Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-930-12.04.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9301 -12.04.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9302 -12.04.2021-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9303 -12.04.2021-ՏՀ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9304 -12.04.2021-ՏՀ-011/0) օրենքի նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Իրավական փորձաքննության արդյունքները Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով) գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը եւ բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից վճարումները կատարելուց հետո` երեք ամսվա ընթացքում»: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «1. Ընկերությունը համարվում է չկայացած` ա) եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում չի գումարվել հիմնադիր ժողովը (…)»: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում մեջբերել Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Հիմնադիր ժողովը` ա) հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, բ) ընդունում է որոշում Ընկերության հիմնադրման մասին, գ) հաստատում է Ընկերության կանոնադրական կապիտալի (այսուհետ` կանոնադրական կապիտալ) չափը, դ) հաստատում է Ընկերության կանոնադրությունը, ե) ընտրում է Ընկերության խորհուրդ, զ) ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող), է) ձեւավորում է գործադիր մարմին կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ը) լսում է հիմնադիրների եւ (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը»: Վերոգրյալի հաշվառմամբ հարկ է նկատել, որ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ժամկետի վերաբերյալ նորմն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում բաց է մնում Օրենքում քննարկվող հարցի կարգավորումը: Նշվածով պայմանավորված՝ անորոշ են դառնում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված մի շարք գործողությունների կատարման ժամկետները: Միաժամանակ հիմնադիր ժողովի չգումարման պարագայում, իբրեւ բացասական հետեւանք, նախատեսված կարգավորումը, այն է՝ ընկերությունը չկայացած համարելը, ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ մեկնաբանությունը բացակայում է Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ: Սակայն, կարծում ենք, որ տվյալ փոփոխության կատարումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
3. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 31-րդ հոդվածի՝ «2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «տեսակին» բառը փոխարինել «դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակին» բառերով, ( ), 4) 3-րդ մասում «տեսակի» բառը փոխարինել «դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միեւնույն տեսակի» բառերով»: Մեջբերենք Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Կանոնադրությունը սահմանում է` ( ) դ) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակները (սովորական եւ արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաեւ արտոնյալ բաժնետոմսերի դասերը ( )»: Նշվածից բխում է, որ բաժնետոմսերի տեսակներն են՝ սովորականը եւ արտոնյալը, իսկ դասեր կարող են ունենալ միայն արտոնյալ բաժնետոմսերը: Նախագծով կատարվող փոփոխություններից, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ միտում կա դասեր սահմանել նաեւ սովորական բաժնետոմսերի համար: Սակայն Նախագծի մի շարք հոդվածներում, օրինակ 31-րդ հոդվածում «տեսակ» բառը «դաս» բառով փոխարինելու արդյունքում իրավական շփոթ է առաջանում եւ արդյունքում անհասկանալի է դառնում՝ ո՞րն է բաժնետոմսի տեսակը, ո՞րը դասը: Նշվածի առնչությամբ մեջբերենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»: Տվյալ պարագայում Օրենքում «տեսակ» եւ «դաս» հասկացությունները չսահմանելը, կարծում ենք, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի, մասնավորապես՝ օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության պահպանման պահանջների տեսանկյունից: 4. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել «Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունքը եւ պարտադիր գնման պահանջի իրավունքը» վերտառությամբ 56.1-ին հոդված, որի համաձայն՝ «Ընկերության 95 եւ ավել տոկոս քվեարկելու ձայնի իրավունք տվող հասարակ (սովորական) բաժնետոմսերին ուղղակիորեն տիրապետող բաժնետերն իրավունք ունի պահանջել Ընկերության մյուս բաժնետերերից իրեն վաճառել վերջիններիս պատկանող, քվեարկելու ձայնի իրավունք տվող բաժնետոմսերը, որոնք պետք է հանձնվեն պահանջը ներկայացնող բաժնետիրոջը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում նկատել, որ ընկերության 95 եւ ավել տոկոս քվեարկելու ձայնի իրավունք տվող հասարակ (սովորական) բաժնետոմսերին ուղղակիորեն տիրապետող բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունք ներկայացնելու դեպքեր սահմանված չեն: Մինչդեռ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ քննարկվող լրացման իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի հուլիսի 13-ի թիվ ՍԴՈ-903 որոշման լույսի ներքո մեկնաբանելիս, որն առնչվում է Օրենքի 57-րդ, 58-րդ հոդվածներին (ընկերության բաժնետոմսերի հետգնումը բաժնետերերի պահանջով եւ ընկերության բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի իրականացման կարգը), հարկ է նկատել, որ Օրենքի 57-րդ հոդվածում սահմանված են բաժնետերերի պահանջով բաժնետոմսերի հետգնման կոնկրետ դեպքեր: Օրենքում նոր լրացվող 56.1-ին հոդվածի պարագայում ցանկացած դեպքում ընկերության 95 եւ ավել տոկոս քվեարկելու ձայնի իրավունք տվող հասարակ (սովորական) բաժնետոմսերին ուղղակիորեն տիրապետող բաժնետիրոջ կողմից ընկերության մյուս բաժնետերերին բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունք ներկայացնելը, կարծում ենք, խնդրահարույց կարող է լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածում ամրագրված սեփականության իրավունքի տեսանկյունից: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել քննարկվող նորմը տվյալ հատվածով: 5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է հետեւյալը՝ «Նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միեւնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի»: Հետեւաբար առաջարկվում է Նախագծի 46-րդ հոդվածի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերնագիրը հանել։ 6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» կետադրական նշանները եւ բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հիշատակումից հետո նշված կրճատ տարբերակը Նախագծում չի կիրառվում: 7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հոդվածով փոփոխություն է կատարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում: 8. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում տվյալ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի մեծ ծավալը եւ ժամանակի սղությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 27.04.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 27.04.2021թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ համահունչ դարձնել գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա: Խոսքն առաջին հերթին գնում է ընկերության կառավարման մարմինների լիազորություններին, հասարակ բաժնետոմսերի տեսակների եւ դասերի համակարգին, բաժնետոմսերի վաճառքի ու հետգնման դեպքերին, կոտորակային բաժնետոմսերի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման հնարավորությանը, ընկերության բաժնետերերի շահերի հավասարակշռմանը եւ նրանց պաշտպանությանը, խոշոր գործարքների կնքմանը, ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ընթացակարգին եւ այլն։ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի ներկայացումը պայմանավորված է նշված խնդիրների լուծման անհարժեշտությամբ: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 23.04.2021թ.
Նախագծերի փաթեթի ընդունմամբ նախատեսվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել ըստ ժամանակի զարգացումների մեջ: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով ակնկալվում է հնարավորություն ստեղծել տեղական եւ օտարերկրյա ներդրողների համար առավել արդյունավետ իրականացնելու ընկերությունների ֆինանսավորումը՝ պարտքի եւ բաժնեմասնակցության միջոցով, հնարավորություն ընձեռելու ստեղծել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ` փոքր եւ խոշոր բաժնետերերի շահերի միջեւ հավասարակշռություն պահպանելով: Նախատեսվում են ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ, անհատականացված մոտեցումներ յուրաքանչյուր տեսակի եւ կատեգորիայի ներդրողների եւ բաժնետերերի համար: Հաշվի առնելով կից ներկայացվող հիմնավորումները, ինչպես նաեւ ուսումնասիրված միջազգային հարուստ փորձը՝ Նախագծերի փաթեթի ընդունումն, ըստ հեղինակի, կհանգեցնի Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը եւ կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելուն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 20.04.2021թ.
|