ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-855-05.02.2021-ՏՀ-011/0), «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8551 -05.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1.  «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) անվանումից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

2.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է մեկ փոփոխություն:

3.   Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել Օրենքի լրիվ անվանումից հետո գրված «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» օրենքի անվանումից հետո գրված «ՀՀ» հապավմանը:

4.   Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «թ.» ձեւակերպմանը:

5.   Նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված «ավելացնել» բառին:

6.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող լրացումն առաջարկում ենք գրել չակերտների մեջ, բացի այդ նշված լրացումից առաջ լրացնել «30)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ «(...) Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:» եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

7.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվում է «օգտակար տարածք» նոր հասկացություն: Կարծում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում չի օգտագործվում «օգտակար տարածք» հասկացությունը:

«Օգտակար տարածք» հասկացությունը կիրառվում է «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, հետեւաբար կարծում ենք նշված լրացումը անհրաժեշտ է կատարել «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» օրենքում:

8.   Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել՝ նոր «ա» եւ «բ»  ենթակետերով.

ա. Սպառողը պարտավոր է իր էներգիատեղակայանքներով մատակարարին փոխանցել նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրող հանդիսացող ենթասպառողի առաքած էլեկտրաէներգիան:

բ.  Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրող հանդիսացող ենթասպառողի կողմից բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը եւ դրա դիմաց հատուցումը կատարվում է վերականգնվող էներգետիկ փոխհոսքեր իրականացնող ինքնավար արտադրողի եւ բաշխողի միջեւ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված օրինակելի ձեւին համապատսախան  եւ ենթասպառողը պարտավոր է մատակարարին վճարել փողհոսքերի ապահովման համար վճարներն ու առաջացած ծախսերը  իրենց միջեւ կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման եւ հատուցման պայմանագրի հիման վրա»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

8.1 Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան եւ բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումն սպառողի կողմից չի իրականացվում իբրեւ ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, եւ այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առեւտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում)»: 

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի «48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել՝ նոր «ա» եւ «բ» ենթակետերով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «48-րդ հոդվածում լրացնել «1.1» եւ «1.2» մասեր» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի», եւ հետեւյալ հիմնավորմամբ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «ա» եւ «բ» ենթակետերով սպառողների համար սահմանվում են նոր պարտականություններ, որոնք չեն բխում Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասից: Հետեւաբար կարծում ենք սպառողների համար նոր պարտականությունների սահմանումը Օրենքի 48-րդ հոդվածում պետք է կատարվի առանձին մասերի տեսքով:

8.2  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «բ» ենթակետում «Հանձնաժողովի» բառն առաջարկում ենք գրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 4-րդ հոդվածի 21-րդ կետում հանձնաժաողովն որպես հիմնական հասկացություն սահմանվում է հետեւյալ կերպ՝ «հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»:

8.3  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «բ» ենթակետում կարծում ենք առկա է վրիպակ, մասնավորապես օգտագործվում է «փոխհոսքեր» եւ «փողհոսքեր» ձեւակերպումները:

8.4   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածում կատարվող լրացումներն առաջարկում ենք գրել չակերտների մեջ:

9.    Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 500 կիլովատը այն իրավաբանական անձանց դեպքում,  որոնք ոչ ավել քանի 1 տարի գործել են ընդհանուր հարկման համակարգում, իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձանց  դեպքում՝ նախորդ տարվա ընթացքում իրենց սպառած էներգիայի հզորությանը գումարած 50 տոկոս ավել դրվածքային հզորություն, բայց ոչ ավել, քան 2 մեգավատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման՝ կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

9.1 Նախագծի 3-րդ հոդվածի «կետը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

9.2 Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 59-րդ հոդվածի նոր շարադրվող 6-րդ մասում սահմանվում է իրավակարգավորում միայն իրավաբանական անձ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների համար: Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենքի 4-րդ հոդվածում սահմանված է ինքնավար էներգաարտադրող հասկացությունը, որի համաձայն՝ «ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.»: Այսպես՝ ինքնավար էներգաարտադրող կարող է լինել  իրավաբանական կամ ֆիզիկական անձ: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 59-րդ հոդվածի գործող 6-րդ մասում սահմանված իրավակարգավորումը վերաբերում է իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիասացող ինքնավար էներգաարտադրողներին, այն է՝ «Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում»:

Հետեւաբար կարծում ենք անհասկանալի է արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորության գերազանցման սահմանափակման նախատեսումը միայն իրավաբանական անձ հանդիասացող ինքնավար էներգաարտադրողների համար: 

9.3 Կարծում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 59-րդ հոդվածի նոր շարադրվող 6-րդ մասում սահմանված իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես կիրառվում է «1 տարեկանից բարձր իրավաբանական անձ» անորոշ ձեւակերպումը, հասկանալի չէ ինչպես է հաշվարկվելու իրավաբանական անձի տարիքը:

9.4 Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 59-րդ հոդվածի նոր շարադրվող 6-րդ մասն առաջարկում ենք գրել չակերտների մեջ, բացի այդ նշված փոփոխությունից առաջ լրացնել «6.» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

10.  Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենք ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում»:

Կարծում ենք վերոնշյալ դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսասնկյունից: Մասնավորապես հասկանալի չէ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ նման ձեւակերպումից բխում է, որ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել տասնօրյա ժամկետում, որը կարող է լինել տասնօրյա ժամկետում օրինակ՝ 3-րդ, 9-րդ կամ մեկ այլ օր: Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

11.  «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում է մեկ լրացում:

12.  «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին, այն է՝ «(...) Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:» եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

13.  «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր նախադասություն» ձեւակերպմամբ:

14.  «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին մասում լրացվող նոր նախադասության համաձայն՝ «Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ից մինչեւ ապրլի 30-ն ընկած ժամանկահատվածը»:

Առաջարկում ենք հստակությունն ապահովելու համար ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացույցային տարվա մայիսի 1-ից մինչեւ հաջորդ օրացույցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը»:

15.  «Էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում», իսկ «ենթակետ» բառը «կետ» բառով՝ հիմք ընդունելով Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածում կիրառված հասկացությունները:

16.  Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ/կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը՝ ընդգծված հատվածներով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

01.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

01.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-855-05.02.2021-ՏՀ-011/0) եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8551 -05.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Փաթեթով նախատեսվում է վերանայել ինքնավար էներգարտադրող հանդիսացող իրավաբանական անձանց համար սահմանված էներգաարտադրող տեղակայանքների տեղադրման դրվածքային հզորության սահմանափակումը: 

2. Փաթեթում ընդգրկված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում  ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «բ» ենթակետով, համաձայն որի. «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրող հանդիսացող ենթասպառողի կողմից բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը եւ դրա դիմաց հատուցումը կատարվում է վերականգնվող էներգետիկ փոխհոսքեր իրականացնող ինքնավար արտադրողի եւ բաշխողի միջեւ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված օրինակելի ձեւին համապատասխան  եւ ենթասպառողը պարտավոր է մատակարարին վճարել փողհոսքերի ապահովման համար վճարներն ու առաջացած ծախսերը  իրենց միջեւ կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման եւ հատուցման պայմանագրի հիման վրա:»: Այս կապակցությամբ առաջանում են որոշ հարցեր` պայմանավորված օգտագործվող ձեւակերպումների անորոշությամբ: Մասնավորապես.
 

  • Նախ, անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը փոխհոսքերի՞, թե՞ փողհոսքերի մասին է, քանի որ դա առաջացնում է որոշակի անորոշություն: Առավել եւս, որ Նախագծում եւ «Էներգետիկայի մասին» օրենքում տրված չէ տվյալ հասկացության մեկնաբանությունը:
  • «Վճարներն ու առաջացած ծախսերը» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ բավականաչափ տարողունակ է ու ընդհանրական: Հասկանալի չէ, թե խոսքն ի՞նչ վճարների մասին է, որո՞նք են հանդիսանում տվյալ օրենքի իմաստով ծախսեր եւ այսպես շարունակ:  Այս առումով, առաջարկվում է կիրառել առավել հստակ ձեւակերպումներ կամ տալ օգտագործվող ձեւակերպումների մեկնաբանությունը` հնարավոր տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով:


բ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ, համաձայն որի. «Արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 500 կիլովատը այն իրավաբանական անձանց դեպքում,  որոնք ոչ ավել քանի 1 տարի գործել են ընդհանուր հարկման համակարգում, իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձանց  դեպքում՝ նախորդ տարվա ընթացքում իրենց սպառած էներգիայի հզորությանը գումարած 50 տոկոս ավել դրվածքային հզորություն, բայց ոչ ավել, քան 2 մեգավատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման՝ կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.
 

  • Համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի. «մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում:» 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո կգործի 150 կիլովատ սահմանաչափը, համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, ըստ որի` ինքնավար էներգաարտադրողը սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը: Ի դեպ, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 21.12.17 ՀՕ-262-Ն օրենքով է 150 կիլովատի փոխարեն իրավաբանական անձանց համար ամրագրվել 500 կիլովատը՝ որի նպատակը եղել է «հնարավորություն ընձեռել էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ»: Այսինքն, այդ հնարավորությունը գործելու է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչ այդ տվյալ հոդվածում փոփոխություններ չկատարելու դեպքում: Նախագծով առաջարկվող մոտեցումը, այն է` առանց ժամկետային սահմանափակման 500 կիլովատի փոխարեն կիրառել 2 մեգավատ շեմը, կարծում ենք, չի տեղավորվում տվյալ ոլորտի կարգավորման հիմքում դրված գաղափարախոսության շրջանակներում, նախ եւ առաջ այն պատճառով, որ 21.12.17թ.-ին կատարված փոփոխության նպատակը եղել է սեփական տնտեսություն վարող իրավաբանական անձանց սեփական կարիքների (ինչը ենթադրում է նաեւ սպառման որոշակի սահմանաչափ) համար արեւային էներգիայի արտադրության հնարավորության ընձեռումը:
  • Արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությանը շեմի բարձրացումը, կարծում ենք, կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիայի բաշխման առումով՝ ստեղծելով որոշակի տեխնիկական դժվարություններ էներգոհամակարգի համար:
  • Որպես արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորության տարբերակման չափանիշ ընդհանուր հարկման համակարգում «գործած» լինելու փաստի ու դրա տեւողության կիրառումը, կարծում ենք, կառաջացնի լուրջ տնտեսական հետեւանքներ՝ նաեւ մրցակցային միջավայրի խաթարման տեսանկյունից: Նախ, հասկանալի չէ նման չափանիշի կիրառումը «Էներգետիկայի մասին» օրենքի համատեքստում: Եթե նման մոտեցումը պայմանավորված է փոքր եւ միջին սուբյեկտների տարբերակման անհրաժեշտությամբ, ապա, կարծում ենք, այդ նպատակով անհրաժեշտ է կիրառել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափորոշիչները: Սակայն այս դեպքում նաեւ դրա կարիքը չկա, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի նպատակը ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության, այլ սեփական կարիքների բավարարման նպատակով փոքր ծավալով արեւային էներգիայի արտադրության խթանումն է: Մինչդեռ, Նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ այն իրավաբանական անձինք, ովքեր չեն գործում հարկման ընդհանուր համակարգում, սակայն ներկայումս օգտվում են արեւային էներգիայի մինչեւ 500 կիլովատ հզորությունից, կզրկվենք նման հնարավորությունից եւ ստիպված կլինեն բավարարվել մինչեւ 150 կիլովատով: Ավելի պարզ ասած, Նախագծի ընդունմամբ հարկման հատուկ համակարգերում եւ, մասնավորապես, շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսավարող սուբյեկտները կզրկվեն  մինչեւ 500 կիլովատ արեւային էներգիա արտադրելու օրենքով ներկայումս ընձեռված հնարավորությունից: Ավելորդ չէ նշել, որ ներկայումս մինչեւ 150 կիլովատ սահմանաչափը գործում է ֆիզիկական անձանց համար: Այսինքն ստացվում է, որ հարկման հատուկ համակարգերում գործող իրավաբանական անձանց՝ սեփական տնտեսության վարմամբ պայմանավորված էներգետիկ կարիքները հավասարեցվում եւ նույնականացվում են ֆիզիկական անձանց կարիքների հետ, ինչը, կարծում ենք, տրամաբանական չէ: Եթե Նախագծի նպատակը փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելն է (որպես չափորոշիչ հարկման ընդհանուր եւ հատուկ համակարգերի կիրառումը վկայում է այդ մասին), ապա պետք էր հենց նրանց աջակցել, այլ ոչ թե ներկայումս գործող համեմատաբար բարենպաստ ռեժիմը խստացնել՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը: Բացի այդ, հասկանալի չէ, թե հարկման ընդհանուր համակարգում գործած «1 տարեկանից բարձր իրավաբանական անձ»-ի կարգավիճակն ի՞նչ առավելություններ է տալիս «ոչ ավել քանի 1 տարի գործած» լինելու կարգավիճակի նկատմամբ, որն  առաջարկվում է կիրառել արեւային էներգիայի արտադրության չափերի տարբերակման համար:
Եզրահանգում

Փաթեթի ընդունումը կարող է ստեղծել մի շարք խնդիրներ ինչպես էներգահամակարգի բնականոն գործունեության, այնպես էլ արեւային էներգիայի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ խտրական մոտեցումներ կիրառելու առումով՝ հանգեցնելով մրցակցային միջավայրի խաթարմանը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

19.02.2021թ.
 





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-855-05.02.2021-ՏՀ-011/0) եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8551 -05.02.2021-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ա. Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է ինքնավար էներգաարտադրող մեծ ընկերությունների՝ գործող 500 կվտ էներգիայի արտադրման շեմը որոշակի սահմանափակումներով բարձրացնել մինչեւ 2 մգվտ: 

Ըստ հեղինակի, ինքնավար էներգաարտադրող հանդիսացող իրավաբանական անձը չի կարող տեղադրել 500կվտ դրվածքային հզորությունը գերազանցող էներգաարտադրող կայանքներ, ինչի հետեւանքով իրավաբանական անձիք գործում են օրենքի շրջանցման ճանապարհով եւ տարբեր իրավաբանական անձանց անուններով տեղադրում իրենց անհրաժեշտ հզորության կայանքներ: 

Ինչպես նաեւ, առաջարկվում է տարեկան վերջնահաշվարկի ժամկետը դեկտեմբերի 31-ից տեղափոխել ապրիլի 30-ը, որով սպառողը հնարավորություն կունենա արտադրել եւ սպառել անհրաժեշտ ծավալներով  էլեկտրաէներգիա՝  խուսափելով հավելյալ ծախսերից:

2.  «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

2.1  Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 30-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «օգտակար տարածք՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքավար էներգաարտադրողի կողից տեղակայանքներ տեղադրելու համար նախատեսված՝ տեխնիկատնտեսական եւ օրենսդրական պահանջներին համապատասխանող տարածք, որտեղ արտադրողականության բնութագրերը չեն նվազում կողմնակի ազդեցությունների արդյունքում:»: 

Առաջարկվող լրացումը Նախագծի, ինչպես նաեւ «Էներգետիկայի մասին» օրենքի ամբողջ տեքստում չի օգտագործվում: Կարծում ենք, ներկայացվող լրացումը պետք է ներառվեր Նախագծերի փաթեթի «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, քանի որ տվյալ հասկացությունն օգտագործվում է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչպես նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում:

2.2   Նախագծի հոդված 2-ի (ա) եւ (բ) ենթակետերով առաջարկվող լրացումները վերախմբագրման եւ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, Օրենքի 48-րդ հոդվածում որեւէ խոսք չի գնում «մատակարարի» կամ «բաշխողի» մասին: Ըստ գործող օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի՝ «1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով:»: Խոսքը գնում է սպառողից ենթասպառողին, այլ ոչ թե մատակարարին կամ բաշխողին էլեկտրական էներգիայի կամ բնական գազի փոխանցման մասին:

2.3    Նախագծի նույն հոդվածի (բ) ենթակետում հիշատակվող «էներգետիկ փոխհոսքեր իրականացնող» բառակապակցությունը Օրենքի ողջ տեքստում չի հանդիպում եւ հիմանական հասկացություններում սահմանված չէ: Առաջարկում ենք տալ «փոխհոսքեր» հասկացության սահմանումը:

2.4    Նախագծի 3-րդ հոդվածում՝ «Արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 500 կիլովատը այն իրավաբանական անձանց դեպքում,  որոնք ոչ ավել քանի 1 տարի գործել են ընդհանուր հարկման համակարգում, իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձանց դեպքում՝ նախորդ տարվա ընթացքում իրենց սպառած էներգիայի հզորությանը գումարած 50 տոկոս ավել դրվածքային հզորություն, բայց ոչ ավել, քան 2 մեգավատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման՝ կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում:» առաջարկում ենք.

- «ոչ ավել քան 1 տարի» բառերը փոխարինել «առավելագույնը մեկ տարի» բառերով,

- «1 տարեկանից բարձր» բառերը փոխարինել «մեկ տարուց ավել» բառերով:

3. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

3.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացում կատարել հետեւյալ բովանդակությամբ՝ «Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ից մինչեւ ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածը»: Կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նշված ժամականահատվածի ամրագրումը, առավել եւս, որ  «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ 2004թ. նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի «Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող» հավելվածի 1-ին կետում խոսքը գնում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների վերջնահաշվարկը տարեկան կտրվածքով իրականացնելու մասին: Կարծում ենք, նշված ձեւակերպումն առավել լայն հնարավորություն է տալիս վերջնահաշվարկ իրականացնելու համար, քան Նախագծով առաջարկվողը, քանի որ ժամանակային սահմանափակումներ չի նախատեսվում: 

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթով փորձ է արվում մեկ տարուց ավել գործունեություն ծավալող արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքներ ունեցող եւ սեփական էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններին թույլատրել 500 կիլովատի փոխարեն արտադրել մինչեւ 2 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա: Նման հնարավորությունը, ինչ խոսք,  կազմակերպություններին թույլ կտա ավելի քիչ կախում ունենալ ՀԷՑ-ից եւ մատակարարից քիչ էլեկտրաէներգիա գնել:

Ինչ խոսք, ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը կարեւոր սոցիալական խնդիրներ կլուծի, սպառողը հնարավորություն կունենա անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալներով արտադրել եւ սպառել այն՝ խուսափելով հավելյալ ծախսերից: Միեւնույն ժամանակ, առաջարկվող փոփոխությունները կխախտեն ՀԷՑ-ի հաշվարկային համակարգը եւ հավելյալ բալանսավորման խնդիր կառաջանա: Մյուս կողմից,  կկրճատվի  ՀԷՑ-ի շուկան, որն, իր հերթին, կարող է ստեղծել որոշակի վտանգներ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման համար:

Նախագծերի փաթեթը վերախմբագրման եւ լրամշակման կարիք ունի՝ լեզվաոճական բնույթի սխալների եւ տարընթերցումների վերացման տեսանկյունից:

Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում: 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

15.02.2021