ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-871-22.02.2021.ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.  Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`  «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ պետական ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվությունը բացասական է գնահատվել զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով»: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն «1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե՝ 1) նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ 2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից: 2. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե` 1) նախորդ տարվա ընթացքում պետական ծառայողի ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվություններն էլ գնահատվել են բացասական եզրակացությամբ, եւ եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց, կամ 2) նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից, եւ եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց»: Համադրելով Օրենքի նշված դրույթները Նախագծով լրացվող դրույթի հետ՝ ստացվում է, որ զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու կամ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ծառայողական պարտականությունները չկատարած պետական ծառայողի՝ տվյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների չկատարման հիմքով ցածր կամ բացասական եզրակացությամբ գնահատված  կիսամյակների կատարողականները եւ հաշվետվությունները չեն կարող հիմք հանդիսանալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ հիմնական աշխատավարձի իջեցման համար: Սակայն տվյալ պարագայում հարց է առաջանում, իսկ ի՞նչ հիմքով է ցածր կամ բացասական գնահատվել զինվորական ծառայության մեջ ներգրավված կամ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողի կիսմյակային գնահատականը կամ հաշվետվությունը, երբ Աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից (…)»: Սույն հոդվածի նախատեսումն աշխատանքային հարաբերություններում ուղղակի երաշխիք է հայրենիքի պաշտպանությանը մասնակցած աշխատողի համար, եւ, պետական ծառայողի բացասական կամ ցածր կիսամյակային գնհատականի կամ հաշվետվության հիմքում չի կարող դրվել զինվորական ծառայության մեջ ներգրավված լինելու կամ կամավորական հիմունքներով (…) մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում եւ հետեւանքով ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, քանզի նշված ժամանակահատվածում աշխատողն արդեն իսկ օրենքով ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Oրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավված կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողին 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվում է առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը»: Նշված անցումային դրույթով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրաված կամ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ (…) այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողների 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրման ժամկետը՝ այն է մինչեւ փետրվարի 15-ը, հաշվի չի առնվելու: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երկրորդ կիսամյակի համար պարգեւատրման ժամկետն արդեն իսկ հոսել է, նման անցումային դրույթի առկայությունն անհրաժեշտ է, սակայն «առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը» եզրույթը բավարար չափով որոշակի չէ, եւ հստակ կարգավորում չի նախատեսում, թե երբ է տրվելու նշված պետական ծառայողների 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրումը: 

3. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ, կարծում ենք անհրաժեշտ է Նախագծում հղումները կատարել հստակ եւ ուղղակի, Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանցնել Աշխատանքային օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

15.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

15.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-871-22.02.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել որոշակի երաշխիքներ, մասնավորապես`

- կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի հիմնական աշխատավարձը պահպանել,

- զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգեւատրման իրավունք տվող աշխատաժամանակում,

- զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության կամ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատվելու դեպքում չկիրառել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:

Բացի այդ, առաջարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածում Պետական եկամուտների կոմիտեի քննիչների համար հավելավճարը նախատեսել ոչ թե կոչման, այլ դասային աստիճանի համար՝ հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի կարգավորումները:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

02.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-871-22.02.2021-ԱՍ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել երաշխիքներ, մասնավորապես, զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել ինչպես աշխատավարձի պահպանման, այնպես էլ կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգեւատրման իրավունք տվող աշխատաժամանակում:

Նախագծով առաջարկվում է նաեւ ՊԵԿ քննիչների համար հավելավճարը նախատեսել ոչ թե կոչման, այլ դասային աստիճանի համար՝ հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի կարգավորումները:

Նախագիծը մեր կարծիքով սոցիալական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար, ովքեր կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնել են զինվորական ծառայություն իրականացնել: 
 
 

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

04.03.2021թ.