«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-853-02.02.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8531 -02.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ ներառելով օրենսգրքի հերթական համարը: 2. Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝ «12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում նկատել հետեւյալը. 1) Օրենսգրքում օրինապահ հարկ վճարողին հավաստագիր տրամադրելու դեպքեր նախատեսված չեն: Սակայն նշված հարցի օրենսդրական մակարդակով կարգավորումը, կարծում ենք, անհրաժեշտ է իրավական որոշակիության սկզբունքի պահանջների պահպանման տեսանկյունից: Հետեւաբար քննարկվող հատվածով այս կարգավորումը հստակեցման կարիք ունի: 2) Նախագծում կիրառվող «օրինապահ հարկ վճարող» հասկացությունը նոր է, ուստի օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության պահանջների պահպանման միտումներից ելնելով՝ առաջարկում ենք սահմանել քննարկվող հասկացությունը՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»: 3. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 13-րդ կետով՝ «13) հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրել եւ տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը»: Մեջբերված իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել, որ «Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրել» ձեւակերպման պարագայում անորոշ է՝ ինչն է պարտավոր ուսումնասիրել հարկային մարմինը: Հետեւաբար կարծում ենք քննարկվող հատվածով տվյալ դրույթը վերախմբագրման եւ հստակեցման կարիք ունի: 4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգիրքը լրացնել «Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը եւ դրա առանձնահատկությունները» վերտառությամբ 293.1-ին հոդվածով: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը. 1) «293.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «293.1-ին» թվով: 2) Հարկ է նկատել, որ տվյալ հոդվածով կարգավորվող հարցը դուրս է «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառումը» վերտառությամբ գլխի կարգավորման առարկայի շրջանակից: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»: Միաժամանակ առաջարկում ենք Օրենսգրքում նոր լրացվող 293.1-ին հոդվածը տեքստից անջատել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»: 5. Օրենսգրքում նոր լրացվող 293.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածում սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար: 1) Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը. 1) «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը՝ ընդգծված հատվածով: Միաժամանակ նշենք, որ միայն «եւ» շաղկապի կիրառման պարագայում խնդրահարույց կլինի հետեւյալ հարցը՝ արդյո՞ք կան դեպքեր, երբ պահանջվում է եւ՛ հարկ վճարող կազմակերպության, եւ՛ անհատ ձեռնարկատիրոջ կողմից միաժամանակ կերպով դիմումը ներկայացնելը: 2) Օրենսգրքում նոր լրացվող 293.1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք կետը չհամարակալել՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Սակայն տվյալ պարագայում մեկ կետ է եւ բաժանում կատարելու խնդիր առկա չէ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ նույն հոդվածի 4-րդ մասին: 6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 293.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ»: Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասում «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում» բառերով»: Վերոգրյալ դրույթների կապակցությամբ հարկ ենք համարում մեջբերել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 50-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: Նշենք, որ Նախագծով նախատեսված դրույթներով օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության ոլորտում տարբերակված մոտեցումների սահմանումը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքի տեսանկյունից: Վարչարարությունը, կարծում ենք, պետք է միատեսակ լինի բոլոր հարկ վճարողների համար, քանի որ քննարկվող իրավունքը Սահմանադրությամբ նախատեսված է բոլոր հարկ վճարողների համար հավասարապես: Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ եւս օբյեկտիվ հիմք նախատեսված չէ տվյալ արտոնության նախատեսման համար: Հետեւաբար նշված հատվածով քննարկվող դրույթները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն: 7. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը. «Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝ 4. Հարկային մարմինը օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին՝ հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաեւ համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում՝ հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով»: Նշված կարգավորման կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ օրինապահ հարկ վճարողների համար արտոնություններ սահմանելը ենթադրում է այնպիսի կարգավորումների նախատեսում, որոնք կհանգեցնեն վերջիններիս վիճակի բարելավմանը, օրինակ՝ հարկի դրույքաչափի նվազեցումը: Մինչդեռ հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկում ստանալը բոլոր հարկ վճարողների իրավունքն է: Հետեւաբար իրազեկման վերաբերյալ մեխանիզմը, կարծում ենք, պետք է միատեսակ եւ արդյունավետ լինի բոլոր հարկ վճարողների համար: 8. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Միաժամանակ առաջարկում ենք նշված նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.03.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.03.2021թ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-853-02.02.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8531 -02.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը` նախատեսելով հավաստագրման եւ խրախուսման որոշակի մեխանիզմներ, իսկ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր: 2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: ա) Նախագծի 1-ին հոդվածով Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է սահմանել, որ. «հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը իրավունք ունեն` գգգ Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար»: Սակայն, ինչպես Հարկային օրենսգրքում, այնպես էլ ներկայացված Նախագծում «սահմանված դեպքերը» բացակայում են: Կարծում ենք, վերջինս կառաջացնի անորոշություն՝ Փաթեթի ընդունման դեպքում դրա գործողությունն ապահովելու համար: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ խոսքը գնում է ոչ թե հավաստագիր ստանալու, այլ այդ նպատակով դիմելու դեպքերի մասին: Ի դեպ, պետք է նշել, որ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ նախագահի 283-Ա հրամանով, որով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմը, եւ որի մասին հիշատակվում է Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ, եւս սահմանափակում չկա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար հարկ վճարողի կողմից դիմում ներկայացնելու հարցում: Կարծում ենք, այստեղ ավելի շատ պետք է խոսքը գնա ոչ թե դիմելու համար անհրաժեշտ դեպքերի, այլ հավաստագիր ստանալու համար պահանջվող չափանիշների մասին: Այս կապակցությամբ, առաջարկում ենք կամ հստակ սահմանել այն դեպքերը, որոնց առկայությունը հնարավորություն կտա հարկ վճարողին դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար, կամ էլ նման սահմանափակում չկիրառել եւ հնարավորություն տալ հարկ վճարողին ցանկացած դեպքում դիմել նման հավաստագիր ստանալու համար: բ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Հարկային օրենսգիրքը լրացնել 293.1-րդ հոդվածով: Վերջինիս 1-ին մասով սահմանվում է, որ ավելացված արժեքի հարկ վճարողների գործունեության արդյունքներով՝ Օրենսգրքով սահմանված կարգով կարող է հավաստվել հարկ վճարողի օրինապահությունը: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածով Հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում առաջարկվող լրացման համաձայն «հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է` գգգ հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրել եւ տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը:»: Հետեւաբար, հարց է ծագում, հարկ վճարողի օրինապահությունը հավաստվում է Օրենսգրքով, թե՞ Կառավարության սահմանած կարգով: Ի դեպ, Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Կարծում ենք, հնարավոր տարընթերցումներից եւ տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով Նախագծում անհրաժեշտ է սահմանել նաեւ այն չափանիշները, որոնց բավարարելու պարագայում միայն հնարավոր կդառնա օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը, առավել եւս, որ ՊԵԿ նախագահի վերը նշված հրամանում արդեն իսկ սահմանված են այդ չափանիշները: Բացի այդ, կարծում ենք «կարող է հավաստվել» արտահայտությունը խիստ վիճահարույց է եւ սուբյեկտիվ դրսեւորումների տեղիք տվող, քանի որ նշանակում է, որ կարող է նաեւ չհավաստվել: Մինչդեռ, եթե հարկ վճարողը բավարարում է օրինապահ հարկ վճարող համարվելու համար Կառավարության կողմից սահմանված բոլոր չափանիշներին, ապա դրանից ենթադրվում է, որ միանշանակ հավաստագրվում է: Հետեւաբար, առաջարկում ենք «կարող է հավաստվել» արտահայտությունը փոխարինել «հավաստվում է» բառերով: գ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման համաձայն ավելացված արժեքի հարկ վճարողների գործունեության արդյունքներով Օրենսգրքով սահմանված կարգով կարող է հավաստվել հարկ վճարողի օրինապահությունը: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը իրավունք ունեն Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար: Այսինքն, Նախագծից պարզ չի դառնում, թե օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու իրավունք ունեն բոլոր հարկ վճարողները, թե՞ միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: Բացի այդ, հասկանալի չէ, թե ավելացված արժեքի հարկ վճարողների գործունեության ո՞ր ու ինչպի՞սի արդյունքների մասին է խոսքը: Առավել եւս, որ նույն հոդվածի համաձայն օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները սահմանում է Կառավարությունը: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ վերջին ձեւակերպումն օգտագործվում է «Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը եւ դրա առանձնահատկությունները» վերնագրով հոդվածում եւ, այս առումով, հասկանալի չէ, թե այդ չափանիշները վերաբերելու են օրինապահ հարկ վճարողի հավաստագրին հավակնող բոլո՞ր, թե միայն ավելացված արժեքի հարկ վճարողներին: Ի դեպ, ներկայումս գործող ՀՀ ՊԵԿ նախագահի 283-Ա հրամանով, որով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների համակարգը, որպես այդպիսին հանդիսանալու համար սահմանված են բացառապես հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման հետ կապված պայմաններ, այլ ոչ թե գործունեության արդյունքներ: դ) Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: Եթե Փաթեթի նպատակը օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի ներդրման միջոցով հարկային պարտավորությունների կատարման կամավոր սկզբունքի արմատավորումն է, ապա, կարծում ենք, տրամաբանական չէ «կարող են սահմանվել» ձեւակերպման օգտագործումը, քանի որ այն իմպերատիվ բնույթ չի կրում եւ կատարման համար պարտադիր չէ: Այս առումով առաջարկվում է «կարող են սահմանվել» արտահայտությունը փոխարինել «սահմանվում են» բառերով: ե) Հարկային օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հարկային մարմինը պարտավոր է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հարկ վճարողների իրազեկումն ապահովել ոչ ուշ, քան այդ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է նշված հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «4. Հարկային մարմինը օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին՝ հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաեւ համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում՝ հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:»: Այս կապակցությամբ հարց է ծագում, թե մյուս հարկ վճարողների համեմատությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների՝ հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին առավել շուտ իրազեկումը ինչքանո՞վ է տեղավորվում «վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ» ձեւակերպման շրջանակներում: Նման հարցադրումը բխում է Հարկային օրենսգրքով «հարկային վարչարարություն» հասկացության սահմանումից, ըստ որի` այն լիազոր մարմնի՝ Օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը: Այս համատեքստում եւս մեկ հարց է ծագում «վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ» ձեւակերպման հետ կապված, որի մեկնաբանությունը բացակայում է ինչպես Հարկային օրենսգրքում, այնպես էլ սույն Նախագծում՝ տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների եւ տարընթերցումների: Միեւնույն ժամանակ, եթե գործնականում հնարավոր է 10 օրվա ընթացքում ապահովել իրազեկում, ապա ինչու՞ նույն մոտեցումը չի կիրառվում բոլոր հարկ վճարողների համար, ինչն էլ զգալիորեն կբարձրացներ հարկային վարչարարության արդյունավետությունը: Ի դեպ, այս կապակցությամբ հարկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագծով օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար նախատեսվում են հետեւյալ կարգավորումները (ենթադրաբար՝ վարչարարության բարենպաստ պայմանները). - հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին 10 օրվա ընթացքում իրազեկում (մյուս հարկ վճարողների դեպքում՝ 1 ամսվա ընթացքում), - միասնական հաշվում առկա գումարները դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում վերադարձ (մյուս հարկ վճարողների դեպքում՝ 20 օրվա ընթացքում), - ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչեւ 60 միլիոն դրամի հայտերի ներկայացման հնարավորություն (մյուս հարկ վճարողների դեպքում՝ 40 միլիոն), - hարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում բողոքները հարկային մարմնի կողմից 15 օրվա ընթացքում քննություն եւ դրանց վերաբերյալ որոշումների ընդունում (մյուս հարկ վճարողների դեպքում՝ 30 օրվա ընթացքում): Ըստ էության, նշվածներից որեւէ մեկը չի կարող դիտարկվել որպես վարչարարության բարենպաստ պայման, հաշվի առնելով, որ վերջինս հարկային մարմնի կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը: Այս կապակցությամբ, կարծում ենք, Նախագծում կամ պետք է «վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ» բառակապակցությունը փոխարինել՝ օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող եւ վերը հիշատակված կարգավորումներին առավել համահունչ ձեւակերպմամբ, կամ պետք է «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ» նախադասությունը հանել: ե) Նախագծով չեն սահմանվում հարկ վճարողին օրինապահ հարկ վճարողի հավաստագրից զրկելու հիմքերը եւ դեպքերը: Ըստ Նախագծով սահմանված կարգավորումների, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ձեռք բերելուց հետո դրա գործողության ժամանակահատվածում հարկ վճարողը կարող է խախտել այն ստանալու համար սահմանված չափանիշները, սակայն շարունակել հանդիսանալ օրինապահ հարկ վճարող եւ օգտվել նախատեսված հնարավորություններից: Կարծում ենք, նման մոտեցումը տրամաբանական չէ եւ, այս առումով, առաջարկում ենք Նախագծում սահմանել նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրից զրկելու հիմքերը: Կարեւորելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման կամավորության սկզբունքի արմատավորումը, միաժամանակ, կարծում ենք, որ Փաթեթի ընդունումը, լավագույն դեպքում, կապահովի տվյալ խնդրի միայն մասնակի լուծում: Փաթեթը լրամշակման կարիք ունի՝ ներկայացված տարընթերցումներ եւ տարամեկնաբանություններ պարունակող դրույթների հստակեցման նպատակով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 12.02.2021թ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-853-02.02.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8531 -02.02.2021-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
1. Ներկայացված Նախագծերի փաթեթը նպատակ ունի խրախուսել հարկերի վճարման կամավորությունը, օրինապահ հարկ վճարողների գործունեության համար ստեղծել գործունեության բարենպաստ պայմաններ, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար ապահովել անհրաժեշտ նորմատիվ հիմքեր: Առաջարկվող լրացումներով ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ? ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում, ինչը կխթանի հարկային եւ մաքսային կարգապահությանը, հարկային մարմնի գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը? նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը: Ներկայացվող իրավակարգավորումներով նորմատիվ հիմքեր կստեղծվեն օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգի ներդրման համար: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով ամրագրել ապրիլի 19-ը՝ որպես հարկ վճարողի օր: 2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 08.02.2021թ.
|