ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-970-11.05.2021-ՊԻ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9701 -11.05.2021-ՊԻ-011/0), «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9702 -11.05.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

25.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում եւ 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) կրճատ եւ լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ կետի համաձայն՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքն իրականացվում է Կառավարության համաձայնությամբ, որը տրամադրվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ.»: 

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ կետը պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի համար որպես հիմնական պայման նախատեսում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությանը սահմանակից լինելու հանգամանքը, իսկ որպես լրացուցիչ պայմաններ նախատեսվում են հետեւյալ հանգամանքները՝ 

1)   անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար,

2)   պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: 

Մինչդեռ, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 2-րդ հոդվածը, այն է՝ «Սույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր եւ այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն): (...)», նշենք, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը համարվում են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարման ենթակա սեփականության օբյեկտ: 

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ «Հանրության գերակա շահի որոշման սկզբունքներն են՝

(...)

բ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.

(...)»: 

Քննարկվող կարգավորման օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի օտարման անհրաժեշտության լրացուցիչ պայմանը նույնական է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետում սահմանված հանրության գերակա շահի որոշման սկզբունքի հետ, որը համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի ուղղակի վաճառքի ձեւով օտարումը թույլ է տալիս իրականացնել հանրության գերակա շահերի ապահովման նպատակի կատարման հիմքով: 

Բացի այդ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Սահմանադրության 182-րդ հոդվածում  նախատեսված է՝ «1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր եւ կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաեւ պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։

(...)

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով»:

Սահմանադրության 184-րդ հոդվածում սահմանված է՝ «1. Համայնքն ունի հողի, ինչպես նաեւ այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։

2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը»:

Սահմանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:

(...) »:

Օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`

1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ Նախագծի քննարկվող փոփոխությունը նախատեսում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի պետական միջամտությամբ օտարման հիմք՝ առանց համայնքին սեփականության իրավունքով պատկանող կոնկրետ օբյեկտի օտարումը հանրության գերակա շահ ճանաչելու: Այսինքն՝ քննարկվող լրացմամբ նախատեսվում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման նոր մեխանիզմ, որը շրջանցում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մեխանիզմը:

Բացի այդ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքերում նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմներ, մասնավորապես՝ դատական կարգով հանրության գերակա շահի առկայության փաստի վիճարկումը: Սակայն, հարկ է նկատել, որ Նախագծի քննարկվող փոփոխությամբ չեն նախատեսվում  հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությանը սահմանակից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի օտարման անհրաժեշտությունը վիճարկելու մեխանիզմները:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի եւ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

4.  Նախագծի 2-րդ հոդվածի մեկ մասի համարակալումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական  ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի եւ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալմանը:

5.  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքների անվանումների մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

6.  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 4-րդ կետի համաձայն՝ «սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը»:

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված են պետական գույքի օտարման հիմնական նպատակները: Մասնավորապես՝ «Պետական գույքի օտարման հիմնական նպատակներն են՝

1) պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) պետական գույքն ակտիվ տնտեսական շրջանառության մեջ դնելը.

3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը»:

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացմամբ պետական գույքի օտարման հիմնական նպատակների շարքում լրացվում է պետական գույքի օտարման նոր նպատակ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ քննարկվող լրացման «գույքի առավել արդյունավետ օգտագործման» նպատակը ներառվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Հետեւաբար՝ կարծում ենք՝ «գույքի առավել արդյունավետ օգտագործման» նպատակի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»:

7.   «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ եւ 60-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

25.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

25.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթի նպատակը պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ նախատեսված դեպքի օրենսդրական ձեւակերպման որոշակիացումն է: Մասնավորապես, ի տարբերություն Հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կարգավորման (որտեղ ընդամենը նշվում է, որ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է հանրության գերակա շահ ճանաչված տարածքում գտնվող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, իսկ այդ դեպքում հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանում է ՀՀ կառավարությունը), այս կետի առաջարկվող նոր խմբագրությամբ հստակեցվում է, որ այդպիսի վաճառքը կատարվում է`

- եթե պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը,

- իսկ Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված, ինչպես նաեւ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման եւ սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի համար ուղղակի վաճառքի ձեւով օտարվող հողամասի գինը սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ պահին դրա գործող կադաստրային արժեքը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

13.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հողային օրենսգրքում», «Պետական գույքի կառավարման մասին» եւ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքներում: Մասնավորապես, Հողային օրենսգրքում առաջարկվում է 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը եւ 2-րդ մասի 1-ին պարբերությունը վերաշարադրել նոր խմբագրությամբ:

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի նախատեսված դեպքերը սահմանող օրենսդրական ձեւակերպումների որոշակիացման անհրաժեշտությամբ: 

Ներկայումս ուղղակի վաճառքի ձեւով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը հնարավոր է, եթե դրանք գտնվում են հանրության գերակա շահ ճանաչված տարածքում:

Ըստ հեղինակի՝ «տարածքում գտնվող» արտահայտության փոխարինումը «սահմանակից» բառով կորոշակիացնի իրավական նորմով նախատեսվող կարգավորումը: Ըստ այդմ, համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի համար, բացի հանրության գերական շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությանը սահմանակից լինելուց, նախատեսվել են նաեւ լրացուցիչ այլ պայմաններ: Ընդ որում, Նախագծերի փաթեթով պահանջվում է դրանցից առնվազն մեկի միաժամանակյա առկայություն՝ սահմանակից լինելու պայմանի հետ:  Ըստ Նախագծի՝ նման կարգավորումն առավել արդյունավետ եւ հիմնավորված կդարձնի պետական եւ համայնքային հողամասերի տնօրինումը:

2.  «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Տարընթերցումներից խուսափելու եւ Նախագծին կից հիմնավորման մեջ բերված դիտարկումներին ավելի համահունչ դարձնելու նպատակով, առաջարկում ենք վերախմբագրել եւ առավել հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի բովանդակությունը. 

«11) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չօտարելու դեպքում այն կորցնելու է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքն իրականացվում է Կառավարության համաձայնությամբ, որը տրամադրվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ.»:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն դրա ընդունման պարագայում նախատեսվող կարգավորումների գործնական կիրառումն ապահովելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված դիտողությունը եւ համապատասխան փոփոխություն կատարել:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.05.2021