ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-842-20.01.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8421 -20.01.2021-ՊԻ-011/0) եւ «Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրնքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8422 -20.01.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթով նախատեսվում է մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, ավելացնել դատավորների թվակազմն ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում, մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորներին, այնպես էլ նոր համալրված կադրերին, սահմանել դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ:

2. Փաթեթում ընդգրկված  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացման հնարավորություն ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում՝ համապատասխանաբար 21 եւ 3 դատավորով: Նշված նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, ինչը կհանգեցնի ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերի ավելացման: Ի դեպ, այդ մասին նշված է նաեւ Փաթեթին կից ներկայացված ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին եզրակացությունում: Հետեւաբար, Փաթեթի ընդունումը լրացուցիչ ծախսային ծանրաբեռնվածություն կառաջացնի 2021 թվականի պետական բյուջեի համար` համապատասխան ծախսային ծրագրի իրականացման համար պահանջելով լրացուցիչ ֆինանսավորում:

Եզրահանգում

Փաթեթի ընդունումը կնպաստի մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաեւ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Փաթեթի ընդունումը կառաջացնի պետական բյուջեում ծախսերի ավելացման անհրաժեշտություն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

25.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-842-20.01.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8421 -20.01.2021-ՊԻ-011/0)  եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ՝ Կ-8422 -20.01.2021-ՊԻ-011/0)  վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:
                                    

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, դատական իշխանության պաշտոնական կայքում առկա վիճակագրական տվյալները փաստում են, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երեւան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում: Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարացնելու եւ կալանքի վերահաստատման մասին միջնորդությունները կազմել են՝ Երեւան քաղաքում՝ 2.193, մարզեր՝ 1.213, խուզարկության կատարման մասին միջնորդությունները՝ Երեւան քաղաքում՝ 3.005, մարզերում՝ 2.298:

Քրեական մասնագիտացման դատավորները ի լրումն իրենց մակագրվող քրեական գործերի, քննում են նաեւ վերոգրյալ միջնորդությունները եւ Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը, ինչը ոչ միայն գերծանրաբեռնվածություն է առաջացնում այլեւ չի ապահովում տվյալ միջնորդությունների քննության արդյունավետությունը եւ նշված հարցերով մասնագիտացումը: 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, դատավորների թափուր հաստիքների համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ գործող դատավորների համար հոգեբանական թեստավորման փուլն անցնելու եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ, գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները? մինչդատական քրեական վարույթի գործեր եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները: 

Հաշվի առնելով քննվող քրեական գործերի ընդհանուր վիճակագրական տվյալները եւ հարաբերակցությունը առանձին գործերի հետ՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատական համակարգը համալրել քրեական մասնագիտացման նոր դատավորներով, մասնավորապես՝ նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ քրեական դատարաններում:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները, կարծում ենք, կնպաստեն Նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակների իրացմանը: Մասնավորապես՝  կհանգեցնեն քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, կբարձրացնեն մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

26.01.2021թ.