ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Խ-949-27.04.2021-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

18.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

 Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում` « 1)  5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր` 6-րդ կետ` «6) հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի (խնամակալի կամ հոգեբարձուի)  պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով, փաստորեն, նախատեսվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի (խնամակալի կամ հոգեբարձուի)  պահանջով բժշկական եզրակացության հիման վրա սահմանել ոչ լրիվ աշխատանքայի օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Վերը նշված առաջարկվող իրավակարգավորումով բացակայում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանելու աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը, սակայն անհրաժեշտ է փաստել, որ  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը սահմանում է` 

 « Հոդված 141. Ոչ լրիվ աշխատաժամանակը

1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է` 

1) աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ.

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.

3) հղի կնոջ եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.

4) հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, եւ յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ եւ կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:»:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի փոփոխվող եւ լրացվող 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված սուբյեկտների ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ  եւ կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում, ինչն էլ ամրագրված է տվյալ հոդվածի 2-րդ մասում: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված սուբյեկտների համար  եւս սահմանել ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածը վերաբերում է արտաժամյա աշխատանքի սահմանափակումներին, որի 4-րդ մասի համաձայն` հղի կանայք եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքին ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ: Նույն օրենսգրքի 148-րդ հոդվածը վերաբերում է գիշերային աշխատանքին,  որի  4-րդ մասի համձայն` հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Փաստորեն, վերը նշված իրավանորմերից պարզ է դառնում, որ հղի կանայք եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իրենց համաձայնությամբ, իսկ գիշերային ժամանակ աշխատանքի՝ հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը՝ միայն իրենց համաձայնությամբ: Մինչդեռ, անհրաժեշտ է փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող իրավակարգավորմամբ հաշմանդամություն ունեցող երեխային  խնամող ծնողի (խնամակալի կամ հոգեբարձի) համար նման հնարավորություն սահմանված չէ: Տվյալ պարագայում, փաստորեն, գործատուն իրավասու է անհրաժեշտության դեպքում վերջիններիս ներգրավվել արտաժամյա կամ գիշերային ժամանակ աշխատանքին, քանի որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում բացակայում է արտաժամյա կամ գիշերային ժամանակ աշխատանքի ներգրավելու հաշմանդամություն ունեցող երեխային  խնամող ծնողի (խնամակալի կամ հոգեբարձուի) համաձայնությունը ստանալու պահանջ: Այսպիսով,  ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք հաշմանդամություն ունեցող երեխային  խնամող ծնողի (խնամակալի կամ հոգեբարձի) համար նույնպես սահմանել վերը նշված իրավանորմը, այն է` արտաժամյա աշխատանքի եւ գիշերային ժամանակ աշխատանքի վերջիններս կարող են ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Տվյալ իրավակարգավորման սահմանումը բխում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված սկզբունքից, այն է` աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հոդվածի մասերը տեքստից անջատել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը` « 3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները, տեքստից բաժանվում են միջակետով:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, վերոգրյալ դիտարկումների հիման վրա, առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

17.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

17.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ նախատեսվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի (խնամակալի, հոգաբարձուհուի) պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա՝ տալ ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատելու իրավունք՝ աշխատանքային օրվա կամ աշխատանքային շաբաթվա համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

05.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.     Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.«հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի  (խնամակալի կամ հոգաբարձուի) պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա»:

2.     Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

2.1.   Հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հիմնական մոտեցումները եւ պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

2.2.  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի «Հաշմանանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 13-ի կոնվենցիայի պահանջների իրականացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքային օրենսգրքով որոշակի արտոնություններ են նախատեսված նաեւ աշխատող կանանց համար, ովքեր խնամում են հաշմանդամ կամ հաշմանդամ երեխա: Նման կանանց տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ տարվա ընթացքում խնամքի որոշակի թվով օրերի համար՝ կախված այն հանգամնքից, թե խնամքն ինչ պայմաններում է իրականացվում (ամբուլատոր, ստացիոնար կամ առողջարանային բուժում):

2.3.   Համաձայն նախագծին կից հիմնավորման՝ հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների՝ աշխատավայրից բացակայելու հարցը, ներկայիս իրավակարգավորումների պարագայում ամբողջությամբ գտնվում է գործատուի հայեցողության տիրույթում եւ առկա է հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ գործող աշխատանքային օրենսգքրի 141 հոդվածի 1-ին մասի չորս կետում սահմանված է, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ է սահմանվում աշխատողի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա: Այս պարագայում ներկայացված լրացումը, կարծում ենք, նույնպես կարող է գտնվել ամբողջությամբ գործատուի հայեցողության տիրույթում եւ նման օրենսդրական կարգավորմամբ բարձրացված խնդրի լուծումը բավականին դյուրին կլինի:

2.4.  Ներկայումս աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները, կախված որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից, մասնավորապես՝ լարված աշխատանքի շուկա, տնտեսության մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների  պահպանման ցածր մակարդակ եւ այլն, նույնպես կարիք ունեն օրենսդրական կարգավորման, որի արդյունքում վերահսկողությունն աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ առավել արդյունավետ կիրականացվի:

Եզրահանգում

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է նշել, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը ուղղված  է  աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների ընդլայնմանը, սակայն, կարծում ենք, որ ներկայումս դրա գործնական կիրառումը բավականին խնդրահարույց կլինի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

13.05.2021թ