«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8701 -19.02.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: 2. Նախագծի 1-ին հոդվածում «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել մի շարք նոր եզրույթներով, այդ թվում նաեւ՝ «մահացածի հարազատներ» եզրույթով, հիմք ընդունելով այն, որ Օրենքում արդեն առկա է նման եզրույթ, առաջարկում ենք Նախագծով խմբագրել համապատասխան պարբերությունը, ոչ թե ուժը կորցրած ճանաչել այն եւ նոր պարբերությամբ նորից սահմանել նշված եզրույթը: 4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է նոր՝ «ընտանիքի անդամներ» եզրույթը, որի սահմանման մեջ օգտագործվում են «հարազատ եւ ոչ հարազատ» բառերը «եղբայր եւ քույր» բառերի առնչությամբ, առաջարկում ենք նշված բառերի փոխարեն օգտագործել օրենսդրությամբ կիրառվող «համամայր եւ համահայր» բառերը: 5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «(ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն)» բառերը փոխարինել «մահացածի հարազատները կամ այլ անձինք:» բառերով: Եթե նշված փոփոխությունն ուղղված է հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձանց շարքում մահացածի հարազատներին չընդգրկելուն, ապա անհրաժեշտ է «մահացածի հարազատները կամ այլ անձինք:» բառերը անջատել «հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք» բառերից ստորակետով, եթե այդպիսի միտում չկա, ապա «մահացածի հարազատները կամ այլ անձինք:» բառերը պետք է երկու կողից առնվեն փակագծերի մեջ: Բացի այդ՝ Նախագծի սահմանմամբ «մահացածի հարազատներ» եզրույթը, ի տարբերություն Նախագծի «ընտանիքի անդամներ» եզրույթի, այլեւս չի ներառում մահացածի ամուսնուն, հետեւաբար առաջարկվում է «(ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն)» բառերը փոխարինել «մահացածի հարազատները, ընտանիքի անդամները կամ այլ անձինք:» բառերով: 6. Նախագծի 3-րդ հոդվածում օգտագործվում է «պարբերությամբ» բառը, որը նշված համատեքստում դառնում է իմաստազուրկ: Հետեւաբար առաջարկվում է «պարբերությամբ» բառը փոխարինել Նախագծի 3-րդ հոդվածի համատեքստին իմաստով համապատասխան բառով 7. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում եւ 5-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվում է «պարբերություն» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկվում է «պարբերություն» բառերը փոխարինել «կետ» բառերով՝ իր համապատասխան հոլովաձեւերով: 8. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում Օրենքի դրույթից դուրս է մնում մահացածի կամքի գրավոր արտահայտությամբ հուղարկավորության կազմակերպման հնարավորությունը, մինչդեռ նույն մասում պահպանվում է դրույթ, որ պարունակում է «հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կամքի բացակայության դեպքում» բառերը: Նպատակահարմար է Նախագծի խմբագրության մեջ ներառել մահացածի կամքի գրավոր արտահայտությամբ հուղարկավորության կազմակերպման հնարավորությունը: 9. Նախագծի 6-րդ եւ 8-րդ հոդվածներով Օրենքում լրացվող նոր հոդվածների համարներն առաջարկում ենք վերնագրերից անջատել կետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով: 10. Նախագծի 7-րդ հոդվածի մեկ համարակալված պարբերության համարը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 11. Նախագծի 10-րդ հոդվածի 2-5 մասերում վկայակոչված հոդվածները ուժի մեջ մտնելը պայմանավորված է նույն պայմանով, այն է՝ շտեմարան ստեղծելու պահը, հետեւաբար առաջարկվում է այս նախադասությունները շարադրել մեկ մասի շրջանակներում: 12. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 13. Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 10-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում է հետեւյալը. «11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների մեջ՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներով:»: Հարկ է նկատել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական կոնկրետ ակտի ընդունման լիազորություն կարող է ծագել միայն ուժի մեջ մտած իրավական ակտով նախատեսված դրույթներից, ինչպես նաեւ ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն կարող է ծագել միայն ուժի մեջ մտած իրավական դրույթներից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում կատարվելիք փոփոխությունների ժամկետը պայմանավորել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետով: 14. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը», մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագրի կրճատ տարբերակը օգտագործվում է առանց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահպանման: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագրի առաջին իսկ կիրառումից հետո սահմանել դրա կրճատ տարբերակը՝ «Օրենսգիրք»: 15. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի», իսկ 6-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը»: Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները համապատասխանացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին՝ շարադրելով այնպես, որպեսզի պարզ դառնա, որ փոփոխությունները վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156.1-ին հոդվածին: 16. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք նշել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվում են նաեւ լրացումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը: 17. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 14-րդ մասի կարգավորումից առաջարկվում է հանել «կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ» բառերը, քանի որ «կրկին» բառը ներառում է իր մեջ այդ իմաստը: 18. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219.1-ին հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում կարգավորվող դրույթը դառնում է իմաստազուրկ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերոնշյալ դրույթի նպատակից կախված՝ առաջարկում ենք 5-րդ հոդվածում չնշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156.1-ին հոդվածը կամ հանել հոդվածի մնացած մասերին վերաբերող բառերը նույնպես:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.03.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 12.03.2021թ.
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8701 -19.02.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Բաղդասարյանի, Ս. Մովսիսյանի եւ Վ. Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
1. Փաթեթով առաջարկվում է ձեւավորել հուղարկավորությունների կազմակերպմամբ եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործմամբ զբաղվող մեկ միասնական մարմին, որի կողմից կսահմանվեն գերեզմանատների եւ գերեզմանների կառուցապատման միասնական չափանիշները: 2. Փաթեթը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել հստակորեն կանոնակարգել հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ոլորտում ծագող հարաբերությունները: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 03.03.2021թ.
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8701 -19.02.2021-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Բաղդասարյանի Ս. Մովսիսյանի եւ Վ. Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
1. Հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործմամբ զբաղվող մեկ միասնական մարմին, սահմանել գերեզմանների կառուցապատման եւ բարեկարգման չափորոշիչները եւ շահագործման կանոնները: Նախագծերի փաթեթով ներկայացվող գործընթացների վերահսկողությունն առաջարկվում է վերապահել քաղաքաշինության ոլորտում գործող տեսչական մարմնին: Հեղինակներն առաջարկում են նաեւ կառավարության որոշման հիման վրա ստեղծել միասնական էլեկտրոնային շտեմարան (տվյալների բազա), որտեղ կպահպանվեն Հայաստանի Հանրապետության բոլոր գերեզմանների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները: 2. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 2.1 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում՝ «1. 7-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «1. 12-րդ» բառով, քանի որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է Օրենքի 2-րդ հոդվածի 12-րդ պարբերությանը: 2.2 Նույն հոդվածի 3-րդ մասում վերախմբագրման եւ հստակեցման կարիք ունի «գերեզման օգտագործող» հասկացությունը, քանի որ տվյալ տեսքով ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: 2.3 Վերախմբագրման եւ հիմնավորման կարիք ունի նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը: Մասնավորապես, գործող օրենքով ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար նախատեսված է 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ ընտանիքի հինգ անդամների համար, մինչդեռ Նախագծով ընտանեկան գերեզմանն առաջարկվում է հաշվարկել 7.5 քառակուսի մետր՝ երեք հոգու համար: 2.4 Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «2) հուղարկավորել եւ վերահուղարկավորել իր ընտանիքի անդամներին» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «2) հուղարկավորել եւ վերահուղարկավորել իր ընտանիքի մահացած անդամներին»:
Նախագծերի փաթեթը վերախմբագրման եւ լրամշակման կարիք ունի՝ լեզվաոճական բնույթի սխալների եւ տարընթերցումների վերացման տեսանկյունից: Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 05.03.2021
|