Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-948-26.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
17.05.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածում լրացում կատարել: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով», Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»: Հետեւաբար՝ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում վերաշարադրել հետեւյալ ձեւակերպումը. «հոդվածը լրացնել հետեւյալ նոր բովանդակությամբ», քանի որ ձեւակերպումից հասկանալի չէ, թե լրացումը «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի կոնկրետ որ մասում է կատարվելու, ինչպես նաեւ անհրաժեշտ է նշել նոր բովանդակությամբ լրացման էությունը (մաս, կետ կամ պարբերություն): 2. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը», Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը». հիմք ընդունելով վերոնշյալ դրույթները՝ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «Գնումների մասին» օրենքի կրճատ անվանումից հանել «ՀՀ» բառը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում: Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 17.05.2021
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 17.05.2021
Սույն նախագծով առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Նախագծի հեղինակի կարծիքով սա նաեւ կմեծացնի հանրային հսկողության գործիքակազմերը, իսկ Նախագծի ընդունումը կմոտեցնի այս բնագավառում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի խստացնել հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունումը էականորեն կավելացնի կապալառու կազմակերպությունների ծախսերը, քանի որ կազմակերպությունը. «շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները»: Բնականաբար, եթե կառուցվում է, օրինակ, բազմաբնակարան շենք, ապա, ըստ Նախագծի տրամաբանության, տեսախցիկները պետք է տեղադրվեն նաեւ շենքի բոլոր հարկերում այնպես, որ տեսանկարահանվի հարկի բոլոր մասերը, ինչպես նաեւ բավականին մեծ ծախսեր կպահանջվեն պատվիրատուին եւ գրանցված օգտատերերին այդ տեսախցիկներին հասանելիություն ապահովելու համար: Այս առումով, կարծում ենք, միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. ինչու՞ պետք է նշված վերահսկողական բոլոր ծախսերը կատարվեն կապալառուի, այսինքն` վերահսկվող օբյեկտի հաշվին, եթե այդ վերահսկողությունը ոչ թե իր, այլ տեսչական մարմնի խնդիրն է (նույն տրամաբանությամբ կարելի է ընդհանրապես բոլոր վերահսկողական ծախսերը դնել վերահսկվող օբյեկտների վրա, ինչը, բնականաբար, արդարացի չի կարող լիենել): Ուստի, մեր կարծիքով, եթե Նախագծի հեղինակն անհրաժեշտ է համարում նշված վերահսկողության իրականացումը, ապա համապատասխան ծախսերը պետք է կրեն ոչ թե վերահսկվողները, այլ հակառակը` վերահսկող մարմիները (տվյալ դեպքում` տեսչական մարմինը եւ պատվիրատուները): Մյուս կողմից, մեր կարծիքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն արդեն իսկ բավարար լուծումներ պարունակում է նշված վերահսկողական խնդիրները լուծելու համար: Մասնավորապես, այս օրենսգրքի 713-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ. «1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել կապալառուի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը եւ որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը: 2. Եթե կապալառուն ժամանակին չի սկսում կապալի պայմանագրի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել հատուցելու վնասները: 3. Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, պատվիրատուն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կապալառուի կողմից թերությունները վերացնելու համար, եւ այդ ժամկետում կապալառուի կողմից թերությունները չվերացվելու դեպքում հրաժարվել կապալի պայմանագրից կամ կապալառուի հաշվին աշխատանքի թերությունների վերացնելը հանձնարարել այլ անձանց, ինչպես նաեւ պահանջել հատուցելու վնասները:»: Օրենսգրքով սահմանված են նաեւ կապալի պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու, պատվիրատուի կողմից անհրաժեշտ աջակցություն չտրամադրելու, կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելու եւ մի շարք այլ դեպքերում առաջացող խնդիրների կարգավորման դրույթներ, որոնց պարագայում Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ չէ այդ դրույթների էությանն ու տրամաբանությանը: Այդուհանդերձ, եթե Նախագծի հեղինակը պնդում է իր առաջարկությունը, ապա նշվածի կապակցությամբ առաջարկում ենք վերաիմաստավորել Նախագծի տրամաբանությունը եւ վերահսկողության հետ կապված ծախսերի կատարման հոգսը դնել վերահսկող մարմինների եւ շինարարության պատվիրատուների վրա:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 04.05.2021թ.
1. Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածում՝ հետեւյալ բովանդակությամբ. ««Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում Կապալառու կազմակերպությունը շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն եւ տեսաձայնագրեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ պատվիրատուի կողմից նշված օգտատերերին: Սույն պահանջը տարածվում է գնումների բազային միավորի 70-ապատիկից բարձր, գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային եւ հիդրոտեխնիկական նշանակություն ունեցող նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա, բացառությամբ գծային ենթակառուցվածքների»:» Նախագծով նպատակ է հետապնդվում տեխնիկական հսկողություն իրականացնել (տեսաձայնագրել) կառուցվող օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների եւ ինժեներական սարքավորումների նկատմամբ, ապահովել համապատասխանությունը հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին, ինչպես նաեւ ապահովելու պայմանագրային հիմունքներով իրականացվող շինարարության որակը: Նախագծի հիմնավորման մեջ բերվում է այն հանգամանքը, որ շինարարական օբյեկտների ավելացող քանակն ու վերահսկող մարմինների աշխատակազմերի սահմանափակ թվակազմը, իրական ու լիարժեք պետական տեսչական վերահսկողություն իրականացնելն առանց տեխնիկական հատուկ միջոցների կիրառման խնդրահարույց է եւ դժվար իրականանալի: Նախագծի ընդունումը, հեղինակի կարծիքով, հնարավորություն կտա շինարարական աշխատանքների ողջ ընթացքում իրականացնել որակի տեխնիկական հսկողություն: Առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ Կապալառու կազմակերպությունն իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները՝ երաշխավորելով որակական ստանդարտների ապահովման գործընթացը: 2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 2.1 Հստակեցման կարիք ունեն Նախագծի 1-ին հոդվածի բովանդակության «... պատվիրատուի կողմից նշված օգտատերերին» եւ «գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող» բառակապակցությունները: Կարծում ենք հարկ է ամրագրել եւ հստակ սահմանել, թե ո՞ր օգտատերերին է ուղղված, հասանելիության ինչպիսի՞ հնարավորություններ են նախատեսվելու նշված օգտատերերի համար (24-ժամյա կամ սահմանափակ): Հարկ է նշել, որ տեսահսկման մշտադիտարկում եւ ամբողջական տեսանկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ է մալուխային ինտերնետի անխափան հասանելիություն, սերվեր-ցանցային սարքավորումների առկայություն, մինչդեռ նոր շինհրապարակների ընտրության, շինարարական աշխատանքների սկսման ժամանակ հարկ կլինի կապալառու կազմակերպությանը, նախեւառաջ, «հոգալ» ինտերնետ հասանելիություն: 2.2 Անհրաժեշտ է հստակեցնել «հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային եւ հիդրոտեխնիկական նշանակություն ունեցող նոր կառուցվող շինարարական օբյեկտների» որոշման չափանիշները եւ դրանք ամրագրել օրենքով՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով: 2.3 Շինարարական աշխատանքների կատարման ողջ ընթացքը տեսախցիկներով համալրելու պարտականությունը կապալառու կազմակերպությանը պարտադրելու պահանջը, մեր կարծիքով, հիմնավորված չէ եւ կարող է ունենալ մի շարք բացասական հետեւանքներ, ինչպես նաեւ տվյալ պահանջի գործնական իրացման տեխնիկական դժվարություններ: Նախ շինարարական աշխատանքների կատարման ողջ ընթացքը բավականաչափ տարողունակ եւ երկարաժամկետ է եւ իր մեջ ներառում է բազմաբնույթ գործողություններ: Հետեւաբար՝ անհրաժեշտ է հստակ ամրագրել, թե այդ ընթացքն իր մեջ շինարարական աշխատանքների կատարման ո՞ր փուլերն է ընդգրկում: Բացի այդ, վերոհիշյալ գործընթացի իրականացումը կապալառու կազմակերպության կողմից կբարձրացնի շինարարական աշխատանքների ինքնարժեքը: Ընդ որում, հնարավոր են նաեւ մի շարք իրավիճակներ, երբ տեղանքի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ տվյալ պահանջի իրականացումը կապալառու կազմակերպության կողմից իրենից չկախված պատճառներով պարզապես հնարավոր չի լինի ապահովել: 3 Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 3.05.2021
|