ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-942-20.04.2021-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                         ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

10.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված ընկերության,» բառերը:

Օրենքի 8-րդ հոդվածում սահմանված են առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ 8-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել՝

1)     այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը,

2)     որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մրցունակության ապահովման առումով):

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման կատարման անհրաժեշտությունը պատճառաբանված է հետեւյալ կերպ. «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերության մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերությանը իր գործունեությունը զարգացնել այլ` առավել անհրաժեշտ ուղղություններով»:

Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Օրենքով առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջների սահմանումը ինքնանպատակ չէ. միտումը տվյալ ընկերության մասնավորեցումից հետո եւս գործունեության հիմնական ուղղության, հանրային օգտակարության, այդ թվում՝ շահառուների համար մատուցվող բժշկական ծառայությունների որակի պահպանումն է: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակներին վերաբերող 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) երկրի տնտեսության մրցունակության եւ արդյունավետության խթանումը.

2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը եւ մրցակցային միջավայրի բարելավումը.

3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի եւ մասնավորեցման ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք եւ այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.

4) երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը եւ մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը»:

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում՝ որպես գործարքի շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:

Հարկ է նկատել, որ Նախագծի հիմնավորմամբ ներկայացված դիտարկումները հանգում են պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակների իրականացման անհրաժեշտությանը: Ուստի Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման արդյունքում առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջների պահպանումը «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի համար բացառելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորված պատճառաբանությունը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է: Միաժամանակ քննարկվող բացառության նախատեսումը, կարծում ենք, չի բխում Օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներից: 

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն? համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես՝ Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…) Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Այսպիսով՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում նախատեսվող բացառությամբ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի  համար նախատեսվում է ընդհանուր կանոնից տարբերվող այլ կարգավորում, ինչի արդյունքում կազմակերպության նկատմամաբ կիրառելի չեն դառնում Օրենքի 1-ին եւ 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, մինչդեռ կազմակերպության նկատմամբ տարբերակված մոտեցում դրսեւորելը չունի օբյեկտիվ եւ Օրենքի նպատակների տեսանկյունից արդարացված հիմնավորում:

2. Նախագծի 1-ին հոդվածում «բառերը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերը եւ կետադրական նշանները» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 29-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Սույն Նախագծի ներկայացումը պայմանավորված է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը իր գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավություն կտա Ընկերությանն իր գործունեությունը զարգացնել այլ` առավել անհրաժեշտ ուղղություններով:

Բացի այդ, ուռուցքաբանական ծառայության բարելավման եւ շարունակական զարգացման նպատակով առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում եւ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից` հաշվի առնելով այն հանգամանքները, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության մասով, նրա սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, Կենտրոնի զարգացման առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

30.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ «Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ցանկից հանելու անհրաժեշտությամբ: Արդյունքում «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է գործունեություն ծավալել նաեւ այլ ուղղություններով, իսկ  «Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, հանելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից, հնարավորություն կընձեռվի բաժնետոմսերի կառավարումը հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը եւ ապահովել ուռուցքաբանական ծառայության բարելավումը եւ շարունակական զարգացումը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

30.04.2021թ.