ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Մովսիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-953-28.04.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-9531 -28.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                         ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

19.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.   «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ շահագործվող տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների վրա թույլատրվում է տեղադրել միայն այդ միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանմամբ, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով կամ օրենքով»: Նշված ձեւակերպումից պարզ չէ՝ կարգավորումը վերաբերում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած տրանսպորտային միջոցին, թե՞ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող միայն այլ պետություններում գրանցված կամ հաշվառված տրանսպորտային միջոցներին: 

Հստակ եւ միանշանակ չի ընկալվում նաեւ «տրանսպորտային միջոցի տնտեսական գործունեություն իրականացնող» ձեւակերպումը:

Ընդհանուր առմամբ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթը հստակ ձեւակերպված չէ եւ մեկնաբանման խնդիր ունի, քանզի հասկանալի չէ՝ ում է վերաբերում կարգավորումը, ինչ ժամկետով, ինչ նպատակով: 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումն ամբողջությամբ չի արտացոլում Նախագծով սահմանված կարգավորումների անհրաժեշտությունն ու նպատակը՝ անհրաժեշտություն է առաջանում  հստակեցնել եւ որոշակիացնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը: Հստակեցման դեպքում անհրաժեշտություն կարող է առաջանալ քննարկել Նախագծով նախատեսված սահմանափակման սահմանադրականության հարցը:

2.   Նախագծի 1-ին հոդվածով լրացվող ձեւակերպումից բխում է, որ համապատասխան կարգավորումները տարածվում են տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների նկատմամբ, մինչդեռ «Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին հոդվածով երկաթուղային տրանսպորտը սահմանված է որպես տրանսպորտի տեսակ, ուստի սահմանված «տրանսպորտային միջոց» եզրույթն իր մեջ կլանում է նաեւ երկաթուղային տրանսպորտը, հետեւաբար՝ անհրաժեշտ է կամ հանել «երկաթուղային տրանսպորտ»  բառերը, կամ «տրանսպորտային միջոց» բառերը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոց» բառերով:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող ձեւակերպումից բխում է, որ կցորդ բառը վերաբերելի է եւ' տրանսպորտային միջոցներին, եւ' երկաթուղային տրանսպորտին, մինչդեռ «Երկաթուղային տրանսպորտի մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների վերլուծությունից բխում է, որ կցորդը  երկաթուղային տրանսպորտ կամ երկաթուղային շարժակազմ չի հանդիսանում:

3.   Նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում Օրենքի 12-րդ հոդվծում՝ 1.1-ին մասի տեսքով, մինչդեռ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 12-րդ հոդվածը բաժանված է պարբերությունների, այլ ոչ համարակալված մասերի՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «1.1-ին մասով» բառերը փոխարինել «երրորդ պարբերությամբ» բառերով, իսկ լրացվող դրույթի 1.1 համարակալումը հանել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

4.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 124.2-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում նշված «վրա» բառից հետո լրացնել «տեղեկությունների» բառը, ինչի արդյունքում՝ Օրենսգրքի 124.2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում տրանսպորտայն միջոցի վրա ոչ միայն գովազդի, այլեւ տեղեկությունների տրամադրման կարգը խախտելու համար:

Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված է գովազդի հասկացությունը, ըստ որի՝ գովազդ է հանդիսանում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (...) մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի (...) նկատմամբ: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ գովազդն իրենից ներկայացնում է տեղեկությունների տարածում եւ Նախագծով լրացվող տրանսպորտային միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկություններն արդեն իսկ գովազդ են, ուստի Օրենսգրքի գործող կարգավորմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգի խախտումն արդեն իսկ ներառում է նշված տեղեկությունների տեղադրման կարգի խախտումը: Հակառակ պարագայում Նախագծով լրացվող տրանսպորտային միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները գովազդից տարբերվող այլ տեղեկություն համարելու դեպքում Նախագծով նախատեսված կարգավորումը դուրս կգա Օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Տրանսպորտի մասին» օրենքի, «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

19.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

19.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ. «Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ շահագործվող տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների վրա թույլատրվում է տեղադրել միայն այդ միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանմամբ, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով կամ օրենքով:», ինչպես նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն նշված սահմանափակումները խախտելու համար: 

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված` «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվող լրացումը, ըստ էության, անհարկի սահմանափակումներ է նախատեսում բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը կարող է բավականին վնասներ հասցնել նրանց տնտեսական գործունեությանը եւ վատթարացնել նրանց ֆինանսական վիճակը` կապված գովազդի համար եկամուտներից զրկվելու, սահմանի վրա տրանսպորտային միջոցը չնախատեսված կայանելու, բեռների (հատկապես` արագ փչացող) վնասման եւ այլ հանգամանքների հետ: 

Խնդիրը կայանում է նրանում, որ բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումը միանգամայն նորմալ եւ ընդունված բիզնես-պրակտիկա է ամբողջ աշխարհում, ուստի դրա անհիմն սահմանափակումները միայն կվնասեն այդ տնտեսվարողների գործունեությանը: Նախագծի հիմնավորման մեջ, որպես առաջարկվող սահմանփակման փաստարկ, բերվում է այն գաղափարը, որ. «…սահմանը հատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններն որեւէ հսկողություն չեն իրականացնում: Օրենսդրությամբ այդ գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը: Սահմանը հատելուց տրանսպորտային միջոցի վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններին հսկողություն իրականացնելու գործառույթ վերապահելով` մենք կբացառենք, որ օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցը մուտք գործի Հայաստանի Հանրապետության տարածք,…»: Այս առումով հարկ է նկատել, որ գովազդի սահմանափակումների նկատմամբ վերահսկողության լիազորություններն իրականացնում են լիազորված բոլոր մարմինները` իրենց բնագավառներում սահմանված սահմանափակումների մասով, ուստի որեւէ բնագավառում նման լիազորություն սահմանված չլինելն ամենեւին էլ հիմք չէ որեւէ սահմանափակում սահմանելու համար:

բ) Նախագծով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, հակասում է «Գովազդի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ «Տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:», քանի որ մի կողմից օրենքն առանց բացառության այս իրավունքը վերապահել է տրանսպորտային միջոցների սեփականատերերին (հետեւաբար` գոնե ֆորմալ հակասություն թույլ չտալու համար անհրաժեշտ էր Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի վերջում ավելացնել «, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ» նախադասությունը), իսկ մյուս կողմից` հենց Նախագծով առաջարկվող լրացման տեքստում շեշտվում է, որ ՀՀ մուտք գործող եւ շահագործվող տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների վրա թույլատրվում է տեղադրել միայն այդ միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանմամբ, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները. «եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով կամ օրենքով:», իսկ Օրենքով, ինչպես արդեն նշեցինք, նախատեսված է, որ տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ:

գ) Նախագծի հիմնավորման մեջ, ինչպես արդեն նշեցինք, որպես առաջարկվող լրացման հիմնավորում նշվում է, որ. «…սահմանը հատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններն որեւէ հսկողություն չեն իրականացնում:», ուստի Նախագծի հեղինակների կողմից անհրաժեշտ է համարվում օրենքով մաքսային մարմիններին տալ նման լիազորություն այն դեպքում, երբ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ:»: Այսինքն՝ տվյալ բնագավառում ՀՀ կառավարությունն արդեն իսկ լիազորված է անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու առումով, ուստի Նախագծով առաջարկվող սահմանափակումները, կարծում ենք, հակասում է նաեւ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

06.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել տեղեկատվության եւ գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաեւ օրենսդրությամբ բացառել այն տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետության սահման, որոնց վրա տեղադրված տեղեկատվությունն ու գովազդը կհակասեն օրենքին:

2.   Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկում ենք քննարկել Նախագծով ներկայացվող լրացման համատեղելիությունը «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)12-րդ հոդվածի հետ: Համաձայն վերջինիս՝ «Տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ: Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ:»: 

Ըստ էության, տվյալ հոդվածը վերաբերում է «ներքին» գովազդին՝ տրանսպորտային միջոցների սրահում կամ թափքում տեղադրված: Այնինչ, ներկայացվող լրացումը ենթադրում է արտաքին՝ «...տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների վրա...» տեղադրվող գովազդին:

Տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի տեսքտից հանել «երկաթուղային տրանսպորտի» եւ «միայն այդ միջոցի» բառերը: 

Ըստ էության, Նախագծով առաջարկվող լրացումը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա տրանսպորտային փոխադրամիջոցներին: Տվյալ դեպքում, հարկ ենք համարում ամրագրել, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդիչների վրա տնտեսական գործունեության անվանումը, հասցեն եւ կոնտակտային տվյալները, որպես կանոն, տեղադրված են (օրինակ՝ «MAERSK», «DHL», «VAG IMPOTR», «RUSTRANSAVTO»): 

Արժե հիշատակել նաեւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տրանսպորտային բեռնափոխադրումներ իրականացնող հայկական ընկերությունների տրանսպորտի եւ կցորդիչների վրա տեղադրված են դրանց տարբերանշանը, գործունեության եւ կոնտակտային տվյալները (օրինակ՝ «ARTFOOD», «SPAYKA», «GARANT», «LEGARA» եւ այլն ընկերություններին պատկանող):

Ըստ Նախագծի հիմնավորման՝ «Ներկայումս սահմանը հատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններն որեւէ հսկողություն չեն իրականացնում: Օրենսդրությամբ այդ գործառույը վերապահված է Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը: Սահմանը հատելուց տրանսպորտային միջոցի վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններին հսկողություն իրականացնելու գործառույթ վերապահելով` մենք կբացառենք, որ օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցը մուտք գործի Հայաստանի Հանրապետության տարածք, ավելի նպատակային դարձնելով իրականացվող վարչարարությունը:»:

Հիմնավորման մեջբերումից պարզ է դառնում, որ հեղինակներն առաջարկում են «օրենսդրությամբ» ՀՀ ոստիկանությանը վերապահված հսկողություն իրականացնելու գործառույթը փոխանցել մաքսային մարմիններին, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայությունը հսկողություն իրականացնելու որեւէ գործառույթ փաստացի չունի:

  Ստացվում է, որ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող օտարերկրյա ընկերությունների տրանսպորտային միջոցների եւ կցորդիչների վրա տեղադրված «սխալ» գովազդի եւ տեղեկատվության կամ դրանց բացակայության դեպքում, վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կարգելվի՝ դրանով իսկ «ավելի նպատակային դարձնելով իրականացվող վարչարարությունը»:

Առաջարկվող մոտեցումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական, եւ դրանով իսկ՝ սոցիալական իրավիճակի վրա:

Նախագծի ընդունման դեպքում, կարծում ենք, անհրաժեշտ է վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը: Առաջարկում ենք օրենքն ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.05.2021