ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-890-09.03.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
24.03.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)՝ Հասայտանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` նաեւ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաեւ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենսգրքի հերթական համարը՝ «ՀՕ-139-Ն»: 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 18-րդ գլուխը նոր խմբագրությամբ շարադրելիս՝ «18» թվից հետո դրված կետադրական նշանն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ եւ 10-րդ մասերը: 3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի 116-րդ հոդվածի մեկ համարակալված մաս հանդիսացող պարբերության համարակալումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի՝ գրավոր ընթացակարգով գործի քննությունը դադարեցնելուն վերաբերող 118.3-րդ հոդվածի մեկ համարակալված մաս հանդիսացող պարբերության համարակալումին: 4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի՝ գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողություններին վերաբերող 118.1-ին հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «1. Դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 4. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:»: Մեջբերված կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Հյաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, Սահմանադրության 63-րդ հոդվածով եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում արտահայտվում է որպես դատավարական կողմերի իրավահավասարության պահանջ: Սահմանադրական դատարանը՝ իր 2016 թվականի հունիսի 23-ի ՍԴՈ-1289 որոշմամբ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորուշումները. «(...) օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջեւ հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության եւ իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, եւ չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որեւէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ՝ (...) սահմանելուն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատավարության ընթացքում կողմերի իրավահավասարության սկզբունքին, Նիկողոսյանը եւ Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռում վերահաստատել է իր նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ «... դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջը, որը արդար դատաքննության հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի համեմատ չեն դնում էականորեն անբարենպաստ վիճակում» (Nikoghosyan and Melkonyan v. Armenia, app. no. 11724/04 and 13350/04, 06.12.2007,«37; Dombo Beheer B.V. v. the Netherlands, app. no. 14448/88, 23.09.1993, «33; Steck-Risch v. Liechtenstein, app. no. 63151/00, 19.05.2005): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վայնենն ընդդեմ Բելգիայի վճռով (Wynen and Centre Hospitalier Interregional Edith-Cavell v. Belgium, app. no. 32576/96, 05.11.2002) կողմերի իրավահավասարության պահանջի խախտում է համարել վճռաբեկ դատարանին լրացուցիչ միջնորդություններ ներկայացնելու` կողմերի համար տարբեր ժամկետների առկայությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը նախատեսում է վարչական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության հիման վրա, այսինքն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։ (...) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (...) 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում, մասնավորապես` ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190 եւ ՍԴՈ-1222 որոշումներում, արդար դատաքննության եւ դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներից բխող` անձի իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության շրջանակներում գտել է, որ. «... որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ»: Շեշտվել է նաեւ, որ «ընթացակարգային որեւէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում...»: (...) Սահմանադրական դատարանը, ինչպես եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել են, որ դատարանի մատչելիությունը կարող է ունենալ որոշակի ընթացակարգային եւ ժամանակային սահմանափակումներ, որոնք, սակայն, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Դատավարական ժամկետների սահմանումը գործով վարույթի կանոնակարգման եւ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացման նպատակ է հետապնդում: Դատավարական ժամկետների եւ հակընդդեմ հայցի ինստիտուտները փոխկապակցված են, եւ հակընդդեմ հայց ներկայացնելը նույնպես պետք է նախատեսվի այնպիսի փուլում, որպեսզի կողմերին տրամադրվի ողջամիտ ժամկետ իրենց իրավական դիրքորոշումը ձեւավորելու համար: (...) ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին եւ գտնում է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: (...)»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի 118.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է գործի առանձնահատկություններից ելնելով՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները՝ դատարանի որոշմամբ երկարաձգելու հնարավորություն: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 118.1-ին հոդվածի 4-րդ մասի կարգավորման մեջ դիտարկման է ենթակա գործի առանձնահատկություններից ելնելով պայմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Սահմանադրական դատարանը ընդգծել է նաեւ, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաեւ դատական պրակտիկայում: Հարկ է նկատել, որ «գործի առանձնահատկություններից ելնելով» պայմանը կարող է ամբողջությամբ բաահայտվել դատական պրակտիկայում, սակայն գործին վերաբերելի առանձնահատակությունները, որոնք հնարավորություն կտան երկարաձգելու նախատեսված ժամկետները ենթադրյալ առնչվում են դատավարության բոլոր մասնակիցներին, ուստի, կարծում ենք, որ դատավարության կոնկրետ մասնակցի միջնորդությամբ միայն իրեն վերաբերելի ժամկետի՝ դատարանի որոշմամբ երկարաձգումը՝ հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, կարող է խնդրահարույց լինել դատավարական կողմերի իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից՝ հիմք ընդունելով Սահմանադրության 28-րդ եւ 63-րդ հոդվածները եւ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1289 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորուշումները: Միաժամանակ հարկ ենք համարում ընգծել այն համգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի 118.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց եւ հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից նույն երկշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ ի սկզբանե օրեսնդրությամբ նախատեսվում են հավասար հնարավորություններ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի 118.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվող կարգավորումը: 5. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ գլխի 118.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվող կարգավորումը խնդրահարույց է դատավարական կողմերի իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից՝ հիմք ընդունելով Սահմանադրության 28-րդ եւ 63-րդ հոդվածները: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 24.03.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 24.03.2021թ.
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքում ներդրնել վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացնելու գրավոր ընթացակարգեր, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ եւ 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր, այլ վարչական գործերի քննության դեպքում եւս նախատեսել գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն, ինչպես նաեւ Վարչական վերաքննիչ դատարանին առաջարկվում է տալ հնարավորություն՝ Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 15.03.2021թ.
1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ? Օրենսգիրք) 18-րդ գլուխը վերաշարադրել նոր խմբագրությամբ: Նման փոփոխությամբ Կառավարությունը նպատակ ունի հստակեցնել գրավոր ընթացակարգերի իրականացման կարգը: Հարկ է նշել, որ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը նպատակ ունի ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը եւ լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ չի նախատեսվել, ինչը շարունակաբար հանգեցրել է Վարչական դատարանի ծանրաբեռնվածության մեծացման: Թեեւ Օրենսգիրքի 18-րդ գլխով նախատեսված է գրավոր դատաքննություն անցկացնելու հնարավորություն, այն վերաբերում է միայն դատաքննության փուլին եւ իրականացվում է միայն դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում: Հարկ է նշել, որ Օրենսգրքում 24.06.2020 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Այդուհանդերձ, Վարչական դատարանում եւ Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում եւ հնարավոր չի լինում երաշխավորել գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը: Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվող ՀՀ Ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումներով: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 10.03.2021
|