ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-975-14.05.2021-ԱՀ-013/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

27.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք «թ.» եւ «թթ.» ձեւակերպումները համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

2.Նախագծում պարբերությունների համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով»:

3.Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ, մասնավորապես՝ «Արցախ», «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղ», «ԼՂ», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հայաստան»: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

26.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

26.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի հայտարարության սույն Նախագծով առաջարկվում է ՀՀ անունից հայտարարել, որ 

- 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման եւ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

- Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

- Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական, սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.05.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

24.05.2021թ.