ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-865-15.02.2021-ՏՀ-011/0) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8651 -15.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կնքված՝ կառուցապատողից կառուցապատման իրավունքի ձեռք բերման համար ստացված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ»:

Հարկ ենք համարում նկատել, որ մեջբերված դրույթում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով արդեն իսկ վճարված եկամտային հարկի վերադարձման մեխանիզմ նախատեսված չէ 2018 թվականի հունվարի 1-ից հետո կնքված լինելու դեպքերում: Հետեւաբար առաջարկում ենք վերախմբագրել անցումային դրույթը քննարկվող մեխանիզմի սահմանման տեսանկյունից: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ  «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթին:

2.  «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում  «Եկամտային հարկի մասին» օրենքի վերնագրի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծերի փաթեթը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին եւ ապահովել քննարկվող անցումային դրույթների որոշակիությունը:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին  առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-865-15.02.2021-ՏՀ-011/0) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8651 -15.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառել նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ: 

Ներկայումս ինչպես ՀՀ հարկային օրենսգրքով, այնպես էլ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք ովքեր բնակարանը ձեռք են բերել բնակարանի առուվաճառքի պայմանագրով: Խնդիրը, ըստ հեղինակների, կայանում է նրանում, որ գործնականում առկա են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից բնակարանը կառուցապատողից ձեռք է բերվում բնակարանի կառուցապատման իրավունք ձեռք բերելու միջոցով եւ այս պարագայում եկամտային հարկի վերադարձման համակարգը չի գործում, ուստի առաջարկվում է սահմանել, որ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների առկայության տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:»: 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «բնակարան ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելու» բառերը, իսկ «փաստացի բնակարան» բառերից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունք» բառերը (մյուս փոփոխություններին եւ լրացումներին չենք անդրադառնա, քանի որ դրանց բոլորի իմաստը այս լրացումների հետ են կապված եւ նոր միտք չեն ավելացնում):

Առաջարկվող լրացումները եւ դրանց հետ կապված մյուս փոփոխություններն ու լրացումները, մեր կարծիքով, խիստ վիճահարույց եւ խնդրահարույց են` կապված հետեւյալ հանգամանքների հետ: 

 ա) Նախ եւ առաջ, կարծում ենք, հարկ է հստակեցնել թե ու՞մ նկատի ունեն Նախագծերի փաթեթի հեղինակները` «կառուցապատման իրավունք ձեռք բերողներ» հասկացության տակ: Եթե այս լրացումը հասկանանք բառացիորեն, ապա կստացվի, որ խոսքը, օրինակ, գնում է այն ֆիզիկական անձի մասին, ով բազմաբնակարան շենքի կառուցապատող հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձից ձեռք է բերում տվյալ բազմաբնակարան շենքի կառուցումը շարունակելու իրավունքը, ինչն էլ շատ բարդ, ծախսատար եւ հսկայական ներդրումներ պահանջող բիզնես-գործունեություն է: Հետեւաբար, նման դեպքերը կարող են տեղի ունենալ խիստ հազվադեպ, որի արդյունքում կառուցապատման իրավունք ձեռք բերած ֆիզիկական անձը կդիտարկվի ոչ թե բնակարան ձեռք բերող, այլ բիզնես ձեռք բերող անձ եւ կհարկվի միանգամայն այլ հարկային ռեժիմներով, իսկ հիպոտեկային վարկի տոկոսների վերադարձի իրավունքից կօգտվի միայն այն դեպքում, երբ ինքը միաժամանակ կհանդիսանա նաեւ իր կողմից կառուցապատվող շենքում բնակարան ձեռք բերող: Հետեւաբար, չենք կարծում, որ Նախագծերի փաթեթի հեղինակները նկատի են ունեցել տվյալ դեպքը: Ենթադրում ենք, որ հեղինակները նկատի ունեն այն դեպքը, երբ ֆիզիկական անձը կառուցապատվող բազմաբնակարան շենքում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերած մեկ այլ ֆիզիկական անձից ձեռք է բերում այդ բնակարանի ոչ թե կառուցապատման, այլ գնման իրավունքը, ինչը միանգամայն այլ բան է: Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա Նախագծերի փաթեթով առաջադրված նախագծերում խոսքը պետք է գնա ոչ թե բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման, այլ անշարժ գույքի առաջնային շուկայից հիպոտեկային վարկի պայմանագրով բազնաբնակարան շենքում բնակարանի գնման իրավունքի ձեռք բերման մասին (իսկ այս դեպքում էլ փաթեթով ներկայացված նախագծերը ամբողջությամբ վերաշարադրման կարիք են զգում):

բ) Վերը կատարված մեր ենթադրության ճիշտ լինելու դեպքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման դեպքում կխաթարվի նաեւ ընդհանուր առմամբ եկամտային հարկի գումարներից հիպոտեկային վարկերի տոկոսադրույքների վերադարձի գաղափարը, քանի որ դրա հիմնական իմաստը կայանում է նրանում, որ հարկի վերադարձը կատարվում է այն դեպքում, երբ բնակարանը ձեռք է բերվում անշարժ գույքի առաջնային շուկայից, իսկ առաջնային շուկայից ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված բնակարանի գնման իրավունքի ձեռք բերումն արդեն իսկ բնորոշ է անշարժ գույքի երկրորդային շուկային:

գ) Առաջարկվող փոփոխութուններն ու լրացումները վերաբերում են միայն բազմաբնակարան շենքերում ձեռք բերվող բնակարաններին, այն դեպքում, երբ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը գնում է նաեւ անհատական բնակելի տների մասին: Եվ եթե սահմանված հարկային արտոնությունը պետք է տարածվի բազմաբնակարան շենքի բնակարանի ձեռք բերման իրավունքի (ըստ հեղինակների` կառուցապատման իրավունքի) վրա, ապա որեւէ հիմք չկա նշված արտոնությունը նաեւ անհատական բնակելի տների (դրանց կառուցապատման իրավունքի) վրա չտարածելու համար, ինչն էլ բացակայում է Նախագծերի փաթեթում: 

դ) Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների առումով, թերեւս, ամենաբարդ եւ ամենանհասկանալի խնդիրը կապված է հիպոտեկային վարկի հետ, քանի որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում ստացվում է, որ բանկի հետ հիպոտեկային վարկային պայմանագիր կնքած եւ բնակարանի գնման իրավունք ձեռք բերած ֆիզիկական անձի կողմից այդ բնակարանի գնման իրավունքի վաճառքից հետո բանկը պետք է պարտավորված լինի շարունակել բնակարանի նախկին սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի կատարումն արդեն նոր սեփականատիրոջ հետ, ինչն էլ հակասում է վարկավորման բոլոր հնարավոր մեխանիզմներին, իսկ բանկի նշված պարտավորությունն էլ ամրագրված չէ որեւէ օրենքով: Հարկ է նշել, որ բանկը որեւէ նման պարտավորություն չի կարող ունենալ, բանկին կարող է ձեռնտու չլինել նոր գնորդի հետ վարկային պայմանագրի կնքումը կամ նույն պայմաններով կնքումը, իսկ վարկառուն էլ իրավունք չի կարող ունենալ բնակարանի գնման իրավունքի վաճառքի հետ միասին վաճառել նաեւ իր «վարկային պայմանագիրը» կամ իր «վարկային իրավունքներն ու պարտավորությունները»: 

Գործող օրենքների եւ կարգավորումների համաձայն, բնակարանի գնման իրավունքի իրացման դեպքում հնարավոր կլինի շարժվել միայն այն ճանապարհով, երբ բնակարանի գնման իրավունքն իրացնող ֆիզիկական անձն ամբողջությամբ փակի իր վարկային պարտավորությունները, իսկ բնակարանի գնման իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձը` կնքի հիպոտեկային վարկի նոր պայմանագիր (եթե, իհարկե, բանկը կհամաձայնի կնքել այն), սակայն այդ դեպքում էլ բնակարանը կհամարվի գնված ոչ թե անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից, այլ մասնավոր ֆիզիկական անձից, ուստի նրա գնումը չի կարող համարվել առաջնային շուկայից ձեռք բերում եւ նրա վրա չի կարող տարածվել գործող հարկային արտոնությունը: 

Մեկ այլ տարբերակով` բնակարանի գնման իրավունք ձեռք բերած ֆիզիկական անձը կարող է վճարել բնակարանի ամբողջ արժեքը (ներառյալ նաեւ հիպոտեկային վարկի տոկոսները եւ մյուս վճարները), բնակարանի գնման իրավունքը վաճառած ֆիզիկական անձը կփակի իր վարկային պարտավորությունները, իսկ նոր սեփականատերը ձեռք կբերի եկամտային հարկի վերադարձի իրավունք: Տվյալ մեխանիզմի դեպքում էլ ստացվում է, որ նոր գնորդը ոչ թե հարկային արտոնություն կստանա, այլ մեկ այլ գնորդի փոխարեն վճարած վարկային տոկոսադրույքների չափով պետական բյուջեից փոխհատուցում ստանալու իրավունք, ինչն էլ, հասկանալի է, չի կարող կատարվել ոչ գործող, ոչ էլ առաջարկվող  իրավակարգավորումների շրջանակներում (չհաշված, որ այդ մեխանիզմն, ինքնին, աբսուրդային է եւ չարժե նույնիսկ այն քննարկել):

Հետեւաբար, եթե նույնիսկ առաջարկվող գաղափարն ընդունելի դառնա, ապա դրա գործնական իրականացումն, ըստ էության, կմտնի փակուղի` հիպոտեկային վարկավորման շարունակման անհնարինության պատճառով: 

ե) Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերով նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումները պետք է ունենան հետադարձ ուժ եւ տարածվեն 2018 թվականի հունվարի 1-ից հետո կնքված՝ կառուցապատողից կառուցապատման իրավունքի ձեռք բերման համար ստացված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ, ինչն էլ, կարծում ենք, բավականին մեծ եւ անհիմն ֆինանսական բեռ կդառնա պետական բյուջեի համար:

զ) Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կնքված՝ կառուցապատողից կառուցապատման իրավունքի ձեռք բերման համար ստացված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:», իսկ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո կնքված՝ կառուցապատողից կառուցապատման իրավունքի ձեռք բերման համար ստացված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:»: Այսինքն, երկու նախագծերով նույն երեւույթի համար սահմանվում է օրենքի կիրառման տարբեր ժամանակահատվածներ, իսկ մյուս կողմից էլ հարկ է նկատի ունենալ, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածը գործել է 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով` համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, եւ այդ հոդվածը ներկայումս արդեն ուժը կորցրած է համարվում, ուստի այս մասով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պետք է կատարել ոչ թե ուժը կարցրած դրույթներում, այլ այդ դրույթները նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով (ինչն էլ, ըստ էության, անիմաստ է կատարել, քանի որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի մնացած միակ գործող դրույթը, այն է` 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը գործելու է մինչեւ 2022թ. հունվարի 1-ը, որից հետո այս օրենքն ընդհանրապես ուժը կործրած կճանաչվի):

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       


(հեռ.` 011 513-668)

23.02.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-865-15.02.2021-ՏՀ-011/0) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8651 -15.02.2021-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Բ. Թունյանի եւ Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի դարձնել նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ: 

Գործող իրավակարգավորումներով, հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, ովքեր բնակարանը ձեռք են բերել բնակարանի առուվաճառքի պայմանագրով: 

Մինչդեռ, ըստ հեղինակների, գործնականում առկա են դեպքեր, երբ ֆիզիկական անձի կողմից բնակարանը կառուցապատողից ձեռք է բերվում բնակարանի կառուցապատման իրավունք ձեռք բերելու միջոցով եւ, ըստ էության, եկամտային հարկի վերադարձման համակարգը չի գործում: Առաջարկվում է սահմանել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառել նաեւ բնակարան ձեռք բերելու նպատակով կառուցապատողից կառուցապատման իրավունք ձեռք բերած՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Ընդհանուր առմամբ, հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը կունենա սոցիալական առումով դրական էֆեկտ, կապված՝ համավարակի եւ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով անշարժ գույքի շուկայում ստեղծված ծանր վիճակի հաղթահարման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ավելացնել բնակարան ձեռք բերելու եւ եկամտային հարկի վերադարձի իրավունք ունեցող շահառուների թվաքանակը:

Մինչդեռ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի մեխանիզմը ավելի շատ հետապնդում է տնտեսական, քան՝ սոցիալական նպատակ: Այդ մասին է վկայում տվյալ հարկային արտոնության տարածումը միայն առաջնային շուկայից ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ: Հետեւաբար, սույն Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում սոցիալական էֆեկտի կարեւորությամբ հանդերձ պետք է գնահատել նաեւ ֆինանսատնտեսական հետեւանքները, ինչպես բյուջետային եկամուտների, այնպես էլ ֆինանսաբանկային ինստիտուտների վրա:

3. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

4. Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

23.02.2021