ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-875-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-875-23.02.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) 3-րդ հոդվածում լրացվում են նոր պարբերություններ.

«Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպքում այդ գործարքների հետ կապված եւ սույն հոդվածի համաձայն նախկինում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պարտավորություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն:»:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությունների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող առաջին  պարբերության տեքստում առաջարկում ենք չկիրառել «գործունեություն (գործարքներ)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փակագծերում որպես կանոն տրվում է հասկացության լրացուցիչ բացատրությունը:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող առաջին  պարբերության տեքստում «գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «գործունեությունից ստացվող եկամտի մասով շահութահարկը եւ գործարքներից առաջացող ավելացված արժեքի հարկը» ձեւակերպումով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առկա ձեւակերպումները եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող երկրորդ  պարբերությունն առաջարկում ենք նախատեսել որպես անցումային դրույթ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը՝

«4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

Նախագծի 3-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

3.1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով օրեքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպությունների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.»:

«Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ծրագրի իրականացման շրջանակներում՝ կազմակերպությունների զուտ շահույթը` մինչեւ հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից:

3.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվող փոփոխություններից եւ լրացումներից հետո կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվելու եւ վճարվելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, իսկ մինչ այդ կազմակերպությունների նկատմամաբ այդ մասով կիրառվել են արտոնություններ՝ առաջարկում ենք օրենքն ուժի մեջ է մտնելու ժամկետ չնախատեսել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

3.3. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, ինչպես նաեւ սույն եզրակացության 3-րդ կետում մեջբերված իրավական ակտերը եւ կատարված դիտարկումներն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ օրենքին հետադարձ ուժ տալուց հստակ նշում կատարել, այն մասին, որ ծրագրին չառնչվող գործունեություն եւ գործարքների վերաբերյալ կարգավորումը կիրառելի չէ այդ հարաբերությունների նկատմամբ:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածը պետք է որոշակիացվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջը ապահովելու նպատակով: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ա.Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ա.Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.04.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-875-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազմակերպությունների ստացվող եկամուտները, իսկ ծախս չեն համարվում ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, կարգավորել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:Նախատեսվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել մաքսատուրքերի վճարման արտոնություններ նախատեսող դրույթները՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 41-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

10.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-875-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման  «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքով հստակ կարգավորված չեն հարկման հարաբերություններն այն դեպքում, երբ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ծրագիրն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ), որոնց մասով նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ:

Նախագծով առաջարկվում է կարգավորել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես,  կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը եւ գործարքներից ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի եւ կվճարվի Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Նախագծով առաջարկվում է նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում մաքսային վճարների մասով այլեւս արտոնություններ չտրամադրել, հաշվի առնելով այն, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ հոդվածի եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 41-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն  Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կիրառվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային եւ օդային տրանսպորտի:»:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

10.03.2021թ.