ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-925-07.04.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

28.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Պետությանը կամ  համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չի կարող հանձնվել վարձակալության 49 տարուց ավելի ժամկետով: Վարձակալության պայմանագիրը  նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելու կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում վարձակալն ունի  ձեռք բերման նախապատվության իրավունք ունի, բացառությամբ, եթե պայմանագիրը լուծվել է հողամասը ոչ նպատակային օգտագործելու կամ հրապարակային սակարկություններով վաճառելու դեպքերում»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված է հետեւյալը՝ «Հաշվի առնելով գործող կարգավորումը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը սահմանել մինչեւ 25 տարի, գրավիչ չի դարձնում համայնքապետարանի առաջարկը, հատկապես, երբ շատ հաճախ ավելի փոքր ժամկետ է սահմանվում, քան 25 տարին է: Սա նոր ներդրումների ու երկարատեւ գործունեության համար եւս մեկ երաշխիք է, որով հնարավոր կլինի շահագրգռել ներդրողներին եւ հասնել նրան, որ ՀՀ-ում անմշակ հող չմնա»:

Օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետության եւ համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչեւ 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի»:

Մեջբերված նորմի վերլուծությունից բխում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի պարագայում վարձակալության պայմանագիրը կարող է կնքվել մինչեւ 25 տարի ժամկետով: Ընդ որում, նախկին կամ այլ հավասար պայմաններով կնքվելու պարագայում վարձակալը նախապատվության իրավունք ունի: Սա ենթադրում է, որ պայմանագիրը առավելագույնը 25 տարի ժամկետով կնքելու պարագայում վարձակալի համար հնարավորություն է սահմանված նախապատվությամբ կնքելու տվյալ պայմանագիրը հաջորդ 25 տարիների համար եւս: Այսպիսով՝ Օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը արդեն իսկ երաշխիք է վարձակալի համար նոր ներդրումներ կատարելու եւ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալելու համար: Ուստի Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ արտահայտված մտավախությունը, այն է՝ այստեսակ հողերի վարձակալության համար նախատեսված կարճ ժամկետի արդյունքում պայմանագիր կնքելու ոչ գրավիչ լինելը, կարծում ենք, շոշափելի խնդիր չէ:

Մինչդեռ, գյուղատնտեսական հողերի կիրառման նպատակային նշանակությունը չխախտելու, դրա արդյունքում վերականգման բարդությունների հաշվառմամբ է այստեսակ հողերի համար առանձին կարգավորում նախատեսված: Նշվածով  պայմանավորված՝ կարծում ենք, քննարկվող փոփոխությունը նախատեսելիս նպատակահարմար է այդ հողերի համար ոչ գյուղատնտեսական հողերի համեմատությամբ առանձին կարգավորում նախատեսելը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա, վերանայել Նախագծով գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության դեպքում նախատեսված կարգավորումը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան  (հեռ.` 011-513-248)

28.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

28.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վարձակալության համար սահմանել առավելագույնը 49 տարի ժամկետ (ներկայումս հողային օրենսգրքով ամրագրված է ոչ գյուղատնտեսական հողատարածքների վարձակալության համար առավելագույնը 99 տարի, իսկ գյուղատնտեսական հողերի համար՝ մինչեւ 25 տարի ժամկետ):

Առաջարկվում է նաեւ վարձակալին տալ նախապատվության իրավունք, եթե նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին պայմանագիր կնքելիս կամ տվյալ հողամասը օտարելու դեպքում ձեռք բերելիս նա կատարել է իր պայմանագրային պարտավորությունները:

Առաջարկվող կարգավորումն ամրագրված է նաեւ ԵԱՏՄ որոշ երկրների հողային օրենսգրքերում:

Ժամկետների առաջարկվող վերանայումը համեմատաբար դյուրին կդարձնի հողերի աճուրդի կազմակերպման գործընթացը, թեեւ տեսականորեն ընդունված է համարել նաեւ, որ ինչքան երկար ժամկետով կարելի է իրականացնել հողի վարձակալությունը, այնքան տվյալ երկրի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ է: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

23.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասում: Մասնավորապես, առաջարկվում է տվյալ հոդվածի 3-րդ մասը վերաշարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝ «3.Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չի կարող հանձնվել վարձակալության 49 տարուց ավելի ժամկետով: Վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելու կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում վարձակալն ունի ձեռք բերման նախապատվության իրավունք ունի, բացառությամբ, եթե պայմանագիրը լուծվել է հողամասը ոչ նպատակային օգտագործելու կամ հրապարակային սակարկություններով վաճառելու դեպքերում:»:

Նախագծով հեղինակներն առաջարկում են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վարձակալության համար սահմանել մինչեւ 49 տարի ժամկետ, նախկին՝ 99-ի փոխարեն:

Նախագծին կից հիմնավորման մեջ բերվում են մի շարք փաստարկներ, մասնավորապես, 

-  համայնքապատկան հողամասերը տրամադրվել են իրավական դրույթում ամրագրված առավելագույն ժամկետով՝ 99 տարով եւ միայն մեկ մարզում (Կոտայք) իրականացված ոչ մասնագիտական կարճաժամկետ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  «...առավելագույն ժամկետի պայմանով տրված գրեթե բոլոր հողամասերում  ոչ մի ներդրում չի կատարվել, ինչը մեծ վնաս է հասցրել եւ հասցնում ոչ միայն տվյալ համայնքին, համայնքի բյուջեին, այլ համայնքի բնակիչներին՝ զրկելով վերջիններիս առավել հարմարավետ միջավայրում ապրելուց: Խնդիրն առավել ընդգծված է դառնում հատկապես այն դեպքերում, երբ անբարեխիղճ վարձակալը ենթավարձակալությամբ տվյալ տարածքը հանձնում է մեկ այլ տնտեսվարողի/տնտեսվարողների՝ համայնքին հասցնելով կրկնակի վնաս եւ անհարմարություններ...:»,

-  «...ժամանակակից աշխարհում գյուղատնտեսությամբ զբաղվելը չի ենթադրում ավանդական անասնապահության կամ հողագործության գործիքներով աշխատանք: Մինչ շահույթ ստանալը կամ եկամուտի գեներացումը տեւական ժամանակ է անհրաժեշտ: Շատ հաճախ ջերմոցային տնտեսության,  կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, տնկիների կամ նոր ցեղատեսակների ներկրման, դրանց բուծման համար նպաստավոր միջավայրի ստեղծման, նոր՝  գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ են լինում տարիներ` շինարարական աշխատանքներ, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, արտերկրից ներմուծվող հատուկ պարագաներ եւ այլն: Հաշվի առնելով գործող կարգավորումը՝  գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը սահմանել մինչեւ 25 տարի, գրավիչ չի դարձնում համայնքապետարանի առաջարկը, հատկապես, երբ շատ հաճախ ավելի փոքր ժամկետ է սահմանվում, քան 25 տարին է: Սա նոր ներդրումների ու երկարատեւ գործունեության համար եւս մեկ երաշխիք է, որով հնարավոր կլինի շահագրգռել ներդրողներին եւ հասնել նրան, որ ՀՀ-ում անմշակ հող չմնա:»:

2.  Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: 

2.1 Մասնավորապես, ներկայացվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար սահմանված մինչեւ  25 տարի ժամկետը դառնում է մինչեւ 49 տարի: Սակայն, կարծում ենք, որ գործող իրավակարգավորմամբ «...բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչեւ 25 տարի...» եզրույթի նախատեսումը ինքնանպատակ չէ: 

Վերոհիշյալ խնդրի հետ կապված, Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով գործող կարգավորումը՝  գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը սահմանել մինչեւ 25 տարի, գրավիչ չի դարձնում համայնքապետարանի առաջարկը, հատկապես, երբ շատ հաճախ ավելի փոքր ժամկետ է սահմանվում, քան 25 տարին է: Սա նոր ներդրումների ու երկարատեւ գործունեության համար եւս մեկ երաշխիք է, որով հնարավոր կլինի շահագրգռել ներդրողներին եւ հասնել նրան, որ ՀՀ-ում անմշակ հող չմնա:»: 

Ներկայացվող փաստարկը, մեր կարծիքով, լիարժեք չի հիմնավորում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը, քանի որ գործող իրավակարգավորմամբ. «...ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս...» եզրույթն արդեն իսկ առկա է, եւ ներդրողներին շահագրգռելու եւ համայնքապետարանի առաջարկը գրավիչ դարձնելու եւ 25 տարի ժամանակահատվածը 49 տարով փոխարինելու կարիքը, մեր կարծիքով, միանշանակ չէ: Այլ կերպ ասած, մինչեւ 25 տարի վարձակալության պարագայում գործող օրենսդրությունը նախատեսում է դրա երկարաձգման հնարավորություն, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում են պայմանագրի կողմերը:

Մյուս կողմից, Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «...99 տարով որեւէ տարածք վարձակալելու նպատակը դառնում է անորոշ ու խիստ մտահոգիչ: Գործող նորմը չի բխում կամ չի կարգավորում նաեւ բիզնես կառավարելիությունը: Ավելին՝  սահմանափակում է պոտենցիալ ներդրողների շահերը: Առաջարկվող կարգավորմամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության ժամկետները հավասարեցվում են ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի  վարձակալության ժամկետների հետ, ...»: Հետեւաբար, առաջարկվում է սահմանափակել վարձակալության 99 տարի ժամկետը՝ որպես մի կողմից՝ բիզնես կառավարելիության տեսանկյունից անորոշ ու խիստ մտահոգիչ: Մինչդեռ, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետի կրկնապատկման դեպքում բերվում է դրան հակառակ փաստարկ: 

2.2 Եթե առաջարկվող իրավակարգավորմամբ հեղինակները ցանկանում են հավասարեցնել պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը եւ գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչն, ըստ հիմնավորման, «...ջերմոցային տնտեսության,  կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, տնկիների կամ նոր ցեղատեսակների ներկրման, դրանց բուծման համար նպաստավոր միջավայրի ստեղծման, նոր՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տնտեսություն ունենալու համար...վարձակալության նախատեսված 25 տարին բավականաչափ չէ, ապա կարծում ենք,  անհրաժեշտ է Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի նոր փոփոխությունը վերախմբագրել՝ առավել հստակեցնելով դրա իմաստը: 

Կարծում ենք, ներկայացվող Նախագծին կից հիմնավորումը բավականաչափ համոզիչ չէ, իսկ առաջարկվող փոփոխությունը՝ սոցիալական եւ տնտեսական առումով, ոչ այնքան դրական ազդեցություն կունենա պետության կամ համայնքին պատկանող հողերը հետագայում վարձակալելու ակնկալիք ունեցող տնտեսվարողների շրջանում:

3.  Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

16.04.2021թ.