ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայասատանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-839-18.01.2021.ՏՏԳԲ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է՝ 1. Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանել հողի կադաստրային արժեքի 20 տոկոսից ոչ պակաս չափով՝ 30 տոկոսի փոխարեն: Նման փոփոխությամբ ակնկալվում է սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում տնտեսական շրջանառության մեջ աճուրդային գործընթացներում ներգրավված հողի մեկնարկային պայմանները դարձնել առավել գրավիչ: 2. Նախագծով ընդլայնվում եւ հստակեցվում են աճուրդների մասով տեղեկատվության տարածման եղանակները: 3. Նախագծով կրճատվում են աճուրդի կազմակերպչի կողմից որոշումների կայացման ժամկետները՝ նպատակ հետապնդելով նվազեցնել գործարքային ծախսերը: 4. Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է տուգանք սահմանել աճուրդում հաղթած եւ սահմանված ժամկետում իր կողմից առաջարկված առավելագույն գինը չվճարած մասնակցի նկատմամբ՝ նպատակ ունենալով կանոնակարգել աճուրդային գործընթացը` նվազեցնելով մրցակցային գործընթացը խաթարող գնային առաջարկներ կատարելու գրավչությունը, եւ բարձր գնային առաջարկներ կատարելու եւ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների արդյունքում հետագայում առաջարկից հրաժարման պրակտիկան:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

03.02.2021թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայասատանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-839-18.01.2021.ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Հայասատանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 68-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ՝  «Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության միջոցով  եւ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ առկայության դեպքում համայնքի կայքում հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, (...)»:

1) Նշված փոփոխության արդյունքում դուրս են մնում նախավճարը եւ քայլերի չափը որպես հրապարկման ենթակա տեղեկատվություն: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նախավճարի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր առկայության մասին են վկայում օրենսդրությամբ սահմանված մի շարք կարգավորումներ: Օրինակ՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը (...)», իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով, մուծում են նախավճար»: Նույնական կարգավորում նախատեսված է նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի 4-րդ մասում, որի համաձայն՝ «Սակարկությունների մասնակիցները դրանց անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում եւ կարգով մուծում են նախավճար»: Նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է բովանդակի նախավճարի վերաբերյալ տեղեկատվություն, քանզի  աճուրդի մասնակցել ցանկացող անձը նախքան աճուրդին մասնակցելը պետք է վճարի նախավճար, որի չափի եւ վճարման կարգի վերաբերյալ  նախօրոք պետք է տեղեկացվի: Ինչ վերաբերում է «քայլերի չափը» բառերը հանելուն, կարծում ենք նման փոփոխությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

2) Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխության մեջ «լրատվության» բառից առաջ նշել «այլ» բառը, քանի որ մամուլը եւս հանդիսանում է զանգվածային լրատվության միջոց, որի մասին վկայում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի բովանդակությունը: Միաժամանակ նշենք, որ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ տեղեկատվությունը հրապարակային ծանուցման՝ մամուլի միջոցով հրապարակելու դեպքում, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3) Առաջարկում ենք հանայնքի բառից հետո նշել «պաշտոնական համացանցային» բառերը՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ կերպ՝ «Աճուրդում հաղթած անձը 7 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը: Եթե աճուրդում հաղթած անձը նշված ժամկետում գինը չի վճարում, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ հաղթած, բայց վճարումը չկատարած անձը վճարում է տուգանքի իր իսկ կողմից կատարած առավելագույն գնային առաջարկի 30 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 10 օրվա ընթացքում:

Եթե աճուրդում հաղթած անձի կողմից 7 օրվա ընթացքում գինը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 7 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը: Եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը  7 օրվա ընթացքում գինը չի վճարում, ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, 5 օրվա աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ  հաղթած, բայց վճարումը չկատարած անձը ենթարկվում է տուգանքի իր իսկ առաջարկած առավելագույն գնի  15 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում»:

1) Նշված փոփոխության 1-ին պարբերությամբ իմպերատիվ կերպով սահմանված է, որ աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը չվճարելու դեպքում պարտավոր է վճարել տուգանք: Մինչդեռ նման ձեւակերպմամբ աճուրդում հաղթած եւ սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը չվճարած անձի համար բավարար չափով որոշակի պայմաններ չեն սահմանվում, օրինակ՝ տուգանքի նշանակման մասին վարչական ակտի մասին իրազեկվելու, համապատասխան ակտը բողոքարկելու եւ այլ գործողությունների վերաբերյալ: Ուստի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ աճուրդի կազմակերպիչը եռօրյա ժամկետում արձնագրություն կազմելով, ըստ էության, վարչական վարույթ է հարուցում հաղթած անձի նկատմամբ, անհրաժեշտ է նախատեսել աճուրդում հաղթած անձի նկատմամբ ոչ թե 10-օրյա ժամկետում տուգանք վճարելու պարտականություն, այլ նշանակել տուգանք՝ հնարավորություն տալով վարչական ակտի հասցեատիրոջն իրականացնել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Միաժամանկ, կարծում ենք, անհրաժեշտ է հղում կատարել համապատասխան վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները կիրառելու մասին՝ Նախագծով նախատեսված կարգավորումները եւ ժամկետները համապատասխանեցնելով նշված օրենքին:

2) Նշված փոփոխության 2-րդ պարբերությամբ սահմանված է՝ « Եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը  7 օրվա ընթացքում գինը չի վճարում, ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, (…)» : Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ  աճուրդում հաղթաց երկրորդ անձի կողմից իր կողմից սահմանված առավելագույն գինը չվճարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով սահմանված է՝ «Նախավճարը վերադարձվում է  սակարկություններում չհաղթած մասնակիցներին:», իսկ Օրենսգրքի 463-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ «Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը (…)»: Այսինքն նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ աճուրդում առավել բարձր գին առաջարկած անձից՝ հաղթողից բացի մյուս բոլոր մասնակիցների, այդ թվում երկրորդ առավելագույն գին առաջարկած մասնակցի կողմից վճարված նախավճարը վերադարձվում է անմիջապես: Այսպես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ»: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան»: Նշված հոդվածների համադրության արդյունքում կարող ենք հանգել, որ սակարկությունների ընթացքում եկրորդ առավելագույն գին առաջարկած անձը ՀՀ օրենսդրության կարգավորման շրջանակներում չի համարվում հաղթած անձ եւ աճուրդի ավարտից հետո վերջինիս կողմից վճարված նախավճարը անմիջապես վերադարձվում է, ուստի Նախագծով սահմանված համապատասխան կարգավորումը կարող է իրավական շփոթ առաջացնել:

3) Նշված փոփոխության 2-րդ պարբերությամբ սահմանված «5 օրվա աճուրդի կազմակերպիչը» դրույթը բավարար չափով որոշակի չէ եւ միանշանակ չի ընկալվում:

4) Նշված փոփոխության 2-րդ պարբերությամբ նախատեսվում է երկրորդ առավելագույն գին առաջարկած անձի կողմից համապատասխան գինը չվճարելու դեպքում տուգանք նշանակել, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում: Մինչդեռ Նախագծով սահմանված կարգավորումների եւ ժամկետների պարագայում երկրորդ առավելագույն գին առաջարկած եւ չվճարած անձի կողմից որեւէ պարագայում հնարավոր չէ ապահովել աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում տուգանքը գանձելու պահանջը, քանզի Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում դեռեւս աճուրդում հաղթած անձը հնարավորություն ունի վճարել սակարկությունների ընթացքում ձեւավորված գինը, որից հետո Նախագծով նախատեսվում է եռօրյա ժամկետում արձանագրության կազմում, 7-օրյա ժամկետում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձի կողմից համապատասխան գինը վճարելու պարտականություն եւ նշված ժամկետների արդյունքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը չի կարող ապահովել տուգանքի վճարման պարտականության իրականացումը՝ աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում:

5) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կատարելագործել աճուրդի գործընթացը՝ վերացնելով անբարեխիղճ մասնակիցների չարաշահումները, կարծում ենք նպատակահարմար է աճուրդում հաղթած անձի կողմից գինը չվճարելու համար տուգանք սահմանելուն վերաբերող կարգավորումներ սահմանել նաեւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում՝ համապատասխան լրացումներ նախատեսելով նաեւ շարժական եւ այլ անշարժ գույքի աճուրդի մասնակիցների համար:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վենագրից հետո փակագծերի մեջ նշված «Օրենք» բառը փոխարինել «Օրենսգիրք» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում նշված «Օրենքի» բառին:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «կետում» բառը փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ եւ 7-րդ մասերը:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում եւ 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հետեւյալ» բառը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ մասը:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացման արդյունքում Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում նախադասության սկզբում մեծատառով նշված «Գումարն» բառը նշված է մնալու մեծատառով, ուստի Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է ոչ թե լրացնել «Հաղթողի կողմից» բառերը, այլ փոփոխություն նախատեսել՝ «Գումարն» բառը փոխարինելով « Հաղթողի կողմից գումարն» բառերով: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Քաղաքացիական օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին՝ ապահովելով նաեւ Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

01.02.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

01.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-839-18.01.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկված փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են աճուրդային գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ առաջարկվում է հնարավորինս սահմանափակել կամ վերացնել հակամրցակցային համաձայնությունների արդյունքում բարձր գնային առաջարկներ կատարելու, առաջարկներից հետագայում հրաժարվելու, աճուրդները չեղյալ համարելու, ինչպես նաեւ հնարավոր մրցակիցներին աճուրդային գործընթացներից դուրս թողնելու հնարավորությունները: 

Զուգահեռաբար Նախագծով ընդլայնվում եւ հստակեցվում են աճուրդների մասով տեղեկատվության տարածման գործիքակազմերը, ինչպես նաեւ սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային եւ ծայրամասային բնակավայրերում հողի մեկնարկային գինը նվազեցնելով փորձ է արվում մեծացնել դրանց նկատմամբ գրավչությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

02.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-839-18.01.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով  առաջարկվում է ընդլայնել աճուրդների մասով տեղեկատվության տարածման գործիքակազմերը, կրճատել որոշումների կայացման ժամկետները, որոշակիորեն կրճատել աճուրդային գործընթացի գործարքային ծախսերը, Կառավարության սահմանած ցանկում ընդգրված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը իջեցնել:

Նախագծով նախատեսվում է տուգանքի վճարում աճուրդում հաղթած, բայց սահմանված ժամկետում սակարկությունների արդյունքում ձեւավորված գումարը ամբողջությամբ չվճարած անձի կողմից: 

2.  Հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «30» թիվը փոխարինել «20» թվով: Այսինքն, սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը սահմանել 20 տոկոս՝ ներկայիս 30 տոկոսի փոխարեն, ինչը մեր կարծիքով, առավել հիմնավորվածության կարիք  ունի:

Եթե նպատակը սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում տնտեսական շրջանառության մեջ աճուրդային գործընթացներում ներգրավված հողի մեկնարկային պայմաններն առավել գրավիչ դարձնելն է, որն ըստ Նախագծի հեղինակի կնպաստի հնարավոր հետաքրքրվածության մեծացմանը, ապա, հաշվի առնելով վերջին պատերազմական գործողությունների արդյունքում նոր առաջացած սահմանամերձ բնակավայրերը, առաջարկում ենք քննարկել տվյալ բնակավայրերում հողի կադաստրային արժեքի ավելի ցածր գին սահմանելու հարցը (օրինակ` 5-10 տոկոս):

3. Օրենսգրքի  70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.  «1. Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը: Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:»: 

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.  «1. Աճուրդում հաղթած անձը 7 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը: Եթե աճուրդում հաղթած անձը նշված ժամկետում գինը չի վճարում, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն  եւ հաղթած, բայց վճարումը չկատարած անձը վճարում է տուգանքի իր իսկ կողմից կատարած առավելագույն գնային առաջարկի 30 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 10 օրվա ընթացքում:

Եթե աճուրդում հաղթած անձի կողմից 7 օրվա ընթացքում գինը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 7 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը: Եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը  7 օրվա ընթացքում գինը չի վճարում, ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, 5 օրվա աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ  հաղթած, բայց վճարումը չկատարած անձը ենթարկվում է տուգանքի իր իսկ առաջարկած առավելագույն գնի  15 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում:»: Այսինքն, առաջարվող փոփոխությամբ, աճուրդում հաղթած անձը պարտավորվում է ոչ թե 10 օրվա՝ ինչպես ներկայիս իրավակարգավորումով է, այլ 7 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձեւավորված գինը: 

Հարկ ենք համարում նշել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.  «1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:»: 

Նշվածի կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  եւ 2-րդ պարբերություններում «7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով՝  համահունչ դարձնելով  վերը նշված Օրենքի բովանդակությանը:

4.  Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի  70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ սահմանվում է. «...Եթե աճուրդում հաղթած անձը նշված ժամկետում գինը չի վճարում, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ հաղթած, բայց վճարումը չկատարած անձը վճարում է տուգանքի իր իսկ կողմից կատարած առավելագույն գնային առաջարկի 30 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 10 օրվա ընթացքում:»: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է. «...Եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը 7 օրվա ընթացքում գինը չի վճարում, ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, 5 օրվա աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն եւ  հաղթած, բայց վճարումը չկատարած անձը ենթարկվում է տուգանքի իր իսկ առաջարկած առավելագույն գնի 15 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում:»: 

Կարծում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում աճուրդի կազմակերպչի կողմից արձանագրությունը կազմելու ժամկետը հստակ եւ որոշակի չէ, քանզի պարզ չէ աճուրդի կազմակերպչի կողմից արձանագրությունը կազմվելու է 5 օրացուցային թե՞ աշխատանքային օրվա ընթացքում: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «5 օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, այդ կերպ համապատասխանեցնելով Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության ձեւակերպման հետ: Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: 

Նշենք նաեւ, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումամբ անդրադարձ չի կատարվում, թե ինչո՞վ է պայմանավորված աճուրդի կազմակերպչի կողմից արձանագրությունը կազմելու ժամկետների տարբերակված մոտեցումը:

5.  Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ աճուրդում հաղթած, բայց նշված ժամկետում վճարում չկատարած անձը «...վճարում է տուգանքի իր իսկ կողմից կատարած առավելագույն գնային առաջարկի 30 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 10 օրվա ընթացքում:»: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն, եթե աճուրդում հաղթած երկրորդ անձը  սահմանված ժամկետում գինը չի վճարում, «... ապա բացի նախավճարից, որը նրան չի վերադարձվում, 5 օրվա աճուրդի կազմակերպիչը կազմում է արձանագրություն  եւ հաղթած, բայց վճարումը չկատարած  անձը ենթարկվում է տուգանքի իր իսկ առաջարկած առավելագույն գնի 15 տոկոսի չափով, որը ենթակա է գանձման աճուրդի օրվանից 7 օրվա ընթացքում:»:

Նախագծին կից  ներկայացված հիմնավորման մեջ որեւէ պարզաբանում չի տրվում, թե ի՞նչ չափորոշիչներից ելնելով է սահմանվել տուգանքի տոկոսի չափերը եւ տուգանքի գանձման ժամկետների տարբերությունը, ինչը մեր կարծիքով հիմնավորման կարիք ունի:

Բացի այդ, աճուրդում հաղթած երկրորդ անձի կողմից սահմանված ժամկետում գինը չվճարելու դեպքում, վերջինիս նախավճարը չի վերադարձվում՝ ի տարբերություն աճուրդում առաջին հաղթող ճանաչված անձի, ինչը նույնպես լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

6.  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում  «Հաղթողի կողմից» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հաղթող ճանաչված անձի կողմից» բառերով (տե՛ս Օրենսգրքի 64-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերը, 68-րդ հոդվածի 9-րդ մասը):

Եզրահանգում

Նախագիծը, կարծում ենք, բավարար չափով հիմնավորված չէ եւ, վերոգրյալի հետ կապված,  լրացուցիչ հիմնավորման, հստակեցման  եւ  լրաշմակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

01.02.2021թ.