ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-900-16.03.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

06.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փորձաքննության արդյունքները

Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ  եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին պահանջին, այն է` «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ Նախագծով նախատեսվում է մեկ լրացում, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` «1. Նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել» բառից հետո ավելացնել «նոր» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (108)
 






ՏԵՂԵԿԱՆՔ

         Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (108)







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերի բողոքարկման վերաբերյալ դրույթ: Մասնավորապես, 141-րդ հոդվածը վերաբերում է վերաքննիչ դատարանում գործի քննության կարգին եւ այս հոդվածում սահմանված են դրույթներ, որոնք սահմանում են վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննելու եւ որոշումները կայացնելու կարգը: Այս հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է լրացնել կարգավորում առ այն, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են 5 դատավորի կազմով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

24.03.2021թ.
 






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայումս Վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը. «1.Սույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաեւ այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ լուծում է վարչական դատարանը՝ կոլեգիալ 5 դատավորի կազմով»: Սահմանադրական դատարանն իր ՝ 06.10.2015 ՍԴՈ-1231 որոշմամբ «ինչպես նաեւ այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների եւ 92-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր: Պետք է նշել, որ  Վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը ներառված է «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» գլխում, եւ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերը բողոքարկման ենթակա են հենց վարչական դատարանին: 

Ելնելով վերը նշվածից՝ Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել դրույթ, որը կվերաբերի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերին: Առաջարկվում է, որ  վերաքննիչ դատարանում վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվեն 5 դատավորի կազմով:

Նախագծի ընդունմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կլրացվեն համապատասխան կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են իրավակիրառ պրակտիկայում: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

26.03.2021թ.