ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-849-25.01.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: 

1.  Նախագծի 2-րդ հոդվածով «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում «նախատեսված» բառը նախատեսվում է փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-րդ, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-րդ, 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված պահանջների» բառերով:

Օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում հստակությունը ապահովելու նպատակով առաջարկում ենք Օրենքում նախատեսել ընդհանուր դրույթ այն մասին, որ սույն օրենքի պահանջների խախտման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն: Իսկ պատասխանատվության չափը, տեսակը եւ սուբյեկտը նախատեսել համապատասխան օրենքում, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի 26-րդ հոդվածի «2.2.-րդ» մասին կատարված հղումի գրառման ձեւից առաջարկում ենք հանել՝ դասական թվականների գրության ձեւի մեջ չկիրառվող, հոդվածների համարներից հետո նշված «.» կետադրական նշանը: 

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «11.1-րդ» եւ «12.1-րդ» ձեւակերպումները համապատասխանաբար փոխարինել «11.1-ին» եւ «12.1-ին» ձեւակերպումներով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումներն առաջարկում ենք  լրամշակել Նախագիծը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

15.02.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

15.02.2021թ.





 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-849-25.01.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է համացանցով վիճակախաղերի գովազդի նկատմամբ մինչեւ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակումը՝ դրանք թույլատրելով 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

2. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում, որի արդյունքում վարչական պատասխանատվություն կկիրառվի ոչ թե նախատեսված, այլ կոնկրետ համապատասխան մասերով սահմանված պահանջների խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուգանք կիրառելու միջոցով: Հնարավոր անորոշություններից խուսափելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել տուգանքի կիրառումն այն դեպքերի համար, երբ միաժամանակ խախտվում են մեկից ավելի պահանջներ: Այսինքն, տվյալ դեպքում տուգանքը կիրառվում է յուրաքանչյուր առանձին վերցված դեպքի՞, թե բոլորի համար նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Ի դեպ, եթե Նախագծով նկատի է առնված երկրորդ տարբերակը, ապա այս դեպքում ծագում է կատարված խախտման եւ կիրառված ֆինանսական պատասխանատվության ոչ համաչափության խնդիրը: Այսինքն, մեկ խախտում եւ մեկից ավելի խախտումներ կատարած անձանց նկատմամբ նույն չափով տուգանքի կիրառումը, կարծում ենք, վիճահարույց է: 

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կնպաստի համացանցով վիճակախաղերի գովազդների իրականացման հետ սահմանափակումների կանոնակարգմանը՝ թույլատրելի ժամանակահատվածում գովազդի տեղադրման նկատմամբ վերահսկողական գործուն մեխանիզմների կիրառման եւ պատասխանատվության միջոցների հստակեցման դեպքում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

05.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-849-25.01.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)15-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության? վիճակախաղի գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Քանի որ չկան հստակ չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման եւ վերահսկողության տեսանկյուններից: 

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանում՝ 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերությունում «չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին» բառերը փոխարինել «թույլատրվում է ժամը 22:00- 07:00-ն ընկած ժամանակահատվածում;» բառերով:

Նախագծով հստակեցվել են վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումները: Առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 2.2.-րդ մասում «նախատեսված» բառը անհրաժեշտ է փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-րդ, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-րդ, 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված պահանջների» բառերով:

2. Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

2.1 Վարչարարության իրականացման խնդիրներով պայմանավորված լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարինումը ժամային սահմանափակմամբ, կարծում ենք, ամբողջությամբ չի լուծում գոյություն ունեցող խնդիրները՝ պայմանավորված պատշաճ վերահսկողության իրականացմամբ: Այսինքն, ժամանային սահմանափակման կիրառման պայմաններում եւս կշարունակեն գոյություն ունենալ մի շարք խնդիրներ, որոնց լուծումը գովազդի ժամի վերահսկողության դեպքում բավականաչափ բարդ է: Վերջինս ավելի է խորանում, կապված կայքէջերի մեծ բազմազանության եւ, ինչ-որ տեղ, անվերահսկելիության դեպքում:

2.2 Ինչ խոսք, գովազդը կայքէջի 20% ծավալային սահմանափակման տեսանկյունից դժվար վերահսկելի է, սակայն Նախագծի բովանդակությունից պարզ չէ, արդյո՞ք ժամային սահմանման դեպքում կայքէջի 20% ծավալային սահմանափակումը կմնա: 

2.3 Անգամ գովազդի ժամային սահմանման դեպքում անհրաժեշտ է որոշակի սահմանափակումներ կիրառել գովազդի բնույթի եւ ծավալի նկատմամբ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Այս առումով, անհրաժեշտ է լրացուցիչ մեխանիզմներ նախատեսել «ագրեսիվ» գովազդի կանխարգելման եւ դրա տեւողության սահմանափակման ուղղությամբ:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

03.02.2021