Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-889-09.03.2021-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
23.03.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին հակասող նորմեր (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը): Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ. 011-513-248) 23.03.2021թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունմամբ առաջանում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Մասնավորապես` Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսվում է Համաձայնագիրը լրացնել նոր՝ 1.1 հոդվածով, որով սահմանվում են մի շարք եզրույթներ: Արձանագրության մեջ առկա են եզրույթներ, որոնց՝ Արձանագրությամբ ամրագրված սահմանումների եւ Օրենքով տվյալ եզրույթների համար նախատեսված սահմանումների ձեւակերպումների միջեւ առկա են որոշ տարբերություններ, Արձանագրությամբ ամրագրվում են նաեւ այնպիսի եզրույթներ, ինչպես օրինակ՝ «թմրանյութերի եւ բաղադրիչների պետական ցանկ» եզրույթը, որը, թեեւ, չի կիրառվում Օրենքում, սակայն օգտագործվում է Արձանագրությամբ սահմանվող այլ եզրույթների հասկացությունները սահմանելիս: Կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում Օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ. 011-513-248) 23.03.2021թ.
1. Նախագծով առաջարկվում է համաձայնագիրը լրացնել «Օգտագործվող հասկացություններ» վերտարությամբ՝ նոր 1.1 հոդվածով: Ինչպես նաեւ առաջարկվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործում փոխադարձ աջակցությունն ընդլայնելու նպատակով ստեղծել օպերատիվ-քննչական համատեղ խմբեր եւ ընդլայնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ոլորտները: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Ն. Առաքելյան 15.03.2021թ.
1. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Թմրամիջոցների, հոդեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է փոփոխություններ կատարել 2000 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոդեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Հանրապետության նախագահի՝ 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՆՀ-969 հրամանագրով: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության եւ Տաջիկստանի Կառավարության միջեւ: Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները. - Համաձայնագրի կողմերի հետ թմրանյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել թմրանյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության հետ կապված անդրազգային բնույթի հանցագործությունների բացահայտման եւ հետաքննության նպատակով օպերատիվ-հետաքննչական համատեղ խմբերի ստեղծման ձեւով, - Համաձայնագրի կողմերի հետ թմրանյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել համալիր համաձայնեցված եւ/կամ համատեղ միջգերատեսչական, կանխարգելիչ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հատուկ օպերացիաների անցկացման ձեւով. եւ այլն: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 16.03.2021թ.
|