ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-846-22.01.2021-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ): 

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը: Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ այն միտում ունի նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների եւ Հայաստանի Հանրապետության՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները: 

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 
 
 

05.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-846-22.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները)՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծից եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ ինչով է պայմանավորված որպես հանրային հատվածի կազմակերպություն առանձին սահմանել նշված պետական մարմինների աշխատակազմը եւ ոչ, օրինակ,  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ պետական մարմինների, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի եւ այլ պետական մարմինների աշխատակազմը: Բացի այդ , հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առանձին նախատեսումը՝ որպես հանրային հատվածի կազմակերպություն, այն պարագայում, երբ Սահմանադրությամբ որպես պետական մարմին սահմանված է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծով լրացվող պետական մարմինների անվանումները համապատախանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հանելով «ՀՀ» հապավումները

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն դրույթով առաջնորդվելով ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի վերնագրից հետո նշված « Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: 

4.  Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «բառը» եւ «բառով» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատախանաբար՝ «թիվը» եւ «թվով» բառերով:

5. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.02.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-846-22.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն, սահմանել օրենքով, ինչպես նաեւ հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը: Նշված իրավասությունները ներառում են հողամասերի եւ շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների եւ մեթոդաբանության, նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների եւ սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման եւ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ հստակ սաhմանել ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը՝ իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) եւ ՀՀ՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

25.01.2021թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-846-22.01.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված նախագծով նախատեսվում է հստակեցնել ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը մշտադիտարկում իրականացնելու հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները, ինչը պայմանավորված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող առանձին հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքներով:

Առաջարկվում է նաեւ լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն, սահմանել օրենքով, ինչպես նաեւ հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:

Տվյալ լիազորությունները ներառում են հողամասերի եւ շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների եւ մեթոդաբանության, նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների եւ սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման եւ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.01.2021