ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Ղահրամանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Ցիրունյանի եւ Հովիկ Աղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-884-02.03.2021-ՏՀ-011/0)  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-8841 -02.03.2021-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                    ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

  23.03.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ)՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.    Առաջարկում ենք «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

2.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում լրացում կատարել, ինչի արդյունքում նշված դրույթը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, (...) սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում եւ այլն) նախագծման Կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ)  կամ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) եւ սահմանափակումները»: Նշված լրացման արդյունում առաջանում են մի շարք իրավական խնդիրներ, այսպես՝

1)    Նշված լրացմամբ ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանների մեջ չընդգրկվող «ելակետային տվյալներ» հասկացության բովանդակությունը միանշանակ չի ընկալվում, ուստի առաջարկում ենք Օրենքում նախատեսել «ելակետային տվյալներ» հասկացության սահմանումը: 

2)    Նշված լրացման արդյունքում ստացվում է՝  ճարտարապետահատակագծային առաջադրանքը կարող է բովանդակել կա'մ ինժեներական ենթակառուցվածքների նախագծման Կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները, կա'մ տեխնիկական պայմանները: Նշված դրույթում «կամ» շաղկապի կիրառությամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի բովանդակության համար պարտադիր է դառնում նշված պայմաններից միայն մեկը՝ կա'մ ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները, կա'մ ելակետային տվյալները, մինչդեռ Օրենքի մի շարք դրույթներից բխում է ճարտարապետահատակագծային առաջադրանքում տեխնիկական պայմանների պարտադիր առկայությունը, օրինակ՝  Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «դ» կետով, որպես կառուցապատողի պարտականություն, սահմանված է տեղական ինքնակառավարման մարմիններից ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմաններ ստանալը: Այսինքն՝ նշված տեխնիկական պայմանները քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող պարտադիր նյութեր են, եւ վերջիններիս առկայությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքում չի կարող ունենալ հայեցողական բնույթ: 

 Բացի այդ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված լրացման արդյունքում եւ' ելակետային տվյալները, եւ' տեխնիկական պայմանները նախատեսված են որպես ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մաս, հետեւաբար «կամ» շաղկապով տեխնիկական պայմանների եւ ելակետային տվյալների տարանջատումը նպատակահարմար չէ: 

3)    Նշված լրացմամբ հղում է կատավում Օրենքի  6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման Կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալներին կամ տեխնիկական պայմաններին, մինչդեռ  Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «դ» կետը վերաբերում է միայն ինժեներական ենթակառուցվածքների  նախագծման տեխնիկական պայմաններին, հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով հղումները կատարել հստակ եւ ուղղակի:

3.    Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվում է նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրման ընթացակարգերը եւ ժամկետները սահմանվում են Կառավարության  կողմից»: Միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում Կառավարության կողմից սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները խախտելու համար:

Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձյն «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Տվյալ դեպքում Նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում Կառավարության կողմից սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները խախտելու համար, մինչդեռ պատասխանատվության հիմքը, որոշակի ժամկետում ելակետային տվյալները եւ տեխնիկական պայմանները տալու, ժամկետը երկարաձգելու  պարտականություններ Նախագծով եւ Օրենքով սահմանված չեն, իսկ Կառավարության որոշումը չի կարող պարունակել իրավունքների նոր uահմանափակումներ կամ պարտականություններ, այդ նորմերը բացառապես կարող են կանոնակարգել նշված ոլորտներում իրավասու պետական մարմինների գործունեությունը` առանց առնչվելու եւ' ֆիզիկական, եւ' իրավաբանական անձանց իրավունքներին ու ազատություններին: Օրինակ՝ Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրման առավելագույն եւ նվազագույն ժամկետները, ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրման այնպիսի ընթացակարգ, որոնք որեւէ կերպ չեն սահմանի նշված տվյալները տրամադրող անձանց համար պարտականություններ: 

4.    Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենմքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Ելակետային տվյալները եւ տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա»: Նույնաբովանդակ դրույթներ լրացվում են նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով, այսպես՝ « Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրում են ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնի հարցումը ստանալուց հետո Կառավարության սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում», «Համայնքի կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանի ժամկետը սահմանվում է Կառավարության կողմից»: Փաստացի նշված երեք դրույթներն էլ նույն իմաստն են արտահայտում, հետեւաբար, կրկնություններից եւ նույնաբովանդակ կարգավորումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծում սահմանել նույն միտքն արտահայտող միայն մեկ դրույթ:

5.    Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված լրացումը բավարար չափով որոշակի չէ եւ միանշանակ չի ընկալվում. մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենքի 22.1-ին հոդվածում լրացնել նման դրույթ՝ «Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրվում է ելնելով համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու եւ կառուցապատողի համար միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից»: Նշված լրացմամբ հասկանալի չէ՝ ինչ համակարգին կամ ինչ միացումներին են վերաբերում կարգավորումները: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հետեւաբար, հիմք ընդունելով վերը նշված դրույթների մեկնաբանությունները եւ իրավական որոշակիության սկզբունքը, առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները նախատեսել բավարար չափով հստակ եւ որոշակի: 

6.   Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված է նման լրացում՝ «Համայնքի կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանի ժամկետը սահմանվում է Կառավարության կողմից»: Նշված լրացման արդյունքում ստացվում է համայնքն է ներկայացնում հարցում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությանը, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ համայնքի ղեկավարն է հարցում ներկայացնում  ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությանը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներին:

7.   Նախագծի 1-ին հոդվածով լրացվում է հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս՝ «Համայնքի ղեկավարը չի կարող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը մերժել օրենսդրությամբ չնախատեսված պատճառաբանությամբ»: Նման դրույթի նախատեսումը, կարծում ենք ավելորդ է, քանզի Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործելը տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանադրաիրավական պահանջ է, հետեւաբար, համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը եւ մերժումը պետք է լինի բացառապես օրենքով սահմանված կարգով: 

Միաժամանակ նշենք, որ որեւէ իրավական ակտով սահմանված չեն ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը մերժելու հիմքերը, հետեւաբար նորմի իրավական որոշակիությունն  ապահովելու նպատակով, անհրաժեշտ է հստակ սահմանել ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը մերժելու հիմքերը, հատկապես, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն է նախատեսվում օրենսդրությամբ չնախատեսված պատճառաբանությամբ մերժման համար: Միաժամանակ նշենք, որ Նախագծով սահմանված տվյալների տրամադրումը մերժելու հիմքերը պետք է հստակ նախատեսվեն օրենքով, այլ ոչ օրենսդրությամբ ( ներառում է նաեւ ենթաօրենսդրական ակտերը):

8.   Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

9.   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում կիրառված հասկացությունները՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրվանից» բառը փոխարինել «օրը» բառով:

10.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշել Կառավարության որոշման կրճատ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նշելով այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում կատարված հղմանը:

11.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»  բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվում են երկու լրացումներ, իսկ 2-րդ հոդվածով մեկ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի պահանջներից: Միաժամանակ առաջարկում ենք նույն նախագծի 1-ին հոդվածում առկա վրիպակը շտկել, այն է՝ «1572» թիվը փոխարինել «157.2-րդ» թվով:

12.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական պատասխանատվություն (...) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը Կառավարության սահմանած ընթացակարգերին եւ ժամկետների խախտմամբ տրամադրելու համար, մինչդեռ Օրենքի 22.1-ին եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությանը հարցում ուղարկում է համայնքի ղեկավարը, սակայն հարցմանն ի պատասխան ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պարտականությունն է սահմանված ժամկետում պատասխան ներկայացնելը: Այսպես՝ Օրենքի 22.1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա», հետեւաբար սահմանված ժամկետում կամ ընթացակարգով հարցման պատասխանը չներկայացնելու համար վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել ոչ թե համայնքի ղեկավարը, այլ  ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություն իրականացնող անձը:

13.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելու համար: Ընդ որում սույն վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսվում ծառայության նկատմամբ: Նշված ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես պարզ չեն եւ նաատեսված չեն կարգավորումներ, առ այն, թե որոնք են ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները բարենպաստ կամ ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը: Միաժամանակ նշված ձեւակերպումից պարզ չէ, թե որ սուբյեկտի նկատմամբ է նախատեսվում վարչական պատասխանատվություն, մինչդեռ իրավական ակտերում պատասխանատվության միջոցներ սահմանելիս իրավակարգավորումները պետք է առավել հստակ նախատեսվեն:

14.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով համապատասխան նախագծի ուժի մեջ մտնելն ուղղակիորեն կախված է Կառավարության համապատասն որոշման մեջ փոփոխություններ կատարելու օրվանից: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ իրավական ակտի ուժի մեջ մտնելուն վերաբերող 23–րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ակտի ուժի մեջ մտնելու համար պետք է նշվի ժամկետ, այլ հարց է, որ նշված նախագիծը լրիվ գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ է որոշակի պայման, այն է Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխությունների կատարումը: Տվյալ պարագայում անհրաժեշտ է ընդամենը նշել համապատասխան նախագծի ուժի մեջ մտնելու հստակ ժամկետ, որը մեխանիկորեն կգործի  համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Սույն դիտարկումները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ, 27-րդ հոդվածի 1-ին մասի եւ 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:

   Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին եւ իրավական որոշակիության սկզբունքին:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Քաղաքաշինության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

23.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությա մասին 

Նախագծով ելակետային տվյալները նախատեսվում են որպես ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մաս, ինչի արդյունքում համապատասխան լրացման անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ համապատասխան իրավախախտումների համար հիմք հանդիսացող դրույթներ են անհրաժեշտ լրացնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

23.03.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացը պարզեցնելու, հստակեցնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ըստ Փաթեթի հեղինակների, դրա ընդունմամբ կբացառվեն կառուցապատողների հայտերի օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումները, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ կառավարության կողմից սահմանված ժամկետների խախտումները:

Փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որը պայմանավորված է սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը, ինչպես նաեւ կառավարության կողմից սահմանված ընթացակարգերի եւ ժամկետների խախտումները բացառելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողութուններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

15.03.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Ներկայացված Նախագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22.1-րդ հոդվածում՝ «Ճարտարապետահատակագծային առաջադրանքը»: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել եւ կանոնակարգել ճարտարապետահատակագծային առաջադրանքների փաթեթները, ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների տեխնիկական պայմանները, տեխնիկական պայմանների ընթացակարգերը եւ ժամկետները:

Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն «Քաղաքաշինության մասին» օրենքի դրույթները համահունչ դարձնել Կառավարության 19 մարտի 2015 թվականի թիվ 596-Ն «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման հետ: 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է մատակարար կազմակերպությունների կողմից պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ համայնքի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումներ իրականացնող մարմնին: Առաջարկվում է Կառավարության կողմից թիվ 2-րդ եւ 3-րդ կատեւգորիաների` միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսել տեխնիկական պայմանների փոխարեն տրամադրել ելակետային տվյալներ, որը չի առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում:

Ակնկալվում է, որ ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ կբացառվեն կառուցապատողների հայտերի օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված ժամկետների բաց թողումը:

2.  Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում եւ գլխավորապես լուծում է քաղաքաշինական տարբեր ընթացակարգերի եւ ժամկետների հստակեցման խնդիր:

3.   Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

09.03.2021