Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-897-12.03.2021.ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
02.04.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)՝ Հասայտանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` նաեւ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից հետո նշված «Հասայտանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով լրացվող 2.1-ին եւ 9.1-ին մասերը նշել մգեցված՝ ապահովելով լրացվող դրույթների եւ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի կետերով սահմանված հասկացությունների տեսքի համապատասխանությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: 3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ կետի «ա» ենթակետում կիրառվում է «ձայնի իրավունք ունեցող բաժնեմասեր» եզրույթը, մինչդեռ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի դրույթների վերլուծությունից բխում է, որ, որպես ձայնի իրավունք տվող կամ քվեարկող կարող են լինել բաժնետոմսերը, այլ ոչ թե բաժնեմասերը, հետեւաբար, առաջարկում ենք Նախագծում կիրառել օրենսդրությամբ սահմանված կամ կիրառված հասկացությունները: 4. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված փոփոխության արդյունքում «բարձր ռիսկի չափանիշ» հասկացության սահմանումից դուրս են մնում քաղաքական ազդեցություն ունեցող անձի ընտանիքի անդամը կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձը (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ), ինչի հետեւանքով բարձր ռիսկի չափանիշը, որպես լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշ, չի վերաբերելու քաղաքական ազդեցություն ունեցող անձի ընտանիքի անդամին կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձանց (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում: Նշված փոփոխության իրականացման եւ հետապնդող նպատակի վերաբերյալ ներկայացված հիմնավորումներ ու անդրադարձ կատարված չէ Նախագծին կից ներկայացված հիմնավորումներում, ինչի արդյունքում հստակ չի բացահայտվում նշված փոփոխության տրամաբանությունը: 5. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում կիրառվում է «նրա հետ սերտորեն փոխկապակցված անձ» ձեւակերպումը, ինչը բավարար չափով որոշակի չէ. մասնավորապես քաղաքական ազդեցություն ունեցող անձի հասկացությունը սահմանելիս, որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձ, նախատեսվում է քաղաքական կամ հանրային բնույթ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձը, նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը: Տվյալ դրույթի բովանդակությունից պարզ չէ՝ ովքեր են անձի հետ սերտորեն փոխկապակցված անձինք, այդ անձանց շրջանակը, փոխկապակցվածության աստիճանը, կարող են արդյո?ք իրավաբանական անձինք դիտվել որպես սերտորեն փոխկապակցված անձինք, թե? նշված կարգավորումը վերաբերելի է միայն ֆիզիկական անձանց: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց կարող է լինել նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 25-րդ կետի «զ» ենթակետում, որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձ, կիրառված քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք, հասկացությունը: Քաղաքական կուսակցության պաշտոնատար անձ հասկացությունը սահմանված չէ «Կուսակցությունների մասին» օրենքում եւ այլ վերաբերելի իրավական ակտերում, եւ նշված հասկացությունը միանշանակ չի ընկալվում: 6. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով լրացվող 25.2-րդ մասում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը: 7. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող եւ պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որեւէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները եւ այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չեն կարող տրամադրվել երրորդ անձի՝ բացառությամբ քրեական հետապնդման մարմինների: Սույն փոփոխությունն իմաստազուրկ է այն տեսանկյունից, որ Օրենքի գործող կարգավորումներով արդեն իսկ սահմանված է, որ լիազոր մարմնի կողմից օպերատիվ տեղեկությունները կարող են տրամադրվել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, որոնք այդ տեղեկությունները կարող են օգտագործել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Այդ կարգավորմանը զուգահեռ լրացնել եւս մեկ անգամ, որ օպերատիվ տեղեկությունները կարող են տրամադրվել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, անհիմն կրկնություն է, եւ կարող է իրավական շփոթ առաջացնել: 8. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «պարբերություն» բառը փոխարինել «նախադասություն» բառով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը բաժանված չէ պարբերությունների: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասոց նախատեսված փոփոխության մեջ «դրան» բառը փոխարինել «այն» բառով: 9. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում՝ այն է «Բոլորը» բառը հանելով՝ անհրաժեշտություն է առաջանում հաջորդիվ նշված «դրամական» բառը նշել մեծատառով: Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող եւ պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որեւէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները եւ այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ եւ կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 02.04.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 02.04.2021թ.
1. Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրված մի շարք թերությունները եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները՝ հիմնահարցերի հետեւյալ խմբերի մասով. - քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում՝ ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձին, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց, - իրական շահառուի նույնականացում եւ ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերի ձեռնարկում՝ ըստ հաջորդականության սկզբունքի, - ֆինանսական խմբի անդամների միջեւ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթների նախատեսում, -փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի, այն իմաստով, որ դրանով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-րդ մասով, ըստ որի. «7.1 Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը:», սակայն ամրագրվող տվյալ պարտականության չկատարման համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում սահմանել: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել նշված պարտականության չկատարման, ինչպես նաեւ դրա արդյունքների համար պատասխանատվության տեսակը եւ մշակել համապատասխան օրենքի նախագիծ: Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, սակայն 10-րդ հոդվածի հետ կապված որոշ հստակեցումների անհրաժեշտությունն առկա է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 18.03.2021թ.
1. Ներկայացված Նախագծի ընդունման նպատակը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցումն է, ինչը պայմանավորված է 2018թ. մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) եւ այլ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի ներկայացմամբ` ի կատարումն 2015թ.-ի Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք հանձնարարականների: Հարկ է նշել, որ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել են ընդհանուր առմամբ բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանի կողմից զգալի առաջընթաց, չնայած որ, դեռեւս առկա են հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ: Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն վերացնել ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրված մի շարք թերություններ եւ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները՝ հետեւյալ հիմնախնդիրների մասով: Մասնավորապես, - քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում? ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձին, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց. - իրական շահառուի նույնականացում եւ ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերի ձեռնարկում՝ ըստ հաջորդականության սկզբունքի, - ֆինանսական խմբի անդամների միջեւ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթների նախատեսում, - փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Բացի վերը թվակվածներից, Նախագծով առաջարկվում է նաեւ իրավաբանական անձանց կողմից պետական գրանցման փուլում իրական շահառուի հայտարարագրման վերաբերյալ հարաբերությունների կարգավորումը հանել ՀՀ կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներից եւ վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը: Նախատեսվել է նաեւ ֆինանսական խմբի դեպքում ֆինանսական խմբի անդամների միջեւ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորությունը: 2. Ներկայացված Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 3. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 23.03.2021
|