ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-858-05.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: 2. Նախագծի 1-ին հոդվածում «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը կձեւակերպվում է հետեւյալ կերպ. «5. Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական, միջին մասնագիտական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում` մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ:»: Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է հետեւյալը. «3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ նպատակային ուսումնառության համար` 1) (...) 2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը»: Նախագծով նախատեսված լրացման պարագայում հնարավորություն է տրվում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն եւս Կառավարության որոշմամբ՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ մեկ անգամ տալ տարկետում: Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել հետեւյալը. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 6 ամսից մինչեւ 3 տարի է: (...) Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տեւողությունը 2 տարուց մինչեւ 5 տարի է»: Այսպիսով, միջին մասնագիտական կրթական ծրագրի տեւողությունը սահմանված է ավելի երկար, ըստ որի՝ քաղաքացու տարեկետման մեջ գտնվելու ժամանակահատվածը եւս երկար է լինելու: Ուստի, կարծում ենք, Նախագծով նախատեսվող լրացման նպատակահարմարությունը պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում քաղաքականության իրականացման համատեքստում: 4. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «բառերով» բառից առաջ լրացնել «կետադրական նշանը եւ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 04.03.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 04.03.2021թ.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-858-05.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով առաջարկվում է հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) ծրագրով սովորողների հետ մեկտեղ նաեւ միջին մասնագիտական ծրագրով սովորող քաղաքացիներին, վերջիններիս 19 տարեկանը լրանալուց հետո, հնարավորություն տալ շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 11.02.2021թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-858-05.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Նախագիծը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա միջին մասնագիտական ծրագրով սովորող քաղաքացիների համար, քանի որ առաջարկվող լրացմամբ հնարավորություն կընձեռնվի հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) ծրագրով սովորողների հետ մեկտեղ վերջիններիս 19 տարեկանը լրանալուց հետո շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը, ինչը կնպաստի կրթության շարունակական ապահովման սկզբունքների կենսագոյացմանը, որը նույնպես դրական կանդրադառնա կրթության որակի վրա: (Միաժամանակ նկատի ունենալով, որ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության» մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով միջին մասնագիտական կրթական ծրագրի տեւողությունը սահմանված է ավելի երկար, քան արհեստագործական կրթությանը, ուստի միջին մասնագիտական կրթություն ստացող քաղաքացու տարկետման մեջ գտնվելու ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել: Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծով նախատեսվող լրացումը կարող է նպատակահարմար չլինել զինվորական ծառայության վրա ազդեցության տեսանկյունից): Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը՝ հնարավորություն ընձեռելով միջին մասնագիտական ծրագրով սովորող քաղաքացիների 19 տարեկանը լրանալուց հետո շարունակել եւ ավարտին հասցնել ուսումը՝ նպաստելով կրթության շարունակական ապահովման սկզբունքների կենսագոյացմանը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 15.02.2021թ.
|