Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` նաեւ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Պ-838-13.01.2021-ՊԱ-011/0): Նախագծի ընդունմամբ միտում կա մեղմելու ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 միլիոն դրամից բարձր եկամուտ ստացողների մասնակցության չափը: Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
03.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-838-13.01.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է մեկ փոփոխություն: 2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակը Նախագծում չի օգտագործվում: 3. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա»: Նշվածի համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժի հարցին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 73-րդ հոդվածի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»: Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս դրոշմանիշային վճարի դրույքաչափերի փոփոխությունը որոշ հատվածներով՝ օրինակ՝ ֆիզիկական անձանց համար 1.500.001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում 20.000 դրամ սահմանելով, վատթարացնում է անձի իրավական վիճակը, քանի որ Օրենքի 12-րդ հոդվածում 1.500.001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 15.000 դրամ: Նախագծով 750.001-ից մինչեւ 1.500.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում սահմանված է 15.000 դրամ, մինչդեռ Օրեմքի 12-րդ հոդվածում 500.001-ից մինչեւ 1.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 8500 դրամ: Ներկայացվածով պայմանավորված՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ դրույթների բովանդակությունից բխում է՝ հետադարձ ուժ չի կարող տրվել անձի իրավական վիճակը վատթարացնող նորմին: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը համապատասխանեցնել վերը ներկայացված նորմերի տրամաբանությունը՝ այդպիսով պահպանելով Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավական ակտին հետադարձ ուժ տալու կանոնի պահանջը: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 73-րդ հոդվածի տեսանկյունից: Ինչպես նաեւ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 03.02.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 03.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-838-13.01.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Ըստ նախաձեռնության հեղինակների` Նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված դրոշմանիշային վճարի գծով բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ: Բացի այդ, փորձ է կատարվել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը մեղմել` հաշվի առնելով նաեւ կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները: Նախագծով առաջարկվում է որոշ չափով նվազեցնել նաեւ անհատ ձեռնարկատերերի վճարային բեռը: Մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18.000-180.000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18.000-120.000 դրամ, ընդ որում` էականորեն ընդլայնվում է տարեկան 18.000 դրամ վճարողների շրջանակը: Սա հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել նորաստեղծ ու դեռեւս քիչ շրջանառություն ունեցող սուբյեկտների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը: Ֆիզիկական անձանց համար եւս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, օրինակ, 100.001-ից մինչեւ 150.000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200.000-300.000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նա 300.001-500.000 դրամ ստացողների վճարելիք գումարը: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:», այն դեպքում` երբ մինչեւ տվյալ Նախագծի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը, արդեն իսկ մի քանի ամիս համապատասխան սուբյեկտները պետք է գործող դրույքաչափերին համապատասխան վճարումներ կատարած լինեն: Հետեւաբար, սույն Նախագծի գործողությանը հետադարձ ուժ տալու դեպքում անհրաժեշտ է սահմանել նաեւ արդեն իսկ կատարված դրոշմանիշային վճարների գծով վերահաշվարկներ եւ սահմանվողից ավել վճարված գումարներն օրենքի ուժով համարել ապագա հաշվետու ժամանակահատվածների համար կանխավճար: Նախագիծն անցումային դրույթների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում, այլապես դրոշմանիշային վճարներ կատարող սուբյեկտները կարող են ունենանալ ֆինանսական կորուստներ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 20.01.2021թ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-838-13.01.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումը պայմանավորված է քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումներով եւ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրներով` կապված դրոշմանիշային վճարների գծով բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ: Փորձ է կատարվել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը մեղմել` հաշվի առնելով նաեւ կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները: Սույն Նախագծի փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել անհատ ձեռնարկատերերի վճարային բեռը: Մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18.000-180.000 դրամ, ապա ըստ առաջարկվող փոփոխությունների այդ բեռը տարեկան կկազմի 18.000-120.000 դրամ, էականորեն ընդլայնելով տարեկան 18.000 դրամ վճարողների շրջանակը, ինչը, կարծում ենք, որոշ չափով կմեղմի նորաստեղծ սուբյեկտների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը: Նախագծով էական բարելավում է նախատեսվում նաեւ ֆիզիկական անձանց համար: Ըստ այդմ, 100.001-ից մինչեւ 150.000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները կվճարեն ամսական 2000 դրամ` 3000-ի փոխարեն: 200.000-300.000 դրամ ստացողների համար նախատեսվում է 3000 դրամ` 5500-ի փոխարեն: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300.001-500.000 դրամ ստացողների վճարվելիք գումարը: 2. Առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը` «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա»: Հաշվի առնելով, որ սույն Նախագծի ընդունումը եւ ուժի մեջ մտնելն իրենից ենթադրում է բավական երկար ժամանակահատված, եւ այդ ընթացքում ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը արդեն իսկ կկատարեն գործող դրույքաչափերին համապատասխան վճարումներ, անհրաժեշտություն կառաջանա կատարել դրոշմանիշային վճարների գծով վերահաշվարկներ, իսկ նախատեսված չափից ավել վճարված գումարները համարել որպես կանխավճար: Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235) 21.01.2021
|