումներ անելու գործընթացում առկա սահմանափակումները:

2. Նախագիծը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կնպաստի արտաքին պետական հաշվեքննության գործընթացի բարելավմանը, հանրային ֆինանսերի եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը:

Նախագիծը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

20.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-837-12.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Կարապետ Մխչյանի, Կարեն Գրիգորյանի, Համազասպ Դանիելյանի եւ Եղիշե Սողոմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ըստ ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի, Հաշվեքննիչ պալատը, որպես անկախ պետական մարմին, հաշվեքննություն է իրականացնում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ:

Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք)` համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 4-րդ մասի:

Միջազգային կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Օրենքում կան որոշակի անհամապատասխանություններ INTOSAI ստանդարտների հետ, մասնավորապես? Հաշվեքննիչ պալատի անկախության սկզբունքների մասով:

Հեղինակների կողմից ներկայացված Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հաշվեքննիչ պալատի լիազորությունների հստակեցմամբ, վերջինիս կողմից իրականացվող հաշվեքննությանն ու ստուգմանը վերաբերող լիազորությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների ամրապնդմամբ: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է.

- վերացնել Օրենքով սահմանված մասնավոր ընկերությունների մոտ ստուգումներ կազմակերպելու գործում եղած սահմանափակումները,

- Նախագծով լրացում կատարել Օրենքում եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ անձնական տվյալների նկատմամբ հաշվեքննության նպատակով տալ լիարժեք հասանալիություն հաշվեքննողներին,

- Օրենքում սահմանել պետական եւ համայնքային սեփականությունը հավատարմագրային կառավարման գործընթացի լիարժեք հաշվեքննության լիազորություն, ներառյալ հավատարմագրային կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման հնարավորությամբ, անկախ վերջինիս կազմակերպաիրավական կարգավիճակից:

Հարկ է նշել, որ սույն Նախագծով ներկայացված փոփոխություններն ու լրացումները բխում են INTOSAI ստանդարտների պահանջներից, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի լիազորությունները եւ վերացնել եղած սահմանափակումները,  ինչը, կարծում ենք, դրական կանդրադառնա հանրային ռեսուրսների կառավարման գործում թափանցիկության, հաշվետվողականության եւ հրապարակայնության բարձրացման վրա:

2. Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծի ընդունմամբ կբարձրանա հանրային ֆինասների եւ սեփականության ոլորտում թափանցիկության, հրապարակայնության, ինչպես նաեւ  հաշվետվողականության մակարդակը:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235)

26.01.2021թ.