ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ  Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-936-16.04.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

05.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.   Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել վերը նշված նորմի պահանջը՝ 

1)    հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը,

2)    վերանայելով օրենքի հերթական համարի հիշատակումը:

2.    Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 1.11-րդ մասով, այն է՝

«1.11) ուսուցման ազգային ռեեստր՝ ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների եւ մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձեւավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ եւ մատչելի դարձնելու նպատակով.»:

Օրենքի հիմնական հասկացությունների բաժնում տրված չէ «ուսումնական ծրագրի» հասկացությունը, ինչի պարագայում իրավական շփոթ է առաջանում «ազգային ռեեստր» եզրույթի որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ո՞ր ծրագրերի ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների եւ մասնակիցների տվյալների ազգային շտեմարան է այն: Նշվածի հաշվառմամբ՝ Օրենքում քննարկվող կարգավորման որոշակիացումը, կարծում ենք, անհրաժեշտ է վերջինիս կանխատեսելիությունն ապահովելու համար: 

Միաժամանակ արձանագրենք, որ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1062-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը, ինչի շրջանակներում է կիրառվում նույնաբովանդակ «ազգային ռեեստր» եզրույթը: Մինչդեռ Օրենքի հիմնական հասկացությունների շարքում այն լրացնելու պարագայում չի ընդգծվում, որ այն վերաբերելի է միայն Որոշմամբ քննարկվող ծրագրերին: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել շրջանակը՝ իրավական շփոթից խուսափելու միտումով:

3.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 1.12-րդ կետով, որի համաձայն՝

«1.12) ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների եւ սահմանված որոշակի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Անձի փաստացի կարողությունները նրա նվաճած ուսումնառության արդյունքները եւ (կամ) որոշակի գիտելիքները, կարողությունները, ընկալումներն ու հմտություններն են՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից, իսկ համեմատելի չափանիշները որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքները, զբաղմունքի նկարագիրը կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ են.»:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝ 

1)    Մեջբերվածի երկրորդ նախադասությամբ բացահայտվում է «համեմատելի չափանիշներ» եզրույթը, որը տրամաբանորեն ուղղված է առաջին նախադասությամբ սահմանված «ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը» հասկացության մեջ կիրառված տերմինի մեկնաբանմանը: Սակայն, ընդգծենք, որ այդտեղ կիրառված է «սահմանված որոշակի չափանիշները» եզրույթը, որի արդյունքում «համեմատելի չափանիշներ» եզրույթի բացահայտման միտումը անհասկանալի է դառնում:

2)    «նրա նվաճած (…)» ձեւակերպման պարագայում ստացվում է, որ անձի փաստացի կարողությունները երրորդ անձի նվաճած ուսումնառության արդյունքները, գիտելիքները, կարողությունները, ընկալումներն ու հմտություններն են: Հետեւաբար առաջարկում ենք «նրա» բառը փոխարինել «իր» բառով:

3)    «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը այդ հատվածով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածներում կիրառվող տվյալ գրելաձեւին:

4.    Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3.2-րդ մասով, որի համաձայն՝ «Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող լրացուցիչ կրթական ծրագիրը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ սույն հոդվածի 3.3-րդ մասով ընտրված կազմակերպության անկախ փորձագետների մասնագիտական եզրակացության հիման վրա»:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝

1)     «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: 

«Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում բացահայտված է «անկախ փորձագետ» հասկացությունը, այն է՝ «փորձագետ, որը փորձաքննություն կատարելու ընթացքում չի ներկայացնում որեւէ կազմակերպության շահը.»:

Նորմի վերլուծությունից բխում է, որ «անկախ փորձագետը» չի ներկայացնում որեւէ կազմակերպության շահ, մինչդեռ տվյալ տրամաբանությանը հակասում է Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 3.2-րդ մասում կիրառված «կազմակերպության անկախ փորձագետների մասնագիտական եզրակացության հիման վրա» ձեւակերպման: Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել տվյալ կարգավորումը եւ ապահովել հակասության բացակայությունը «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հետ:

2)     «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի տրամաբանությունից բխում է, որ փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության արդյունքներն արտացոլող եւ փորձաքննության առջեւ դրված հարցերի պատասխանները պարունակող փաստաթուղթը փորձագետի եզրակացությունն է: Մինչդեռ «անկախ փորձագետների մասնագիտական եզրակացության հիման վրա» ձեւակերպման պարագայում անհասկանալի է՝ ի՞նչ բնույթի եւ ի՞նչ կարգավիճակ ունեցող փաստաթղթի մասին է խոսքը: Նշվածը, կարծում ենք, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել տվյալ իրավակարգավորումը քննարկվող հատվածով:

5.     Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3.3-րդ մասով, որի համաձայն՝ «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացը համակարգում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը: Ուսուցման գործընթացը կազմակերպելու նպատակով կազմակերպությունն իրականացնում է՝ (…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

Նշվածի հաշվառմամբ արձանագրենք, որ «կազմակերպություն» կրճատ տարբերակը իրավական ակտում կարող է կիրառվել առաջին իսկ կիրառումից հետո այն նախատեսելու պարագայում. չսահմանելը իրավական շփոթի տեղիք է տալիս:

6.    Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3.4-րդ մասով, այն է՝ «Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված հիմքերով իրականացված լրացուցիչ կրթական ծրագրի այն մասնակցին (ունկնդրին), որը ձեռք է բերել մոդուլային ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները, շնորհվում է պետական նմուշի միասնական փաստաթուղթ՝ վկայական եւ ներդիր, իսկ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձին՝ հավաստագիր եւ ներդիր: 

Վկայականի եւ հավաստագրի ներդիրները համարվում են տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց վկայականի կամ հավաստագրի վավեր չէ»:

Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը եւ ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման»:

Ընդգծենք, որ Օրենքում կիրառվում է «միասնական նմուշի փաստաթուղթ» ձեւակերպումը: Նախագծում «պետական նմուշի միանական փաստաթուղթ» ձեւակերպումը կիրառելիս հակասություն է առաջանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 

Տվյալ նորմում ընդգծված «եւ» շաղկապն առաջարկում ենք փոխարինել «կամ» շաղկապով, քանի որ առաջինը ենթադրում է 2 պայմանների միաժամանակյա առկայություն:

7.    Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է՝ «Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում «միասնական նմուշի փաստաթուղթը» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«(վկայականը եւ ներդիրը, հավաստագիրը եւ ներդիրը)»:

Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը եւ ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման»:

Քննարկվող նորմը տվյալ խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ «հավաստագիրը եւ ներդիրը)»:» բառերից եւ կետադրական նշաններից հետո ամրագրված հիմնական կարգավորումը, այն է՝ «կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման», բաց է մնում՝ արդյունքում իմաստազրկելով նորմը: Ուստի անհրաժեշտ է վերանայել կատարված ձեւակերպումը:

8.    Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող լրացումների եւ փոփոխությունների անհրաժեշտությունը պատճառաբանված է այսպես՝ «Մինչ սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելը որոշ փաստաթղթեր ընդունվել են, իսկ այնպիսին ինչպիսին է օրինակ «Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը» չի կարող հաստատվել առանց օրենսդրական լիազորող նորմի:

Ավելին, եթե ներկայումս անհրաժեշտություն առաջանա փոփոխություն կամ լրացում կատարելու արդեն ընդունված կարգերում եւ ընթացակարգերում, ապա նախարարությունը դա չի կարող ընդունել, քանի որ համաձայն սահմանադրության անցումային դրույթների, մինչ պատվիրակող նորը օրենքով սահմանելը ընդունված ակտերում փոփոխություն չի կարող կատարվել:

Նշվածից պարզ է դառնում, որ Հայաստանը, ունենալով ոչ ֆորմալ կրթության եւ դրա արդյունքերի ճանաչման քաղաքականությունը, չի կարող ապահովել ամբողջական գործընթաց՝ առանց ԿԳՄՍ նախարարության կողմից համապատասխան կարգեր ընդունելու լիազորող նորմերը»:

Նշվածի հաշվառմամբ հարկ ենք համարում արձանագրել, որ դեռեւս 1999 թվականից Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում եղել է համապատասխան լիազորող նորմ, այն է՝ «Լրացուցիչ կրթությունն իրականացվում է հանրակրթական, մասնագիտական եւ լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ անհատական մանկավարժական գործունեության միջոցով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Լիազորող նորմ է եղել  նաեւ 2014 թվականին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-83-Ն օրենքի 5-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս:

Այլ է խնդիրը, որ Կառավարությունը, լիազորված լինելով սահմանել լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի հավելվածի կամ հավաստագրի ձեւերը, ինչպես նաեւ դրանց պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը, այն պատվիրակել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին: Միաժամանակ ընդգծենք, որ Կառավարությունը այժմ եւս կարող է սահմանել տվյալ կարգը Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով: 

9.    Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 3.5-րդ մասի համաձայն՝  «Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:

Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը, (տվյալ կարգերի սահմանումը Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված է Կառավարությանը) ներառում է նաեւ լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի հավելվածի կամ հավաստագրի ձեւերը, ինչպես նաեւ դրանց պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանելը: Վերջինը, ըստ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 3.5-րդ մասի, վերապահվում է է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին: Արդյունքում ստացվում է, որ Նախագծով նախատեսված լրացման արդյունքում միեւնույն իրավասությունը ունի եւ՛ Կառավարությունը, եւ՛ պետական կառավարման լիազորված մարմինը: Ուստի անհրաժեշտ է լրացումը նախատեսելիս ապահովել հակասության բացակայությունը լիազորող նորմերի միջեւ: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի այն հատվածների վերաբերյալ (օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող 3.5-րդ մաս), որտեղ կարգավորումը ենթադրում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, նախատեսել համապատասխան կարգավորում անցումային դրույթում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

10. Նախագծում բացակայում է 3-րդ հոդվածը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի հոդվածների համարակալումը՝ ըստ հաջորդականության՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում կատարվող լրացումը երկու կողմից ներառել չակերտներում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Կրթության մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան  (հեռ.` 011-513-248)

05.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

05.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

 Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ եւ լրացումներ «Կրթության մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում, որոնցով պետք է ապահովվի սահմանադրական այն նորմի իրականացումը, ըստ որի` Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

 ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշումով սահմանել է մի շարք նորմատիվ ակտեր, մասնավորապես` հաստատել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը» եւ «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը»: Մինչ սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելը, որոշ փաստաթղթեր արդեն իսկ ընդունվել են, իսկ այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է «Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը» չի կարող հաստատվել առանց առաջարկվող օրենսդրական լիազորող նորմի ընդունման: Ուստի, ընդունելով սույն Նախագիծը, հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական նշված ճգնաժամը, լրացուցիչ ամրապնդել կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացը, ինչպես նաեւ օրենսդրական եւ ենթաօրենսդրական հիմքեր կստեղծվեն ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման գործընթացի արդյունավետ իրականացման համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

30.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագիծի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացներն ու Հայաստանում առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: 

2. Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարության) գործառույթներն իրականացնելու նպատակով, քանի որ Նախագծով սահմանվում են Նախարարության կողմից ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմեր, ինչը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից, համաձայն որի՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

3. Նախագծի վերաբերյալ  կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3.1.  «Կրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը եւ ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման:»:

 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում ««միասնական նմուշի փաստաթուղթը» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. (վկայականը եւ ներդիրը, հավաստագիրը եւ ներդիրը)»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում արդեն իսկ «միասնական նմուշի փաստաթուղթը» բառերից հետո փակագծում առկա են «(վկայականը եւ ներդիրը)» բառերը, առաջարկում ենք Օրենքի վերը նշված հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում՝ ամրագրելով «հավաստագիրը եւ ներդիրը» բառերը:

3.2.. Առաջարկում ենք Նախագծի հոդվածները համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:

Նախագծի վերաբերյալ  այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացներն ու ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Նախագծով նախատեսվում է կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության որոշ առկա խնդիրների լուծում:

Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

03.05.2021թ.