ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

2.  Նախագծի 1-ին հոդվածում «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է՝ «3) մինչեւ 63 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը եւս շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է՝ «4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:»:

Օրենքի՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգին եւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքին վերաբերող 30-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 40 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչեւ 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում։

(…)

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

1) շարքային, կրտսեր ենթասպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 45 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 48 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» եւ «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 50 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 55 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» եւ «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչեւ 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ կոլեգիալ որոշման հիման վրա:»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված կարգավորումները բխում են զինվորական ծառայության ոլորտի առանձնահատկություններից եւ օրեսդրությամբ նախատեսված դրույթներից:

Մասնավորապես՝ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն զինվորական ծառայության կազմակերպական սկզբունքներից է համարվում զինծառայողների արհեստավարժությունը: Ինչպես նաեւ Օրենքի 10-րդ հոդվածում նախատեսվում են զինվորական կոչումների կրման ժամկետները.

«(…)2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են`

1) կրտսեր սերժանտ` 1 տարի.

2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 2 տարի.

3) ենթասպա` 3 տարի.

4) լեյտենանտ` 2 տարի.

5) ավագ լեյտենանտ` 2 տարի.

6) կապիտան` 3 տարի.

7) մայոր` 3 տարի.

8) փոխգնդապետ` 4 տարի:

3. «Շարքային», «եֆրեյտոր», «ավագ ենթասպա», «գնդապետ» եւ բարձր մյուս զինվորական կոչումների կրման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:(…)»:

Այսպիսով՝ Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասում ըստ զինվորական կոչումների տարբերակված են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքները, ինչը բխում է ծառայության ոլորտում արհեստավարժություն ձեռք բերելու եւ առաջընթաց գրանցելու նպատակահարմարությունից: Միաժամանակ՝ Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվում է նաեւ սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները երկարաձգելու հնարավորությունը: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ Նախագծով քննարկվող կարգավորումներում փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել զինվորական ծառայության առանձնահատկությունները, բացի այդ պետք է դիտարկել  մինչեւ 63 տարեկան քաղաքացիներին ներգրավելու նպատակահարմարության հարցը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերի մասին, սակայն հարկ է նկատել, որ որոշակիացված չեն այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխություններից եւս ուղղակիորեն չի բխում ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն: Հիմք ընդունելով վերգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մասին կատարված նշումը:

Բացի այդ՝ հարկ է նկատել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական կոնկրետ ակտի ընդունման լիազորություն կարող է ծագել միայն ուժի մեջ մտած իրավական ակտով նախատեսված դրույթներից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը պայմանավորել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է` 

- բարձրացնել Զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը (սահմանելով այն մինչեւ 63 տարեկան),

- բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը (սահմանելով այն մինչեւ 63-65 տարեկան):

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի եւ ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       


(հեռ.` 011 513-668)

12.02.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանային տարիքը լրացած զինծառայողների ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու հանգամանքով: Այդ կապակցությամբ, առաջարկվում է փոփոխություններ կատարել  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում՝ «Հոդված 30. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը եւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը»: Մասնավորապես, առաջարկվում է սահմանային տարիքը լրացած զինծառայողների համար ՀՀ Զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու սահմանված տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 63 տարեկանը, բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

Առաջարկվող փոփոխություններով, հնարավորություն կտրվի սահմանային տարիքը լրացած զինծառայողներին ներգրավվել աշխատանքի ՀՀ Զինված ուժերում կամ այլ զորքերում, առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն անցնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: 

Կարծում ենք, ներկայացվող իրավակարգավորումներով սահմանային տարիքը լրանալուց հետո զինծառայողները, ցանկության դեպքում, կկարողանան շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում:

2. Նախագծի ընդունումը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա, կապված  ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի թվակազմը համալրելու, կուտակված փորձն ու գիտելիքները փոխանցելու, ինչպես նաեւ աշխատատեղերը պահպանելու եւ համապատասխան եկամուտներ ապահովելու առումով:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

12.02.2021թ.