ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-891-09.03.2021-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-8911 -09.03.2021-ԳԿ-011/0) եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-8912 -09.03.2021-ԳԿ-011/0) նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                 ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

30.03.2021թ.
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը (...)»: 

2.  Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի վերնագրերի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

3.  Նախագծի 2-րդ հոդվածը ունի «Անցումային դրույթներ» վերտառությամբ վերնագիր, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի», հետեւաբար՝ առաջարկվում է Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել: 

4.  Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

5.  Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն լիցենզիաները, որոնց համար Նախագծով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ (այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերով), ենթակա են վերաձեւակերպման: «Լիցենզավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) բացակայում է «լիցենզիայի վերաձեւակերպում» եզրույթի սահմանումը, սակայն Օրենքում առկա է «Լիցենզիայի վերաձեւակերպումը» վերնագրով 32-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝ «Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով տեւեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ»: Նշված դրույթի վերլուծությունից ակնհայտ է՝ թեեւ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզիայի վերաձեւակերպումը պարտադիր պայման է, եւ Օրենքի 32-րդ հոդվածով չկա որեւէ դրույթ, որը կսահմանի, որ բացառությամբ վերոնշյալ երեք դեպքերի՝ լիցենզիայի վերաձեւակերպումը չի իրականացվում այլ դեպքերում, այնուամենայնիվ, Օրենքում առկա չէ որեւէ դրույթ, որը հիմք կտա ենթադրելու, որ լիցենզիաների համար նախատեսվող նոր պայմաններն ու պահանջները նույնպես բավարար հիմք են լիցենզիայի վերաձեւակերպում իրականացնելու: Հետեւաբար առաջարկվում է Օրենքով սահմանել «լիցենզիայի վերաձեւակերպում» հասկացությունը կամ Օրենքի 32-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի լիցենզիայի համար նոր պայմաններ կամ պահանջներ առաջանալու հիմքով լիցենզիայի վերաձեւակերպումը լինի Օրենքով հիմնավորված:

6.  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մեկ համարակալված պարբերության համարը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «Օրենսդրական ակտերը բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններով հնարավոր է չլուծվեն Նախագծերի փաթեթին կից հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) բարձրացված խնդիրները: Մասնավորապես՝ Հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները» մասում նշվում է, որ «առկա են կազմակերպություններ՝ հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) եւ նախադպրոցական ծառայություններ: Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս՝ զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ՝ չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ եւ սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն): (…) Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ (գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ եւ այլն) եւ նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար»: Իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Կրթության մասին» օրենքների որոշ հոդվածների ձեւակերպումները համապատասխանեցվում են գործող «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի՝ «Նախադպրոցական կրթական ծրագրի, այդ թվում՝ դրա ցանկացած տեսակի եւ նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է», այսինքն՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունն իրենից ներկայացնում է ընդամենը «Նախադպրոցական կրթական ծրագրի» բառերից հետո «եւ (կամ) նախադպրոցական ծառայության» բառերի լրացում: Նախագծերի փաթեթի եւ Հիմնավորման վերլուծությունից ակնհայտ է, որ Հիմնավորմամբ բարձրացված նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր կամ նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու կամ խստացնելու, երեխաների առողջության եւ անվտանգության ապահովման եւ այլ հարցերի լուծման ուղղությամբ որեւէ քայլեր չեն առաջարկվում Նախագծերի փաթեթով: 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

30.03.2021




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

30.03.2021




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Փաթեթով առաջարկվող փոփոխությունը եւ լրացումները պայմանավորված են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի պահանջները կատարելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Փաթեթով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Կրթության բնագավառ» բաժնում լրացնել «եւ (կամ) նախադպրոցական ծառայության» բառերը՝ ապահովելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Նախադպրոցական կրթական ծրագրի՝ այդ թվում դրա ցանկացած տեսակի եւ նախադպրոցական ծառայությունների իրականացումը, լիցենզավորման ենթակա գործունեություն է» պարտադիր պահանջը:

Նշենք նաեւ, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 8.1 աղյուսակում առաջարկվում է «Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում» բառերը փոխարինել «Նախադպրոցական կրթական ծրագրերի եւ (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում» բառերով, ինչպես նաեւ «Բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «Բազային տուրքի 20-ապատիկի չափով» բառերով, որը ըստ Փաթեթի հեղինակի հիմնավորման միաժամանակ կապահովվի պետական տուրքերի գանձումը պետական բյուջե շուրջ 6.000.000 դրամ գումարի չափով:

Փաթեթով առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում, որը վերաբերում է կրթական գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ լիցենզավորման կարգին: Առաջարկվող կարգավորմամբ նախադպրոցական ծառայությունը կդառնա պարտադիր լիցենզավորման տեսակ՝ ապահովելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը, ինչպես նաեւ միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

19.03.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի պահանջներով, համաձայն որոնց նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Զարգացման կենտրոնների անվան տակ գործող, մոտավոր հաշվարկով շուրջ 300 կազմակերպություններ, իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր եւ նախադպրոցական ծառայություններ: Վերջիններս գործելով վերահսկողությունից դուրս`  զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ`  չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ եւ սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն): Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովվում նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները`  ըստ որի նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական  եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ  բնապահպանության, պատմության եւ  ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը  եւ այլն:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ զարգացման կենտրոնները հիմնականում գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ, համապատասխան բացօթյա տարածք եւ այլն:

Ներկայացված Նախագծերի փաթեթով փորձ է արվում ունենալ նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ, ինչն, անշուշտ, կնպաստի կրթության բնագավառում պատասխանատվության բարձրացմանը եւ կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը:

2.  Կարծում ենք Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով կունենա դրական ազդեցություն՝ կապված նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման առումով, իսկ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշերի ներդրման հետ: Մյուս կողմից, հարկ է նկատել, որ տվյալ քայլի արդյունավետությունը պայմանավորված է լինելու նաեւ համապատասխան վարչական վերահսկողության մակարդակով:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

12.03.2021