ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահնմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-894-09.03.2021-ՊԻ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրակն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8941 -09.03.2021-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8942 -09.03.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8943 -09.03.2021-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8944 -09.03.2021-ՊԻ-011/0, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8945 -09.03.2021-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-8946 -09.03.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
02.04.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ)՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահնմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը: 2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: 3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 8.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է նախաքվեարկության գործիք ներդնել, որի միջոցով Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կուսակցությունը ներկայացնելու է իր թեկնածուների ցուցակը՝ ըստ կուսակցության նախապատվության՝ ներգրավելով ընտրողներին այդ նախապատվության վերանայման գործընթացում: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումների՝ նախաքվեարկության արդյունքները չեն դիտարկվելու որպես պաշտոնական քվեարկություն, այլ հանդիսանալու են օժանդակող միջոց նախընտրական ցուցակի մասնակցային ձեւավորման համար: Հարկ է նկատել, որ Նախագծով նախաքվեարկության գործիքին վերաբերող կարգավորումները բավարար չափով որոշակի չեն, մասնավորապես՝ հասկանալի չէ համացանցով քվեարկության արդյունքում պահպանվելու են արդյո?ք քվեարկողների տվյալների գաղտնիությունը, թե ոչ. եթե նախաքվեարկության գործիք ներդնելը նպատակ է հետապնդում օժանդակել կուսակցությանը, գնահատել թեկնածուին, ապա նախաքվեարկության գործիքի արդյունավետությունն ապահովելու եւ մարդկանց մասնակցությունն ու վստահությունը նախաքվեարկության ինստիտուտի նկատմամբ բարձրացնելու նպատակով, կարծում ենք անհրաժեշտ է Նախագծով կարգավորումներ նախատեսել առ այն, որ նախաքվեարկությանը մասնակցած անձանց տվյալները գաղտնի են լինելու (նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից): Սույն առաջարկով կապահովվի նաեւ ընտրողների կամքը գաղտնի մնալու հանգամանքը, ինչը քվեարկության գաղտնիության սկզբունքի բաղկացուցիչ մասն է կազմում: Սահմանադրությամբ ամրագրված գաղտնի քվեարկության սկզբունքը ենթադրում է ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ ցանկացած տեսակի հսկողության բացառում: Հետեւաբար, նախաքվեարկության գործիքի ներդրմամբ ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ ցանկացած տեսակի հսկողություն բացառելու նպատակով առաջարկում ենք Նախագծով սահմանել համապատասխան կարգավորում: 4. Նախագծի 4-րդ հոդվածի մասի կետերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 5. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին մասով նախատեսվում է կարգավորում, որի համաձայն՝ տեղաշարժման կամ հենաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ քան 12 օր առաջ պետք է դիմում ներկայացնեն լիազոր մարմնին՝ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ: Նախագծով սահմանված կարգավորումներով նախատեսվում է վերացնել շրջիկ արկղի միջոցով ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց կողմից ստացիոնար բժշկական եւ ռազմաբժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպումը: Նման կարգավորմամբ բաց են մնում տեղաշարժման խնդիրներ ունեցող եւ ստացիոնար բժշկական եւ ռազմաբժշկական հաստատության շենքից դուրս գալու հնարավորությունից զրկված անձանց ընտրելու իրավունքի իրականացումը եւ կազմակերպումը՝ դրանով սահմանափակելով վերը նշված անձանց ընտրական իրավունքը: Սույն դիտարկումը հատկապես արդիական է հետպատերազմյան շրջանում՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը եւ վերջիններիս ընտրական իրավունքն իրացնելու կարեւորությունը, հետեւաբար կարծում ենք նշված կարգավորումը խնդրահարույց է: Միաժամանակ առաջարկվում է նույն լրացվող մասում «14.00» ժամը նշելիս ժամը եւ րոպեն արտահայտող թվերի միջեւ դնել երկու կետ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից: 6. Նախագծի 9-րդ հոդվածի կետ հանդիսացող 1-ին պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 7.Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ. «1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած, այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմնին՝ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ։ Լիազոր մարմինը դիմում ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին»։ Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշում կա այն մասին, որ եթե դիմումը դիմողի անձին չի վերաբերում, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով: Սույն կարգավորումը Օրենսգրքից հանելու վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ դիտարկումները բացակայում են: Հիմք ընդունելով նշվածը՝ կարծում ենք նպատակահարմար է Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում պահպանել քննարկվող կարգավորումը: 8.Նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 19-րդ հոդվածի 15-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետին, որը նոր խմբագրությամբ շարադրված 19-րդ հոդվածում բացակայում է: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նոր խմբագրությամբ շարադրված 19-րդ հոդվածի 7-րդ մասը 8-րդ կետ չունի, առաջարկում ենք հղումը կատարել հստակ եւ ուղղակի: 9.Նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 21-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է իրավական շփոթ, մասնավորապես՝ 4-րդ եւ 8-րդ տողերում նշված է «չեն կարող են» ձեւակերպում, ինչի արդյունքում հասկանալի չէ՝ 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները արգելող են, թե թույլատրող: 10. Նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որեւէ այլ եղանակով վնասելը»: Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.11-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում միայն քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելու, պատռելու կամ դրանց վրա գրառումներ կատարելու համար: Այսինքն՝ քարոզչական տպագիր եւ այլ նյութեր պոկելը, որպես իրավախախտում, նախատեսված է Նախագծով, սակայն նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 14-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 21-րդ հոդվածի 11-րդ մասով արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ հստակ նշված են՝ որ վավերապայմանների բացակայությամբ են արգելվում քարոզչական տպագիր նյութերը տարածել: Հետեւաբար՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը գործող իրավական ակտերին: 11. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանված 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված անձինք, բացառությամբ Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որպես թեկնածու առաջադրված անձանց, նախընտրական քարոզարշավի աշխատանքներին ներգրավվելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով գործատուի համաձայնությամբ կարող են վերցնել չվճարվող արձակուրդ՝ մինչեւ 30 օր տեւողությամբ»։ Սույն դրույթի բովանդակությունից բխում է որ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք (հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող) նախընտրական քարոզարշավի աշխատանքներին ներգրավվելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով գործատուի համաձայնությամբ կարող են վերցնել չվճարվող արձակուրդ՝ մինչեւ 30 օր տեւողությամբ: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով որպես նպատակային արձակուրդ լրացվում է նախընտրական արձակուրդը՝ հանրային պաշտոն զբաղեցնողներին եւ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվող չվճարվող արձակուրդ: Առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով սահմանված 23-րդ հոդվածի 5-րդ մասում հստակ նշել նախընտրական արձակուրդի մասին, հակառակ դեպքում հասկանալի չէ հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է վերցնել միայն նախընտրական արձակուրդ, թե նպատակային արձակուրդի տեսակ հանդիսացող չվճարվող արձակուրդ: 12. Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 20-րդ եւ 20.1-ին հոդվածները վերաբերում են համապատասխանաբար զանգվածային լրատվության միջոցներով եւ համացանցով կատարվող նախընտրական քարոզչությանը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «Ստորեւ բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ նշանակությամբ. 1) զանգվածային լրատվություն (այսուհետ` լրատվություն)` անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ ու գաղափարներ: Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ. 2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է` - մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից, - հեռուստառադիոհաղորդմամբ, - հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից, - համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով: Լրատվության միջոց են նաեւ լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից.( )»: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսվում է հետեւյալ հասկացությունը՝ տեսալսողական տեղեկատվություն՝ հաճախականություններով եւ հնարավոր այլ տեխնիկական միջոցներով (հաղորդիչ, արբանյակ, մալուխային ցանց եւ այլն) սպառողներին տրամադրվող տեսալսողական նյութ, ներառյալ՝ տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվությունը (ինտերակտիվ հեռուստատեսություն): Հիմք ընդունելով վերոնշյալ օրենքներում կիրառված հասկացությունների ձեւը եւ դրանց տրվող սահմանումները՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 20-րդ եւ 20.1-ին հոդվածներում համապատասխան հասկացությունները կիրառելիս հաշվի առնել զանգվածային լրատվության միջոցի, հեռուստառադիոհեռարձակմանը եւ այլ հասկացություններին տրված սահմանումները: Մասնավորապես՝ Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 20-րդ հոդվածը վերնագրված է «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով», սակայն, Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 20.1-ին հոդվածում նախատեսվում է կարգավորում, որը վերաբերում է զանգվածային լրատվության միջոց հանդիսացող կայքին, միաժամանակ 20.1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսվում են կարգավորումներ համացանցային հետուստատեսության լրատվական հաորդումների համար: Հարկ է նկատել նաեւ, որ Օրենսգրքում սահմանված չեն «համացանց» եւ «համացանցային հետուստատեսության լրատվական հաորդում» հասկացությունները: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 14-րդ հոդվածով Օրենսգրքում նախատեսվող 20-րդ եւ 20.1-ին հոդվածները՝ բացառելով հասկացությունների կիրառաման հարցում իրավական որոշակիության խախտումը: Քննարկվող դիտարկումը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն համացանցում նախընտրական քարոզարշավի հետ կապված կանոնների խախտման համար: 13. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 29-րդ հոդվածում լրացնել նոր 6.1-ին մաս, որով վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանն իրավասություն է վերապահվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից պահանջել եւ ստանալ երրորդ անձանց հայտարարագրերի ստուգման համան անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն սույն օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով եւ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով հաղորդելն է»: Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում սույն օրենքի դրույթներին»: Սույն հոդվածների վերլուծությունից բխում է, որ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը երրորդ անձանց տրամադրելու համար անհրաժեշտ է նշված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հստակ սահմանված դեպքերում, հիմքերում եւ կոնկրետ նշված անձանց միայն կարող է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամդրվել: Սույն պայմանների բացակայությունը հիմք է բանկի համար բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը մերժելու համար: Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը տրամադրելու հնարավորություն նախատեսված չէ, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում: 14. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում առանց լրացուցիչ հիմնավորումների դուրս է մնում համայնքի ավագանու անդամների կողմից տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ չլինելու պահանջը, արդյունքում հստակ չի բացահայտվում նշված փոփոխության տրամաբանությունը: Հիմք ընդունելով Նախագծերի փաթեթով նախատեսված համակարգային փոփոխությունները՝ կարծում ենք, անհրաժեշտ է հստակ ամրագրել փոփոխություններից յուրաքանչյուրի տրամաբանությունը, ներկայացնել տվյալներ, թե ինչի հիման վրա են կատարվել փոփոխություններից յուրաքանչյուրը: 15. Նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները քննելիս տարածքային ընտրական հանձնաժողովը՝ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված եւ նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաեւ, թե գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է լիազոր մարմնի, այլ ոչ թե ոստիկանության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա այդ ընտրողի մատնահետքին: Նշված փոփոխության արդյունքում ստացվում է ոստիկանության փոխարեն լիազոր մարմնի կողմից է վարվելու նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանը, մինչդեռ նշենք, որ Օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, որպես Օրենսգրքում այսուհետ կիրառվող լիազոր մարմի, նշվում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: Հիմք ընդունելով «Նույնականացման քարտի մասին» օրենքի կարգավորումները եւ Օրենսգրքում կիրառված հասկացությունները՝ առաջարկում ենք Նախագծում կիրառված հասկացությունները համապատասխանեցնել գործող իրավական ակտերին՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով: 16. Նախագծի 53-րդ հոդվածի կետերը համարակալելիս առաջարկում ենք պահպանել հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը: 17. Նախագծի 114-րդ հոդվածի 1-ին մասով որպես ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է հրապարակման օրվան հաջորդող օրը: Մինչդեռ նշված ժամկետը, կարծում ենք, ողջամիտ չէ Օրենսգրքով նախատեսված համակարգային փոփոխությունների ընկալման եւ հասցեատիրոջ կողմից իր վարքագիծը համապատասխան փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու այլ ողջամիտ ժամկետ սահմանել: Միաժամանակ նշենք, որ դեռեւս 2016 թվականի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է ընտրական օրենսդրությանը վերաբերող փոփոխությունների համար բավարար ժամանակ սահմանելու անհրաժեշտությունը:1 18. Նախագծի 114-րդ հոդվածի 13-րդ մասը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես Նախագծի անցումային դրույթների 13-րդ կետով սահմանված է՝ «Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-րդ կետը, որով նախատեսվում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համալրել քաղաքացիական ծառայողներ հանդիսացող եւս երկու աշխատակիցներով, ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Վերահսկիչ-վերսուգիչ ծառայությունն օրենքով սահմանված կարգով համալրվում է եւս երկու քաղաքացիական ծառայողներով»: Նման ձեւակերպումից պարզ չէ, եթե Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը եւս 2 քաղաքացիական ծառայողներով (արդյունքում 4 քաղաքացիական ծառայողներով) համալրելու պահանջը նախատեսվում է կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից, ինչով է պայմանավորված միաժամանակ պահանջ սահմանել առ այն, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համալրվելու է եւս 2 (արդյունքում 4) քաղաքացիական ծառայողներով: Արդյունքում նույն պահանջի համար Նախագծի 114-րդ հոդվածի 13-րդ մասով ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ են նախատեսվում: 19. Նախագծի 114-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածի վերնագրերին: 20. Նախագծի 114-րդ հոդվածում Հայաստանի Հանարապետության ընտրական օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք կիրառել «Օրենսգիրք» եզրույթը՝ հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի համար նախատեսված կրճատ տարբերակը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 21. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանարապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ օրենսգրքի համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 22. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանարապետության քրեական օրենսգրքում լրացվում է նոր 154.11-րդ հոդված՝ «Հոդված 154.11. Նախընտրական հիմնադրամին նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանվածչափը չգերազանցելու արգելքը խոշոր չափով կամ օրենքով չնախատեսված աղբուրներից նվիրատվության արգելքը խոշոր չափով շրջանցելը 1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմաված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չնախատեսված աղբյուրներից նվիրատվությանարգելքը այլ անձանց կողմից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է խոշոր չափով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։(...)» Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները եւ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձեւավորելու իրավունք չունեն: Հիմք ընդունելով նշված՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանարապետության քրեական օրենսգրքում լրացվող 154.11-րդ հոդվածի 1-ին մասում միայն կուսակցության մասին նշում չկատարել: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանարապետության քրեական օրենսգրքում լրացվող 154.11-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում է արարքի կատարման միայն մեկ եղանակ, ինչի նպատակահարմարության հարցը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 23. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: 2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետ չնախատեսել հրապարակմանը հաջորդող օրը: 24. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 40.18-րդ հոդվածում «նվիրատվություն ներգրավելը» բառերը փոխարինել «նվիրատվություն ընդունելը» բառերով՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքում կիրառված հասկացությունները (օրինակ՝ 597-րդ հոդված) եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը: 25. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում հանրային ծառայության պաշտոնի հասկացությունը սահմանելիս, որպես հանրային ծառայության պաշտոնը բնութագրող հատկանիշ, լրացվում է քաղաքական զսպվածությունը, թեեւ նույն օրենքի գործող կարգավորումներով հանրային ծառայության պաշտոնի բնութագրիչ հատկանիշների մեջ սահմանված է քաղաքական չեզոքությունը: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի կողմից ցուցաբերվող քաղաքական չեզոքությունը լայն հասկացություն է, եւ քաղաքական չեզոքության պահանջը, որպես քաղաքական դիրքորոշում չարտահայտելու պահանջ, արդեն իսկ իր մեջ կլանում է քաղաքական զսպվածությունը: Նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 27.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանրային ծառայողներն իրավունք ունեն Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով մասնակցելու նախընտրական քարոզարշավին՝ պահպանելով քաղաքական զսպվածություն»: Տվյալ պարագայում հասկանալի չէ, թե ինչպես է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը մասնակցելու քաղաքական գործընթաց հանդիսացող նախընտրական քարոզարշավին՝ ցուցաբերելով քաղաքական զսպվածություն: 26. Առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս նշել օրենքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Բանկային գաղտնիքի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
--------------------------------------------------------------------------------
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 02.04.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությա մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 02.04.2021թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել գործող Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ նպատակ ունենալով կատարելագործել ընտրական համակարգը, վերացնել բացահայտված եւ ժամանակի ընթացքում ի հայտ եկած թերությունները, շտկել եւ հնարավորինս վերացնել առկա տարընթերցումները եւ ոչ այնքան հստակ դրույթները, ինչպես նաեւ ներմուծել որոշ նոր իրավակարգավորումներ: 2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 24.03.2021թ.
1. «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել՝ նպատակ ունենալով վերացնել դրանում առկա եւ ժամանակի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տարընթերցումները, ոչ հստակ ամրագրված դրույթները, ինչպես նաեւ նոր իրավակարգավորումներ ներառել: Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ խորհրդարանական խմբակցությունն ակնկալում է հետեւյալ խնդիրների լուծումը: Մասնավորապես, - ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպման հնարավորություն, - քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցության գործադրման բացառում, - նախընտրական քարոզարշավի ընթացքում հավասար հնարավորությունների ապահովում բոլոր կուսակցությունների համար, - նախընտրական քարոզարշավի ֆինանսական թափանցիկության ապահովում, - պարզ համամասնական ընտրակարգի ներդրման միջոցով անհատների դերի հնարավորինս նվազեցում՝ բարձրացնելով կուսակցությունների եւ ծրագրերի մրցակցության աստիճանը եւ նպաստելով պառլամենտարիզմի զարգացմանը, ինչպես նաեւ ընտրական գործընթացի մասնակիցների եւ ընտրողների համար ընտրական համակարգի պարզության եւ մատչելիության ապահովում: 2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 23.03.2021
|