ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-850-27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8501 -27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8502 -27.01.2021-ԱՍ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է Կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծել մեկ միասնական կառույց՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն Միասնական սոցիալական ծառայության տեսքով՝ Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա: Նախագծերի փաթեթի ընդունումը թույլ կտա ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը:

Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթն ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

02.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-850-27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8501 -27.01.2021-ԱՍ-011/0),«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8502 -27.01.2021-ԱՍ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տեղական ինքնակառավարման մարմինը», «եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով», եւ «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:

Նշված փոփոխության արդյունքում, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական ծառայություններ է տրամադրում տարածքային մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում ու կարգով կարող է սոցիալական ծառայություններ տրամադրել նաեւ այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տարածքային մարմնում աշխատելու (քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու) համար սահմանվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունների պահանջ»:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած է ճանաչվում:

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում`

1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.

2) տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում.

3) կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման շրջանակներում»:

Վերոնշյալ կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել՝ եթե Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ չի տրամադրելու պետության պատվիրակած լիազորությունների շրջանակում, ապա հասկանալի չէ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով:

2. Նախագծի 5-րդ հոդվածում Օրենքում նոր լրացվող 22.1-ին հոդվածով սահմանվում է Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները: Հարկ է նկատել, որ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված տարածքային մարմինների լիազորությունները եւ Միասնական սոցիալական ծառայության մի շարք լիազորություններ (Օրինակ` իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) եւ կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրում, կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով, կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում եւ այլն) նույնական են: 

Վերոգրյալի վերաբերյալ նշենք հետեւյալը.

Կարծում ենք, Միասնական սոցիալական ծառայության եւ տարածքային մարմինների լիազորությունների միջեւ բավարար հստակությամբ տարանջատման բացակայությունը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Երկու տարբեր մարմիններին միեւնույն գործառույթների տրամադրումը գործնականում կարող է հանգեցնել իրավական շփոթի: Հետեւաբար, առաջարկում ենք խնդրո առարկա դրույթը համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին` իրավակարգավորման հստակությունը, բավարար մատչելիությունը, կանխատեսելիությունը, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծը օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն ստեղծելը ապահովելու միտումներով:

3. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

4. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սոցիալական ապահովության ծառայությանն անվանափոխել Միասնական սոցիալական ծառայության»:

Հարկ է մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի քննարկվող դրույթի պահանջին:

5. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը»:

Կարծում ենք՝ վերոնշյալ իրավակարագավորումը նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու վերաբերյալ իրավակարգավորում սահմանված չէ:

Նույն դիտարկումը վերաբերելի է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ հիմք ընդունելով մեջբերված դիտարկումները անհրաժեշտ է քննարկվող կարգավորումները խմբագրելիս հաշվի առնել իրավական որոշակիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան(հեռ.` 011-513-248)

02.02.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.02.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-850-27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8501 -27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8502 -27.01.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության ենենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով նախատեսվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության շրջանակներում սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն եւ սահմանել վերջինիս լիազորությունները:

2. Նախագծերի փաթեթը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական եւ ամբողջական գնահատմանը, մատչելի, նպատակային եւ որակյալ սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

29.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-850-27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8501 -27.01.2021-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8502 -27.01.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը նպատակ ունի արդյունավետ մեխանիզմներ ներդնել սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման գործում: 

ՀՀ կառավարությունը որդեգրել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան? բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմամբ: 

Այդ կապակցությամբ, կստեղծվի առավելապես նոր բովանդակությամբ սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ` տարաբնույթ աջակցության տրամադրմամբ? ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները:

            Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

ա/ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Միասնական սոցիալական ծառայություն: Ըստ այդմ` «Սոցիալական աջակցության մասին» օրենքից հանել «համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն» հասկացությունը`  դրա անհրաժեշտության բացակայության հիմքով (Նախագծերի փաթեթով մեկ միասնական մարմնի կազմում ընդգրկվում են սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները), սահմանել միասնական սոցիալական ծառայության լիազորությունները`  հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջը:

բ/ փոփոխություն կատարել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում` նախարարությանը ենթակա մարմինների ցանկում ներառված Սոցիալական ապահովության ծառայությունը վերանվանելով Միասնական սոցիալական ծառայություն:

գ/ փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում`  Սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները «Սոցիալական աջակցության մասին» օրենք տեղափոխելու եւ լրամշակելու համար:

2. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի` «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» 3-րդ մասով սահմանվում է. «3. Սույն օրենքի ընդունումից հետո Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող է առաջարկվել հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ: Իրենց գրավոր համաձայնության դեպքում մրցույթի արդյունքով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են առաջարկվող պաշտոններին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:»:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «6. Համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչեւ վերակազմակերպումը եւ (կամ) կառուցվածքային փոփոխությունը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, եւ հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:»: 

Առաջարկում ենք, Նախագիծը համահունչ դարձնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասին` 8-րդ հոդվածի 3-րդ մասում «...հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ» բառերից հետո ավելացնելով «`իր համաձայնությամբ» բառերը:

Եզրահանգում

Կարծում ենք, որ ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, անշուշտ, հնարավորություն կնձեռեն ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքների համալիր եւ միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235)

29.01.2021