ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-867-16.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.  Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդրական չափագիտության պահանջների տարածման ոլորտների շրջանակը լրացնել նոր՝ ծառայությունների մատուցման ոլորտով: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «ծառայությունների մատուցման ոլորտ» եզրույթը շատ լայն է եւ միանշանակ չի ընկալվում. իրավական որոշակիության սկզբունքը հիմք ընդունելով՝ առաջարկվում է հստակեցնել լրացվող դրույթը, թե կոնկրետ որ ոլորտի, կամ որ ծառայությունների վրա են տարածվում օրենսդրական չափագիտության պահանջները: 

3.  Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է նոր՝ «Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» հասկացությունը, որի բովանդակությունից բխում է, որ նշված հասկացությունն Օրենքում այսուհետ կիրառվելու է կրճատ տարբերակով՝ որպես տեսչական մարմին, մինչդեռ Նախագծի 6-րդ եւ 8-րդ հոդվածներում տեսչական մարմնին հղում կատարելիս կիրառվում են այլ հասկացություններ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում եւ Օրենքում կիրառել նույնական հասկացությունները՝ առաջին անգամ ամբողջական տարբերակով նշելուց հետո կիրառելով կրճատ տարբերակը:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված տեսչական մարմնի հասկացության ներմուծման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «վերահսկողություն իրականացնող մարմին» եզրույթն իր հոլովաձեւերով եւս փոխարինել «տեսչական մարմին» եզրույթով՝ համապատասխան հոլովաձեւերով:

4.  Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է վերադաս մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների (...) վերաբերյալ տեղեկատվության տրամադրում չափագիտության ազգային մարմնին եւ տեսչական մարմնին:  Նման ձեւակերպումից հասկանալի չէ՝ ում վրա է դրված  համապատասխան տեղեկատվությունը չափագիտության ազգային մարմնին եւ տեսչական մարմնին ուղարկելու պարտականությունը. մասնավորապես՝ հասկանալի չէ վերադաս մաքսային մարմինը մաքսային մարմնի ղեկավարն է, թե? ստորաբաժանումների ղեկավարը, թե այլ:

5.  Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությամբ հղում է կատարվում Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը, որոնց համաձայն մաքսային մարմնի կողմից տեղեկատվություն է տրամադրվելու տեսչական մարմնին, մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է միայն չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկին, առնվազն որոնց հիման վրա կարող է տեղեկատվություն տրամադրել, ուստի դրույթի հստակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք «մասի համաձայն՝» բառերը փոխարինել «մասով սահմանված ցանկի հիման վրա» բառերով:

6.  Նախագծի 8-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվում է «չափագիտության ազգային մարմին» եզրույթը, իսկ Օրենքում այն օգտագործվում է միայն «Չափագիտության ազգային մարմին» տեսքով՝ մեծատառով, հետեւաբար, առաջարկվում է Նախագծի 8-րդ հոդվածում «չափագիտության» բառը փոխարինել «Չափագիտության» բառով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները՝ նույն տեսքով:

7.  Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվում է «չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին» եզրույթը, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ, որպես Օրենքում կիրառվող հասկացություն, նշված է «տեսչական մարմին» եզրույթը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել եւ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում «չափագիտական վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

8.  Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխությամբ նախատեսվում է տեսչական մարմնի ղեկավարի կամ տեսուչի կողմից կարգադրագիր ընդունելու իրավասություն, մինչդեռ, նշենք, որ «Տեսչական մարմիններ մասին» օրենքով «տեսուչ» հասկացություն չի կիառվում, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով կարգադրագրեր ընդունելու իրավասություն վերապահված է միայն  տեսչական մարմնի ղեկավարին: Հետեւաբար, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի կարգավորումները եւ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխությունները, կածում ենք, անհրաժեշտ է «Տեսչական մարմիններ մասին» օրենքում եւս լրացնել տեսչական մարմնի ծառայողների կողմից կարգադրագրել ընդունելու իրավասությունը:

9.  Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Կառավարության կողմից օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից չափագիտության ազգային մարմնին եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրելու կարգի վերաբերյալ դրույթ, ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել նաեւ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, «Տեսչական մարմիններ մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

10.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

10.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-867-16.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի  ընդունումը, ըստ նախաձեռնության հեղինակի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ ու չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ: Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցներ, իսկ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել տվյալ օրենքում:

Նախագծով առաջարկվել է ներկայացվող տեղեկատվության մեջ ընդգրկել նաեւ չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները եւ կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաեւ ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը եւ պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

24.02.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-867-16.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ եւ չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված մի շարք հարցերի կարգավորմամբ, ինչպես նաեւ չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ: 

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացմամբ: 

Նախագծով առաջարկվում է տեղեկատվության մեջ ընդգրկել նաեւ չափման միջոց ներմուծող կազմակերպության տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները եւ պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.02.2021