ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի եւ Կարեն Համբարձումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-915-30.03.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

  20.04.2021թ.
 







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գործողությունը դադարեցնել: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ, 37-րդ եւ 38-րդ հոդվածների կարգավորումները հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կետի գործողությունը դադարեցնել» բառերը փոխարինել «կետը ուժը կորցրած ճանաչել» բառերով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

20.04.2021





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

20.04.2021







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի   ճանապարհային հարկի արտոնություններ նախատեսող 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գործողությունը դադարացնել? ելնելով այն հանգամանքից, որ այս արտոնությունից քիչ թվով գործարարներ են օգտվում եւ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տնտեսվարողների համար: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը. ինչպես յուրաքանչյուր հարկային արտանության, այնպես էլ այս  դեպքում հիմնական խնդիրը պետք է լինի տվյալ արտոնության առավելագույն հասցեականության ապահովումը եւ դրանով հետապնդվող խնդրի լուծումը։ Ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերված մտահոգությունները? միեւնույն ժամանակ կարծում ենք, որ առկա խնդիրների լուծման համար, նախ եւ առաջ, պետք է դիտարկել արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնման հնարավորությունները, որոնց բացակայության դեպքում միայն քննարկել արտոնության դադարեցման հարցը։ 

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունման դեպքում կարիք կառաջանա ուժը կորցրած ճանաչել նաեւ Հայստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, քանի որ դրանով սահմանվում են 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը։

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Ն. Առաքելյան       (հեռ.՝ 011-513-217)

13.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գործողությունը դադարեցնել, ինչի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, որոնց տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվում են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը  մեկ կիլոմետր հեռավորության վրա, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում չեն օգտվի ճանապարհային հարկի արտոնությունից:

Նման մոտեցումը նախագծի հեղինակները հիմնավորում են հետեւյալ փաստարկով, որ արտոնությունը չի ծառայում իր նպատակին, եւ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում:

Բացի այդ, սահմանված մինչեւ մեկ կիլոմետր արտոնյալ գոտում առկա է մեկ մաքսային վերահսկողության տարածք եւ այդ տարածքում, մի շարք գործարարների պնդմամբ, հնարավոր չէ լրացուցիչ պահեստ կառուցել, իսկ արտոնյալ գոտում գտնվող պահեստում բեռնաթափվում են Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնատարների 10-15 տոկոսը:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ ենք համարում նշել, որ պետությունը կիրառելով հարկային արտոնությունների մեխանիզմները, որպես կանոն, նախատեսում է նաեւ տնտեսական եւ այլ գործընթացների  այնպիսի միջոցառումներ, որոնք խթան կհանդիսանան  առանձին տարածաշրջաններում ներդրումների հոսքին, միջպետական տնտեսական կապերի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ այլն, իսկ առանձին դեպքերում այլ ռազմավարական խնդիրների լուծմանը, որոնք նպաստում են պետականության ամրապնդմանը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները, կարծում ենք, որ մինչեւ գործող ճանապարհային հարկի գործողության դադարեցումը առավել արդյունավետ կլինի լիազոր մարմնի հետ քննարկել տարբերակներ՝ մաքսային հսկողության տակ գտնվող պահեստների տարածքների ընդլայնման ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնատարների զգալի մասը կարող է բեռնաթափվել արտոնյալ գոտում գտնվող պահեստներում:

Նման մոտեցունը կնպաստի նաեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը տնտեսավարողների շրջանում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

15.04.2021թ