ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-903-22.03.2021-ՊԱ-011/0) եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-9031 -22.03.2021-ՊԱ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
09.04.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները
Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ), որպես սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակում, նախատեսվում է արգելք առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նշված ձեւակերպումից բխում է, որ սահմանային շերտում անօդաչու թռչող սարքեր օգտագործել կամ սահմանային շերտում, օրինակ տրանսպորտային միջոցներ, տեսալուսանկարահանել հնարավոր է միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում: Մինչդեռ, հնարավոր են իրավիճակներ, երբ սահմանային շերտում անօդաչու թռչող սարքեր օգտագործելը կամ տեսալուսանկարահանելն անհրաժեշտ է իրականացնել անհապաղ, եւ վերջիններիս համար թույլտվությունը հրատապ չստանալը կամ ընդհանրապես թույլտվության համար դիմելը կարող է ժամանակատար լինել եւ բացասական ազդեցություն ունենալ հրատապ լուծում պահանջող իրավիճակներում: Օրինակ՝ ապահովագրական պատահարների արձանագրումն իրականացվում է տրանսպորտային միջոցների լուսանկարահանման միջոցով (հիմք՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենք եւ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի RL 1-029 կանոններ):Տվյալ կարգավորման պարագայում սահմանային շերտում տեղի ունեցած պատահարի արձանագրման համար, որն իրականացվում է տրանսպորտային միջոցները լուսանկարահանելու միջոցով, ապահովագրողը պետք է թույլտվություն ստանա նախքան պատահարն արձանագրելը: Կամ Կառավարության նիստի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 52 արձանագրության քաղվածքի 13-րդ կետով նախատեսված է անօդաչու թռչող սարքերի կիրառման հնարավորություն հրդեհների մեծ մասշտաբների դեպքում, երբ այն արագ տարածվում է բնակեցված տարածքների, կազմակերպությունների, հանգստի գոտիների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառտնկարկների ուղղությամբ հրդեհի տարածման հետախուզման եւ հրդեհաշիջման նպատակով, եւ թույլտվություն ստանալը տվյալ պարագայում կարող է ժամանակատար լինել եւ բացասական ազդեցություն ունենալ: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է կարգավորումներ նախատեսել նաեւ առ այն, որ առանձին դեպքերում սահմանային շերտերում լուսանկարահանում կամ անօդաչու թռչող սարքերի կիրառում կարող են կիրառվել նաեւ առանց թույլտվության: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «221-րդ» թիվը փոխարինել «221-ին» թվով, ինչպես նաեւ «ենթակետը» բառը փոխարինել «ենթակետում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասը: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 200-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ՝ «Հոդված 200. Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կանոնները խախտելը Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 200-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ համապատասխան հոդվածը վերաբերում է միայն սահմանային շերտ մուտք գործելու կանոնների խախտմանը, այնտեղ գտնվելու կամ բնակվելու կանոնների խախտմանը: Մինչդեռ, նոր խմբագրությամբ շարադրված 200-րդ հոդվածի բովանդակությունը վերաբերում է ոչ միայն սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու կանոնների խախտմանը, այլեւ սահմանային շերտում գրանցվելու կանոնների խախտմանը, ինչի արդյունքում հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Միաժամանակ նշենք, որ «Պետական սահմանի մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված սահմանային ռեժիմի կարգավորման շրջանակում եւ «Պետական սահմանի մասին» ամբողջ օրենքում սահմանային շերտում գրանցվելուն առնչվող կարգավորումները բացակայում են: Նշենք նաեւ, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը փոխելու, այն է՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափը հարյուրապատիկի չափով փոխելու անհրաժեշտության մասին դրույթները եւս բացակայում են: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին՝ ապահովելով նաեւ Նախագծերի փաթեթին վերաբերելի առավել համապարփակ կարգավորումներ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 09.04.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 09.04.2021թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: «Պետական սահմանի մասին» օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետում առաջարկվող լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 31.03.2021թ.
Ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով դառնում է սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների դժգոհության պատճառ: Այս սարքերի միջոցով նկարահանումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նախագծերի փաթեթով կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 02.04.2021թ.
|