ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-879-25.02.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքներին:

Միաժամանակ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքներին: Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի վերնագիրը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

18.03.2021թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ նշենք, որ 2021 թվականի մարտի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-810-15.12.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի իրավական փորձաքննությանը կից ներկայացված տեղեկանքում համապատասխան նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղուկացված ածխաջրածնային գազերին վերաբերող կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, այլեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

18.03.2021թ.
 
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-879-25.02.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկված փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N68 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, ՀՀ օրենսդրությունը Կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ Օրենքով եւ Կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանելու եւ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում «նավթային գազերի» բառերը փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազերի» բառերով, սակայն, հարկ ենք համարում նշել, որ «նավթային գազեր» բառակապակցությունն օգտագործված է նաեւ ՀՀ այլ օրենքերում, ուստի համանման փոփոխություն պետք է կատարել նաեւ դրանցում: Մասնավորապես, «նավթային գազեր» բառակապակցությունն օգտագործված է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ եւ 169-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 4-րդ հոդվածի 7-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ եւ 18-րդ կետերում, 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերում: Նշված օրենքներում նույն փոփոխությունները կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում մշակել համապատասխան օրինագծեր եւ սույն Նախագծի հետ ներկայացնել որպես օրենքների նախագծերի փաթեթ: 

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համայնքի վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի համար սահմանել համայնքի ղեկավարի կողմից թույլտվություն տալու պահանջ, սակայն, մեր կարծիքով, Նախագծի ընդունումը չի կարող ապահովել Նախագծի հեղինակի կողմից ակնկալվող՝ «Օրենքով եւ Կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն եւ վարչական պատասխանատվություն սահմանելու եւ իրականացնելու» արդյունքները՝ կապված հարակից մյուս օրենքներում նույն փոփոխությունների բացակայության հետ:

Նախագիծը, դրված խնդիրների կատարման տեսանկյունից, լրամշակման եւ օրենքների նախագծերի փաթեթի տեսքով ներկայացման կարիք է զգում: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

05.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-879-25.02.2021-ՏՏԳԲ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.    Նախագծով առաջարկվում է համայնքների վարչական տարածքներում ածխաջրածնային գազերի վաճառքի համար սահմանել վաճառքի թույլտվության պահանջ, քանի որ այն որպես վառելիք գործող օրենքում չի նշվել: 

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հեղուկային ածխաջրածնային գազերի վաճառքի եւ իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը:

2.    Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.    Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

10.03.2021թ.