ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-899-15.03.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                          ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

05.04.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ)՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.04.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ կիրառելով մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի եւ ԱԱՀ 0-ական դրույքաչափերի համար), առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ, ինչպես նաեւ ԱԱՀ փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողին՝ անկախ գումարների վերադարձման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Առաջարկվում է նաեւ փոփոխություններ կատարել Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերում, մասնավորապես՝ դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ փոխհատուցվող գումարներից, ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ փոխհատուցվող գումարներից եւ ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հինավորված) միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ փոխհատուցվող գումարներից Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները: Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Օրենսգրքի 74-րդ հոդվածում, մասնավորապես՝ սահմանել պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ գումարի հաշվարկման նոր կարգ:

2. Հարկ ենք համարում նշել, որ 2018 թվականի դրությամբ ԱԱՀ փոխհատուցվող գումարները վերադարձվել են տնտեսվարողներին 6 ամիսը մեկ, իսկ հաջորդ փոփոխությամբ 3 ամիսը մեկ, սակայն նախկին տարիներից կուտակված պետության պարտավորությունները տնտեսվարողներին (ԱԱՀ վերադարձի գծով պարտքը) կազմել է մոտ 100 մլրդ դրամ: Նշենք նաեւ, որ 2018 թվականին պետության պարտավորությունները տնտեսվարողներին ԱԱՀ փոխհատուցվող գումարների մասով կազմել է մոտ 260 մլրդ դրամ, 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 մլրդ դրամ, իսկ 2020 թվականի ընթացքում 139 մլրդ դրամ:

3. Մեր կարծիքով Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի տնտեսվարողների համար ավելի արագ եւ արդյունավետ տնօրինել իրենց շրջանառու միջոցները, որը կարող է նոր խթան հանդիսանալ տնտեսության առողջացման եւ զարգացման համար, մասնավորապես՝ կարող է խթանել արտահանման աճին, արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաեւ կարող է դրական զարգացումներ ապահովել տնտեսության բոլոր փոխկապակցված ոլորտներում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

25.03.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովմամբ եւ ԱԱՀ-ի վերադարձման մեխանիզմի կատարելագործմամբ:

Ներկայիս իրավակարգավորմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները վերադարձվում եւ մուտքագրվում են միասնական հաշիվ երկու տարբերակով՝ յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով եւ յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով՝ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա գումարների մասով: 

Նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի մեկ միասնական մոտեցում կիրառել՝ յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, ինչպես նաեւ առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ, իսկ ԱԱՀ փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողին՝ անկախ գումարների վերադարձման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.03.2021