ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-950-27.04.2021-ՏՀ-011/0) նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

18.05.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «Հարկային գործակալները՝ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված, 2020 թվականի հաշվետու տարվա համար տեղեկությունները հարկային մարմին են ներկայացնում 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ», մինչդեռ, կարծում ենք՝ նախքան Նախագծի ընդունումը, նշված ժամկետն արդեն իսկ հոսած կլինի, ինչի արդյունքում՝  Նախագծի հասցեատերերը չեն ունենա 2020 թվականի հաշվետու տարվա համար Նախագծով պահանջվող տեղեկությունները ժամանակին ներկայացնելու համար բավարար ժամանակ: Հետեւաբար՝ առաջարկվում է սահմանել ավելի ողջամիտ ժամկետ՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ (...), եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

18.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

18.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջի կատարմանը: Այդ նպատակով առաջարկվում է սահմանել հարկային գործակալների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների՝ հարկային մարմին ներկայացնելու պարտականություն: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

06.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջն ապահովելու նպատակով: 

Վերջինս իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել լրացում՝ սահմանելով հարկային գործակալների կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, այդ եկամուտների վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: Վերջինս էլ հրապարակում է վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը:

Ներկայացված Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների փոխանակման պահանջը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

4.05.2021