Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-976-17.05.2021-ԱՍ-011/0) նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
02.06.2021թ.
Իրավական փորձաքնության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների», հիմք ընդունելով Օրենքի նշված դրույթը եւ այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում առկա է միայն մեկ մաս՝ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը թողնել առանց համարակալման: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր եզրույթ՝ «դոնորի եւ (կամ) փոխնակ մոր տվյալների բազա»՝ հղում կատարելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին, որով սահմանվում է «առողջապահության բնագավառի տվյալների բազաներ» եզրույթը: Նախագծի ձեւակերպումից հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին հղում կատարելը, երբ երկու եզրույթները ունեն տարբեր անուններ եւ առանձին նշված տվյալների շրջանակ: Առաջարկվում է վերաշարադրել Նախագծի 1-ին հոդվածը՝ համապատասխանեցնելով այն իրավական որոշակիության սկզբունքին: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 15-րդ կետից առաջարկվում է հանել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» բառերին հաջորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը» եւ այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի անվանման մեջ առկա չեն «Հայստանի Հանրապետության» բառերը: 4. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում են վերարտադրողականության հետեւյալ օժանդակ տեխնոլոգիաները. արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով եւ սաղմի ներպատվաստում, դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում, Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածում տարիքային ցենզ սահմանել այն կանանց համար, ովքեր ցանկանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվել, ինչը, Նախագծին կից ներկայացված հինավորման համաձայն, պայմանավորված է ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերով: «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածով նշված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շարքում առկա է նաեւ դոնորական սաղմի ներպատվաստումը փոխնակ մոր արգանդում, հետեւաբար՝ առաջարկվում է բացառություն սահմանել վերջինիս համար՝ կանանց համար տարիքային ցենզ չսահմանելով, հիմք ընդունելով՝ այն հանգամանքը, որ դոնորական սաղմի ներպատվաստումը փոխնակ մոր արգանդում ոչ մի վտանգ չի ներկայացնում 53 տարեկանից բարձր կնոջ առողջության համար, քանի որ հղիության ընթացքն ու ծննդարբերությունը իրականցվում է փոխնակ մոր միջոցով եւ դա չի անդրադառնում 53 տարեկանից բարձր կնոջ առողջության վրա: 5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները կատարվում են «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը: Առաջարկվում է շտկել նշված վրիպակը: 6. Նախագծի 8-րդ հոդվածը ունի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ վերնագիր: Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի», հետեւաբար առաջարկվում է հանել Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Պետք է ընդգծել նաեւ, որ հաշվի առնելով ժամանակի սղությունը, Նախագիծը ամբողջական փորձաքննության չի ենթարկվել:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 01.06.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 01.06.2021թ.
Ներկայացված Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է անպտղությամբ տառապող ընտանիքների կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հնարավորությունների ընդլայնում, արհեստական սերմնավորման ծառայությունների զարգացման հնարավորությունների մեծացում, այդ թվում` մարզային մակարդակում, դոնորների եւ փոխնակ մայրերի ռեգիստրի ստեղծում եւ նրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման վերահսկելիության բարձրացում, երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավում: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է` - ավելացնել կետ, որը թույլ է տալիս տարանջանտել ներարգանդային սերմնավորման (ՆԱՍ) եւ արտամարմնային բեղմնավորման ծառայությունների իրականացումը բժշկական օգնության եւ սպասարկման տարբեր տեսակների շրջանակներում, ինչն էլ թույլ կտա մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, - ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրել վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը՝ խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից, - հստակ կարգավորել դոնորի եւ (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի եւ (կամ) փոխնակ մոր նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը, - ձվաբջջի դոնորի կիրառմամբ կանանց տարիքը սահմանափակել մինչեւ 53 տարեկանը, ինչը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից՝ նկատի ունենալով, որ տարիքի հետ զուգահեռ բարձրանում է կնոջ առողջության եւ կյանքի համար վտանգ ներկայացնող թե մանկաբարձական, թե ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 27.05.2021թ.
Նախագիծը նպատակ ունի կարգավորելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնելու անպտուղ զույգերի կամ անձանց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ բավարարելու երեխա ունենալու նրանց պահանջմունքները, կանխարգելելու անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումը եւ բարելավելու ժողովրդագրական իրավիճակը: Գործող իրավակարգավորումներով մի շարք սահմանափակումներ են նախատեսված, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչն անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի մակարդակի վրա, մինչդեռ նորագույն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Ներկայացված Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել, ըստ որոնց՝ - ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում կթույլատրվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը՝ խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից, - կկարգավորվի դոնորի եւ (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի եւ (կամ) փոխնակ մոր նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը, - թափոնացումից բացի, սաղմերը կօգտագործվեն ավելի բարենպաստ նպատակներով, ինչպես նաեւ կկանոնակարգվի սաղմի կենսաբանական ծնողների/ծնողի կողմից սաղմի հետագա տնօրինելու համաձայնության գործընթացը, ինչով բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերն ըստ կենսաբանական ծնողների/ծնողի ցանկության` անհատույց տրամադրելու այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջը, ոչնչացնել կամ պահպանել` գրավոր համաձայնությամբ նախատեսված ժամկետով: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.05.2021թ.
|