ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-963-05.05.2021-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9631 -05.05.2021-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9632 -05.05.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

18.05.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.   «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում (այսուհետ նաեւ` Օրենք) լրացվում է նոր` 8.1-ին հոդված.

«Հոդված 8.1 Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը

Լիցենզավորող մարմնին թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել հանձնաժողով: Խորհրդատվական եզրակացություն տալու դեպքերը եւ կարգը նախատեսվում են հանձնաժողովի աշխատակարգով եւ լիցենզավորման կարգով:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 8.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձանաժողով ստեղծելու հնարավորություն: Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում՝ Օրենքով չեն նախատեսվում խորհրդատվական հանձնաժողովի լիազորությունները, դրանցից բխող իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ խորհրդատվական եզրակացությանը ներկայացվող պահանջները եւ դրա նշանակությունը լիցենզավորման գործընթացում:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 8.1-ին հոդվածը` դրանում ներառելով խորհրդատվական հանձնաժողովին վերաբերող` օրենսդրական մակարդակում նախատեսման ենթակա նվազագույն կարգավորումները:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 17-րդ հոդվածի տեքստում «հավաստագիր» բառն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինվում է «թույլտվություն» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով: Հարկ է նկատել, որ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունում առկա է հետեւյալ ձեւակերպումը` «Արտահանման թույլտվության դիմումին պետք է կցված լինի ներմուծող երկրի կամ տարածքի վարչակազմի կողմից տրված ներմուծման հավաստագիր (վկայական, թույլտվություն):»:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին գլխի 45.3-րդ հոդվածը վերնագրված է «Արտադրական կանեփի արտադրությունը» եւ նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձեւերն են արտադրական կանեփի մշակումը եւ արտադրությունը:
 

3. Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:

4.Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ եւ վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով:

5.Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի»:

Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության հասկացությունը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առեւտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Հարկ է նկատել, որ Օրենքի տարբեր հոդվածներում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրություն եւ մշակում եզրույթները կիրառվում են կոնկրետ իմաստներով եւ ունեն իրենց վերաբերելի առանձին կարգավորումներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Միաժամանակ` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք խմբագրել Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 5.1-ին գլխի 45.3-րդ հոդվածը` ապահովելով դրանում կիրառվող եզրույթների որոշակիությունը եւ համապատասխանությունը Օրենքին, ինչպես նաեւ համպատասխանեցնել քննարկվող հոդվածի վերնագիրը  դրա բովանդակությանը:

4. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 

5. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժնում լրացվում են 7.3-րդ եւ 7.4-րդ կետեր, սակայն լրացվող տեքստում կետերը համարկալված են «7.1» եւ «7.2»: Առաջարկում ենք խմբագրել առկա վրիպակը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ժամանակի սղությունը, Նախագծերի փաթեթն ամբողջական փորձաքննության չի ենթարկել, ուստի Նախագծերի փաթեթը լրացուցիչ քննարկման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները եւ պարտադիր պահանջները: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

- սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում,

- հստակեցնել, թե ի՞նչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը,

- նախատեսել այս գործունեության լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաեւ սահմանել որոշ այլ չափանիշներ` կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում,

- սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ եւ լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումներ:

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

ա) Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 6-րդ հոդվածով առաջարկվող նոր` 45.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է սահմանել, որ. «Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:», այն դեպքում, երբ արտադրական կանեփի արտադրությունը ոչ միայն հատուկ պայմաններ չի պահանջում, այլեւ գրեթե ջրելու կարիք չի ունենում (որպես կանոն` բնական տեղումները միանգամայն բավարար են լինում այս մշակաբույսի աճեցման համար): Բացի այդ, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, «Գյուղատնտեսական շրջանառությունից դուրս եկած հողերի, մասնավորապես` հողերի բերրիության նվազման, որակական ցուցանիշների կորստի, ծանր մետաղներով, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության դեպքում արտադրական կանեփի մշակությունը արդյունավետ է հողի որակի բարելավման նպատակով»: Այս առումով, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքները, որ ցածր ծախսատարության եւ բարձր շահութաբերության շնորհիվ արտադրական կանեփի արտադրությունը կարող է ամբողջությամբ դուրս մղել ջերմոցներում, տնկարաններում եւ սածիլանոցներում գյուղատնտեսական մյուս մշակաբույսերի եւ արտադրատեսակների արտադրությունները, ինչպես նաեւ գործնականում չի կարող ապահովել արդյունաբերական ծավալներով արտադրական կանեփի արտադրությունը, ապա Նախագծով առաջարկվող տվյալ մոտեցումն առնվազն հիմնավորված չէ: Այս կապակցությամբ առաջարկում ենք արմատապես վերանայել նշված մոտեցումը եւ արտադրական կանեփի արտադրությունը թույլատրել միայն չմշակվող, ոչ գյուղատնտեսական նշանակության եւ անջրդի հողերում, որոնց ներկայացվող պահանջների սահմանումն էլ առաջարկում ենք վերապահել ՀՀ կառավարությանը:

բ) Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող նոր` 45.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է սահմանել, որ. «Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչեւ տասը տարի ժամկետով:», ինչը նույնպես կարծում ենք որեւէ հիմնավորվածություն չունի, քանի որ տասը տարին շատ քիչ ժամանակ է լուրջ բիզնես (առավել եւս` որպես բիզնեսի նոր տեսակ) հիմնադրելու համար, եւ բավականին ներդրումներ կատարելուց եւ այդ բիզնեսը հիմնադրելուց հետո տնտեսվարողը կարող է նաեւ համապատասխան լիցենզիա չստանալ: Բացի այդ, մի կողմից անհասկանալի եւ խիստ մեկնաբանելի է «մինչեւ տասը տարի ժամկետով» արտահայտությունը (որը սկզբունքորեն ընդգկում է մի քանի ժամից մինչեւ տասը տարի ժամկետ) եւ պարզ չէ, թե ո՞ր պարագայում եւ ի՞նչ պայմաններում մի սուբյեկտի լիցենզիան պետք է տրվի, օրինակ, տասը տարի ժամկետով, իսկ մեկ այլ սուբյեկտի, օրինակ, երկու տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ մոտեցումը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացնում, այլեւ կոռուպցիոն մի շարք ռիսկեր է պարունակում` կապված այդ դրույթների անորոշության, տարակերպ մեկնաբանության եւ լիազոր մարմնի հայեցողական իրավունքների լայն շրջանակի հետ:

գ)  Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող նոր` 45.7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով նախատեսվում է սահմանել, որ. 

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:»:

Ներկայացված իրավակարգավորումներն, ըստ էության, առաջին քայլերն են ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրության կենտրոնացման ճանապարհին, ինչը նույնպես որեւէ կերպ հիմնավորված չէ: Արտադրական կանեփի արտադրության բնագավառում մենաշնորհի կամ նույնիսկ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ի հայտ գալը որեւէ դրական արդյունք չի կարող ապահովել եւ բացասական ազդեցություն կթողնի արտադրության տվյալ ճյուղի զարգացման եւ արտադրանքի որակի վրա: Այս կապակցությամբ առաջարկում ենք հրաժարվել արտադրական կանեփի արտադրության քվոտավորման մեխանիզմից, կամ առավելագույնը` այն նախատեսել բացառապես արտադրական կանեփի ներմուծման համար` որպես ոչ տարիֆային միջոց կիրառելու եւ դրա միջոցով տեղական արտադրությունը պաշտպանելու եւ խրախուսելու նպատակով:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

10.05.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով թույլատրել Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները եւ պարտադիր պահանջները: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

- սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում,

- հստակեցնել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը,

- նախատեսել լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաեւ սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում,

- սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ եւ   լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ:

2. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2.1 Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով՝ սույն օրենքվ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:»: 

Նախագծի ամբողջ տեքստում, որպես այդպիսին, դիտարկվում է բացառապես արտադրական կանեփը: Ելնելով նշվածից, կարծում ենք, առավել նպատակահարմար կլիներ, եթե թմրամիջոցներից եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից միայն արտադրական կանեփի շրջանառությունը թույլատրվեր գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով: Հակառակ դեպքում՝ նշված նպատակներով շրջանառվող թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանակը կլինի բավականաչափ լայն՝ բարդացնելով տվյալ գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Մեր կողմից կատարված առաջարկության ընդունման պարագայում ավելորդ կդառնա Նախագծի գլուխ 5.1-ի 45.1 հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ «Արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը չեն համարվում դեղերի արտադրություն կամ շրջանառություն եւ չեն կարգավորվում «Դեղերի մասին» օրենքով:»:

2.2 Նախագծի 6-րդ հոդվածով՝ առաջարկվող նոր՝ գլուխ 5.1-ի 45.3 հոդվածի 3-րդ մասով ներկայացվող պահանջը՝ «Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:», կարծում ենք, առավել հստակեցման կարիք ունի: Արտադրական կանեփի մշակության համար ներկայացվող պահանջը, «միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում,», կարծում ենք, հիմնավորված չէ: Պրակտիկայում արտադրական կանեփի արտադրության համար, որպես կանոն, հատուկ պայմաններ չեն պահանջվում՝ ընդհուպ մինչեւ պարբերաբար ջրել: Ավելին, նմանատիպ գործունեության համար նախընտրելի են համարվում չմշակվող, ոչ գյուղատնտեսական նշանակության եւ չոռոգվող հողերը, ինչը, մեր կարծիքով, սոցիալական առավել դրական էֆեկտ կգեներացներ:

2.3 Կարծում ենք՝ խնդրահարույց է Նախագծի գլուխ 5.1-ի 45.6 հոդվածի 6-րդ մասի բովանդակությունը: Մասնավորապես, «6. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք, որոնց  մասնակիցները, կամ  փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ  ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից).»: Տարընթերցումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել «...կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք» բառակապակցությունը:

Ներկայացված Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործունեության նոր տեսակով՝ արտադրական կանեփի արտադրությամբ զբաղվելու իրավական հիմքեր ստեղծել, ինչը  միանշանակ սոցիալական առումով, դրական ներգործություն կունենա զբաղվածության ոլորտում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.05.2021